Որպես առաջին քայլ առաջարկում եմ

Որպես առաջին քայլ առաջարկում եմ

Դեռ 2018-ին՝ հեղափոխությունից անմիջապես հետո, մի քանի անգամ գրեցի, առաջարկեցի մեր երիտասարդ իշխանավորներին՝ դուրս գալ Ֆեյսբուքից, դադարեցնել «լայվերը», կոչ անել ժողովրդին, իրենց կողմնակիցներին՝ դադարեցնել ֆեյսբուքյան կյանքն ու վերադառնալ իրական կյանք, աշխատել, արարել, երկիրը զարգացնել։ Բայց մեր իշխանությունները Ֆեյսբուքը շատ են սիրում, իրենց որոշումների մասին էլ շատ մեծ կարծիքի են եւ, որպես կանոն, չեն լսում կողքից հնչող խորհուրդները։ Նրանց թվում էր, թե կկարողանան կառավարել կամաց-կամաց աղբանոցի վերածվող այդ անվերահսկելի տարածքը, որը հաղորդակցության միջոցից եւ աշխատանքային գործիքից զենքի է վերածվել եւ սկսել է անգամ սպառնալ մեր պետության անվտանգությանը։ Եվ սկսել է ինքը կառավարել իշխանություններին, մեր հասարակությանը, տնօրինել մեր ճակատագիրը։ Այս մի քանի տարում ֆեյքերից ու տարբեր «քոմենթչիներից» կազմված այդ մոնստրը խժռում է ամեն ինչ՝ միտք, բարոյականություն, ազատ խոսք, այլակարծություն, համարձակություն, առողջ բանավեճ։ Եվ դանդաղորեն դառնում է մի մեծ գերեզմանոց՝ մեր հույսերի, առաջընթացի, դեմոկրատիայի, ողջամտության հաղթանակի։ Հիմա պետք է մտածել այդ մոնստրին ոչնչացնելու, այդ գերեզմանոցը կոնսերվացնելու մասին։ Կարծում եմ՝ բոլոր մտածող մարդիկ սկսել են հասկանալ այս խնդիրը, եւ արդեն առաջարկներ են հնչում՝ Ֆեյսբուքը փակելու։ Որպես առաջին քայլ՝ առաջարկում եմ բոլոր օգտատերերին՝ ուղղակի ջնջել, հեռացնել ատելություն եւ հայհոյանք տարածող ընկերներին։ Առանց աչք թարթելու անֆոլոու արեք։