Թոզ փչոցի

Թոզ փչոցի

Ինչո՞ւ մեզանում հարուցվող ոչ մի քրեական գործ, դատաքննություն հավատ չի ներշնչում, եւ մարդիկ ավելի հակված են հավատալ մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին, քան քննիչներին ու դատախազներին: Եվ ինչո՞ւ հասարակությունը չի հավատում իշխանությունների` կոռուպցիայի դեմ պայքարի մտադրության ազնվությանը: Անգամ սկսել է մտածել, որ «սրանք էլ են նախկինների նման թալանում»: Դրա պատճառները, իհարկե, բազմաթիվ են՝ սկսած նրանից, որ մարդիկ սեփական փորձառություն են ունեցել` առնչվել քննիչ-դատախազ-դատավոր համակարգին, եւ շատ հազվադեպ են դրանից լավ հիշողություններ մնացել:

Բայց կարեւոր է նաեւ այն, որ Հայաստանը փոքր երկիր է, եւ բոլորի անցուդարձը, վարքուբարքը, ստացածն ու ծախսածը մարդկանց աչքի առաջ են, եւ նրանք տեսնում են, թե ինչպես իրենց քաղաքում անհայտ ու սոված մի ՔՊ-ական սկսեց ռեստորաններում ժամանակ անցկացնել, թանկ հագուստ եւ մեքենաներ վարել, արտասահմաններում ֆռֆռալ: Գուցե այդ մարդկանց օրինական վաստակն ու ծախսերն այնքան էլ դիսոնանսի մեջ չեն, բայց աղքատ հասարակության մեջ դա միշտ աչք է ծակում: Տեսնում են նաեւ, որ տարիներ շարունակ նախկինների թալանից ու պատժից խոսող իշխանությունը ոչ մի թալանչու չի պատժում, ունեցվածքը չի խլում: Իսկ եթե անգամ խլում է, ապա դա ոչ թե արդարաբար բաժանում է հասարակությանը, այլ՝ «մեջ-մեջ» անում:

Ավելի գրագետ մասը լսում է մեղադրյալների փաստաբաններին եւ հասկանում, որ մեղադրանքները խախուտ են, կասկածելի, անհիմն, ծիծաղելի` այնքան, որ դատարաններն էլ ինչ-որ պահի համաձայնում են փաստաբանների հետ` արդարացնում են կամ ազատ արձակում այդ «թալանչիներին»: Եվ մարդիկ ակամայից գալիս են այն եզրակացության, որ քրեական գործերի այս շարաններն ընդամենը փիառի, մարդկանց աչքին թոզ փչելու համար է: