Վարչապետի ներողության սպասումով
Հունիսի 25-ին, 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, Ազգային ժողովում ելույթ ունեցավ նաեւ ՀՀ վարչապետը։ Ինչպես եւ ակնկալվում էր, դա առարկայական ելույթ չէր՝ գլխավորապես չէր վերաբերում բուն հարցին եւ հերթական հնարավորությունն էր վարչապետի համար՝ անդրադառնալու իր քաղաքական հակառակորդներին՝ նրանց ահաբեկելու եւ անվանարկելու նպատակով։ Վարչապետն այդ օրը հանրության առաջ շռայլորեն բացեց իր սպառնալիքների անձնական «բյուջեն»՝ հերթական անգամ ապացուցելով, որ այդ բյուջեի «կատարողականը», ի տարբերություն պետական բյուջեի, ոչ միայն հարյուր տոկոսով է, ոչ միայն մի քանի անգամ ավելի է, այլեւ միտում ունի ընդունելու սպառնալից չափեր ու ընդգրկումներ։
Իր ելույթում անդրադառնալով պատգամավորներից Է․ Մարուքյանի՝ մամուլի նկատմամբ սկսված ճնշումների մասին նախորդիվ արված հարցադրմանը, մասնավորապես «Հրապարակ» օրաթերթի լրագրող, հրապարակագիր Էդիկ Անդրեասյանի «գործով», վարչապետը նախ հիվանդագին զուգորդումներով (ակնհայտորեն՝ Է․ Անդրեասյանի՝ ՀՅԴ անդամ լինելով պայմանավորված) հասավ մինչեւ 1999 թվականը, մասնավորապես հիշեց «Երկիր» օրաթերթի հոկտեմբերի 27-ի համարում հրապարակված մի լուսանկար, որում, վարչապետի պնդմամբ, պատկերված է եղել Հանրապետության հրապարակի «կենտրոնում» ընկած մի․․․ «մարդկային դիակ»։ Ի դեպ, վարչապետի ելույթում այդ օրը քանիցս հնչած «դիակ» բառը, որ վերաբերում էր նաեւ օրվա «քաղաքական դիակներին», հիվանդագին կերպով հայտնվում էր նրա բառապաշարում՝ ամենեւին ոչ նրա «թավշյա» մտադրությունների մասին վկայելով, ինչպես նաեւ հանրության մոտ ձեւավորելով ամենեւին էլ ոչ «ոչ բռնի, ժողովրդական» ակնկալիքներ։
Բայց, ինչպես պիտի պարզվեր րոպեներ անց, «Երկիր» թերթում տպագրված լուսանկարը պատկերում էր ոչ այլ ինչ, քան գետնին ընկած․․․ դատարկ թիկնոց՝ «Դեռ երեկ մի ուրվական էր շրջում Երեւանում․ ազնիվ հարկատուի ուրվականը» մակագրությամբ։ Այդ շրջանում, ինչպես հետո հավաստեցին նախկին աշխատակիցները, «Երկիր» թերթի վերջին էջում «Օրվա զավեշտ» խորագիր է եղել, որի ներքո էլ տպագրվել է վարչապետի հիշած լուսանկարը։
Ակնհայտ է, որ վարչապետի հիշողությունը 20 տարվա վաղեմության բաները հստակ մտաբերելու առումով ոչ միայն հիվանդագին էր, այլ նաեւ նսեմացուցիչ այն օրաթերթի համար, որը լույս էր տեսնում այդ տարիներին, լույս էր տեսնում դրանից տարիներ առաջ էլ, երբ վարչապետն ընդամենը պատանյակ էր, երբ աշխարհում ո՛չ «Լրագիր», ո՛չ «Մոլորակ», ո՛չ «Հայկական ժամանակ» կար, եւ լույս էր տեսնելու նաեւ հետագա տարիներին։
Ավելին՝ վարչապետի խոսքում անուղղակի ակնարկումներ կային 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգության եւ «մարդկային դիակ» պատկերող այդ լուսանկարի՝ հենց այդ օրը թերթում հայտնվելու «առեղծված»-ի վերաբերյալ։ Մի ուշագրավ մանրամասն էլ․ վարչապետը հիշում է, որ «մարդկային դիակն» ընկած էր հրապարակի «կենտրոնում», մինչդեռ լուսանկարից հստակ երեւում է, որ դա կեղծիք է՝ մեղմ ասած․․․
Եվ հիմա, սոսկ այն պատճառով, որ վարչապետը խտրական հիշողություն ունի իր համար անցանկալի քաղաքական որոշ ուժերի եւ լրատվամիջոցների մասին եւ անթաքույց հակակրական վերաբերմունք՝ նրանց հանդեպ, պիտի տուժի մի պատկառելի լրագիր, որն իր պատկառելի ավանդն ունի նորանկախ Հայաստանի ազատ լրագրության զարգացման, ինչպես նաեւ Արցախյան գոյամարտի ամենաակտիվ լուսաբանման ու լրագրային-պատմական արխիվավորման, այդու՝ հայոց պետականության կերտման ասպարեզում։
Կարճ մի ժամանակահատված (2011-2012 թթ․) տողերս գրողը եւս պատիվ է ունեցել աշխատակցել այդ թերթին եւ հիմա բարոյական իրավունք ունի պահանջելու վարչապետի հրապարակային ներողությունը՝ լրատվամիջոցի մասին պաշտոնական ամբիոնից ակնհայտ կեղծ լուր տարածելու եւ նրա հեղինակությունը նսեմացնելու համար։
Կարծիքներ