Ռեկտորի ԺՊ-ն՝ ընդդեմ կառավարության

Ռեկտորի ԺՊ-ն՝ ընդդեմ կառավարության

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ու նրա տեղակալ Գրիշա Փամրազյանն անհարմար իրավիճակում են հայտնվել։ Բազմիցս գրել ենք Տնտեսագիտական համալսարանում ստեղծված իրավիճակի մասին։ Բուհը մեկ տարուց ավելի է՝ ռեկտոր չունի, իսկ նախարարության նախընտրելի թեկնածուն Դիանա Գալոյանն է։ Տեւական ժամանակ հոգաբարձուների խորհուրդ էլ չկար, մի կերպ ձեւավորեցին, որն էլ ռեկտոր ընտրեց Գալոյանին։ Այսինքն՝ նախարարի ու փոխնախարարի ցանկությունները գրեթե կատարվել էին, սակայն պարզվեց, որ կառավարությունը չի հաստատում ընտրությունների արդյունքները։ Եվ եթե մինչ օրս պայքարում էր Գալոյանին ընդդիմադիր զանգվածը, հիմա սկսել են պայքարել Գալոյանի համակիրները՝ գործադուլ են կազմակերպում, տապալում են ուսումնական պրոցեսը՝ կառավարությունից պահանջելով, որ նշանակի Գալոյանին։ Մենք ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ինչու չեն նշանակում Դիանա Գալոյանին, չէ՞ որ իրենց նախընտրելի թեկնածուն դարձել է ռեկտոր, եւ ի՞նչ դիրքորոշում ունեն գործադուլների առնչությամբ։ «Նշանակումն ընթացքի մեջ է, ինչ վերաբերում է դասախոսներին, ապա նրանք ունեն աշխատանքային պայմանագրեր, եւ հարցերը կարգավորվում են այդ շրջանակում»,- պատասխանեցին նախարարությունից։ Նախկինում էլ Արայիկ Հարությունյանն ասել էր, թե խնդիր կա, դրա համար չեն նշանակում։

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հոգաբարձուների խորհուրդն ապօրինի է ձեւավորվել, հետեւաբար, նրանց ընտրությունն անօրինական է, իսկ կառավարությունում դա շատ լավ հասկանում են եւ եթե հաստատեն ընտրությունների արդյունքը, մեկ է՝ դատարանը դրանք չեղյալ է համարելու։ «Հուլիսի 17-ին տեղի են ունեցել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրություններ՝ օրենքի բազմաթիվ խախտումներով, որի հետեւանքով կառավարությունը չի հաստատում ընտրությունների արդյունքները։ Հիշում եք՝ այդ ընթացքում նախարարի կողմից ապօրինի հրամանով ԺՊ նշանակվեց այն մարդը, որն առավելագույնս հավատարիմ էր եւ համապատասխանում էր ռեկտորի իրենց ցանկալի թեկնածուին։ Այսինքն՝ նախարարն օրենքի կրկնակի խախտման գնով այնպիսի մարդու նշանակեց, որը հնարավորություն կունենար այսպիսի իրավիճակներում, վարչական լծակը կիրառելով, աշխատակիցների մի մասին հանել ցույցի։ Ինչո՞ւ եմ ասում՝ վարչական լծակի կիրառմամբ, որովհետեւ հենց այսօր բոլոր ամբիոններում, համալսարանական ղեկավարության երեկ կայացրած որոշմամբ, տեղի են ունեցել նիստեր, որոնցում քննարկվել է գործադուլ կազմակերպելու հարցը։ Դա իրենք գործադուլ են համարում, բայց իրականում դասախոսությունների տապալում է՝ ուսանողների՝ կրթություն ստանալու իրավունքի հաշվին։ Ես կարծում եմ, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը զբաղված է այսպիսի գործունեությամբ, որն անմիջապես ուղղված է կառավարության դեմ։

Նախարարը շատ հեշտությամբ իր իսկ տված վարչական լծակը կարող է հետ վերցնել եւ այս ապօրինությունները գործած անձանց դեմ նախաձեռնել քրեական գործի հարուցում, սակայն մինչեւ հիմա նա դա չի անում, հետեւաբար, հարցեր են առաջանում, թե ինչու է նախարարը շարունակում ուժի մեջ պահել իր անօրինական հրամանը, ըստ որի՝ համալսարանը փաստացի ղեկավարում է այն անձը, որը հենց այս պահին կառավարության դեմ ցույցեր է առաջնորդում։ Դասախոսների եւ վարչական աշխատողների մի մասն էլ ենթարկվել է վարչական լծակի ազդեցությանը, եւ դեմ չեն գնացել ու պահանջում են, որ կառավարությունը կայացնի անօրինական որոշում՝ հաստատելով անօրինական մրցույթի արդյունքները։ Այնտեղ կանգնած մարդկանց առնվազն կեսը դեմ է այդ գործընթացին, ավելին՝ իմ աջակիցներին ուղարկում են տարբեր տեղեկություններ, բայց ստիպված գնում են այդ գործադուլին, որ չկորցնեն աշխատանքը։ Խորհուրդը կազմված է 32 անդամից, եւ այդ 32-ից առնվազն 14-ն անօրինական են նշանակվել, հետեւաբար, ընտրության արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն կառավարության կողմից։ Անգամ եթե կառավարությունն ապօրինություն գործի եւ հաստատի արդյունքները, ինչը, կարծում եմ, չի լինի, հետագայում ընտրության արդյունքներն առոչինչ են ճանաչվելու դատարանի կողմից»,- ասաց Հայրապետյանը։ Նաեւ նշեց, որ, իրեն հասած տեղեկություններով, Գալոյանը երաշխիք է տվել, որ գործադուլի պարագայում այդ դասախոսները ստանալու են աշխատավարձ։

«Համալսարանի ապօրինի ղեկավարը հանրային միջոցների այսպիսի վատնում է անում փաստացի, որը պետք է համապատասխան արձագանք ստանա կոնկրետ մարմինների կողմից։ Ես կարող եմ իմ տեղեկությունները ձեզ հայտնել, որ երեկ ամբիոնի վարիչների հետ առցանց հանդիպում է տեղի ունեցել, որը վարել է Դիանա Գալոյանը․ ինձ այս մասին տեղեկացրել են հենց քննարկման մասնակիցները։ Այս դասաձախողումներն իրականացվում են համալսարանի ուսանողների կամքին հակառակ, ուսանողները դժգոհում են եւ այժմ արդեն հանրային հարթակներում գրում են, որ այդ դեպքում իրենք վարձը չեն վճարի, եւ այս գործընթացը համարում են մեծ խայտառակություն»,- ասաց համալսարանի ռեկտորի նախկին ԺՊ-ն։

Կապվեցինք նաեւ Դիանա Գալոյանի հետ եւ հարցրինք, թե ինչ դիրքորոշում ունի գործադուլների վերաբերյալ։ «Ցանկացած որոշում, որն ընդունելի է ՀՊՏՀ կոլեկտիվի համար, ինձ համար ընդունելի է»,- պատասխանեց նա։ Դո՞ւք եք ուղղորդում ցույցերը։ «Ես նույնիսկ չեմ մասնակցել դրանց»։ Իսկ ի՞նչ է կարծում՝ ինչո՞ւ կառավարությունն իրեն չի նշանակում։ «Կոլեկտիվի խնդիրը հենց այն է, որ որեւէ պատասխան չի տրվում այդ հարցին։ Գիտխորհուրդը մոտ մեկ ամիս առաջ նամակով դիմել է կառավարությանը, երեկ էլ շուրջ 500 ուսանողներ եւ կոլեկտիվի անդամներ այդ հարցադրումն այնտեղ կատարել են, իրենց ընդունել են, խոստացել են պատասխանել, սակայն չեն պատասխանել»։

Հարցրինք նաեւ՝ իր կարծիքով, ուսանողների իրավունքները չե՞ն ոտահարվում, երբ դասախոսները հրաժարվում են դասապրոցեսն իրականացնելուց։ «Տնտեսագիտական համալսարանի ողջ պրոֆեսորադասախոսական եւ վարչական կազմը քաջ գիտակցում է իր պատասխանատվությունը եւ պարտականությունն ուսանողների առջեւ։ Դա լավագույնս դրսեւորվեց կորոնավիրուսի շրջանում, երբ մենք հեռավար կրթական պրոցեսն էինք կազմակերպում։ Այդ դասերն անպայման կլրացվեն, սակայն պետք է նաեւ գիտակցել, որ հիմնադիրն ունի պատասխանատվություն բուհի հանդեպ, եւ երկար ժամանակ բուհն այս ճգնաժամային իրավիճակում պահել հնարավոր չէ, եւ կոլեկտիվն այս տարբերակում իրացնում է իր իրավունքը, իր շահերն է պաշտպանում»։
Փաստորեն ստացվում է, որ կառավարությունը չի համաձայնում Արայիկ Հարությունյանի եւ Գրիշա Թամրազյանի «վատ եփած ճաշն ուտել», Դիանա Գալոյանն էլ որոշել է իր համակիրներով ազդել կառավարության վրա։