«Փաստացի կա խոցելի ժողովուրդ, որը բռնի տեղահանվել է ու չունի ոչ մի բան՝ սովորական հագուստից մինչեւ սնունդ, կեցության վայր, եւ կան մարդիկ, որոնք ապահովված են, ունեն իրենց գլխին տանիք եւ մի հատ էլ հնարավորություն՝ մեկ այլ տանիք տալ վարձակալության»,- մեզ հետ զրույցում նշում է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ու ցավով արձանագրում՝ քանի դեռ վերահսկողություն չկա երկրում, եւ այդ բնակարանատերերը որեւէ կերպ հարկային դաշտում չեն վերահսկվում, ապա ինչ ուզում, այն էլ անում են։ Ավելին՝ բրոքերներն էլ իրենց հերթին են գումար աշխատում, որովհետեւ ամեն գործարքից 50 տոկոս են վերցնում։ «Տանտերերն էլ իրենց հերթին են չափն ու սահմանն անցնում, գիտեն՝ խոցելի վիճակ է, եւ պոկում են մաքսիմալ գումար»,- ասում է զրուցակիցս։
Սոցիալականից հետո 2-րդ ամենակարեւոր խնդիրը, ըստ Ս․ Հովսեփյանի, ատելությունն է արցախահայերի նկատմամբ, որը մեծամասամբ գեներացվում է ներկայիս իշխանության ու իշխանության պարագլխի կողմից։ «Այսինքն՝ բոլոր հնարավոր օղակները ներգրավված են սրանում, եւ ունենք մի հասարակություն, որն այնքան է բեւեռացված, որ չես հասկանում՝ ինչ վերաբերմունք ունի թե՛ արցախահայության եւ թե՛, առհասարակ, այստեղ եղած հայության հանդեպ։ Բնականաբար, այս ամեն ինչից բխում են խնդիրները, եւ որպեսզի օգնեն այդ մարդկանց, պետությունը շատ հարցեր հաշվի չի առել՝ սովորական կենցաղային իրերից մինչեւ կեցավայրը, որ տրվում է»,- ասում է Ս․ Հովսեփյանն ու նկատում, որ առաջարկված հյուրատներում հիմնականում նորմալ պայմաններ են, եւ մարդիկ կենցաղային խնդիրներ չունեն, ապահովված են նաեւ սննդով, բայց նույնը չես ասի գյուղական տների մասին։
«Այն մարդիկ, որոնք բնակեցված են հեռավոր գյուղերի տներում, որոնք 30-40 տարի լքված են եղել, ապա այդ տներում անգամ անասուն պահելն է վտանգված, որովհետեւ կարող է մի օր գայլը մտնի ու անասուններին տանի։ Տունն այնքան է քանդված՝ կռիսների ու մկների որջ դարձած, որ այդ տանն ուղղակի հնարավոր չէ ապրել, ու այդպես՝ տների 80 տոկոսի դեպքում։ Օրինակ՝ Տավուշի մարզի Թեղուտ գյուղում բնակեցված բավականին մեծ մի ընտանիք՝ առողջական խնդիրներով, արդեն 20 օր չլողացած վիճակում է, քանի որ տունը չունի ջուր, գազ, լույս, ու անընդհատ նրանց ասվում է՝ համբերեք, կլինի։ Իսկ անկողնային պարագաները՝ 40 տարի հողի, փոշու, ցեցի մեջ կորած։ Այս նույն վիճակը Տավուշի մյուս գյուղերում է, նաեւ՝ Գեղարքունիքի գյուղերում։ Ու երբ ասում են՝ արցախցիները չեն ուզում գյուղում ապրել, ու բոլորը ձգտում են քաղաք, նախ պետք է հաշվի առնել, որ հոգեբանական առումով ջարդված ժողովուրդն ապահովություն է փնտրում, որովհետեւ այսօր եթե Հայաստանն իր ամբողջ սահմանները կենտրոնացրել է Երեւանում, ապա իրենք շատ լավ հասկանում են, որ Հայաստանի սահմաններն էլ վտանգված են, եւ բնական է, որ 2020-ի պատերազմից ու 2023-ի ջարդից հետո իրենք պետք է ապահով միջավայր փնտրեն։ Ավելին ասեմ՝ այդ մարդիկ ավելի շատ հակված են գյուղերում ապրել, բայց՝ ապահով գյուղերում, որտեղ կարողանան ոտքի կանգնել»,- ասում է նախկին պատգամավորն ու նկատում, որ իշխանությունը հետեւողականություն չի ցուցաբերում՝ խնդիրներին լուծում տալու համար։
«Ավերակ դարձած տները, որոնք մարզպետարանները, մանր չինովնիկները կատարողականի համար ներկայացրել են որպես կացարան, իշխանությունը ոչ միայն հետեւողականություն չի ցուցաբերում, այլեւ մեր պետությունն իր ռեսուրսները չգիտի ու չի ճանաչում։ Ըստ այդմ, պետք է ոչ թե այդ մարդկանց տանեք ու ասեք՝ ապրի, հետո մենք կսարքենք, այլ սկզբում տանեք այդ մարդուն ինչ-որ մի տեղ ապահովեք, հետո նոր վերանորոգելուց հետո տանեք, որ այդտեղ ապրի։ Մարդը ո՞նց կարող է այդպես՝ առանց ջրի 10-20 օր ապրել, մինչեւ դուք որոշեք ջուր քաշել։ Անգամ կենցաղային փոքր դույլ չունեն, որ հարեւանի տնից ջուր տանեն, չունեն վառելիք, որ վառեն, ջուրը տաքացնեն ու լողանան։ Լույս չունեն, բնականաբար՝ նաեւ տաքացուցիչ։ Այսինքն՝ խնդիրներ, որ շղթայված՝ իրար հետ կապված են, եւ փոխանակ իրենք որոշակի կերպով բոլոր մարզերի կամ Երեւանի էժան հյուրատները զբաղեցնելով, միեւնույն ժամանակ խնդիր դնեին շատ արագ այդ կացարանները, տները վերականգնել, միանգամից այդ ընտանիքներին տարել են այդ տները, որտեղ այդ ամբողջ պատկերը բացվում է»։
Ստեղծված իրավիճակներում գյուղապետարանները, մարզպետարանները չե՞ն փորձում խնդիրներին լուծում տալ։ «Գալիս ասում են՝ ի՞նչ է եղել, իբր դուք որտեղից եք եկել, դիմացեք՝ կսարքենք։ Այսինքն՝ մանր չինովնիկներն էլ իրենց հերթին են նման վարք դրսեւորում, ամեն մեկն իր տեղում ոնց հնարավոր է՝ մուննաթ է գալիս, եւ արդյունքում ստացվում է, որ այդ մարդը մի հատ էլ բռնության է ենթարկվում այստեղ՝ մեր հայրենակիցների կողմից,-ասում է Ս․ Հովսեփյանն ու նկատում, որ ամեն ինչ անհատների ուսերի վրա է։- Ով կարողանում է, խնդրում է այսինչ կամ այնինչ բանը, ու մենք առավոտից իրիկուն փորձում ենք հասցնել սնունդ, հիգիենայի պարագաներ, մանկական կերեր, երեխայի համար՝ մահճակալ, մեծերի համար՝ մատրաս, բարձ, վերմակ»։
Ս․ Հովսեփյանը, ով ժամանակին Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի տնօրենն էր, հիմա չնայած ֆիզարձակուրդում է, բայց, ինչպես ինքն է նկատում՝ հիմնադրամն իր ողջ ծավալով գործում է․ «Փաստացի, այս ամենն անում եմ կամավոր սկզբունքով, որովհետեւ հիմա չեմ աշխատում եւ պարտավորություններ ունեմ բացառապես երեխայիս հանդեպ»։
Սոցիալական կարիքների գնահատումից բացի, առաջնային է նաեւ երեխաներին մասնագիտական, հոգեբանական աջակցություն ցուցաբերելը․ «Երեկ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ ՏՄԱԿ-ները՝ տարածքային մանկավարժական հոգեբանական կենտրոնները, աջակցություն կցուցաբերեն երեխաներին ու ընտանիքներին․ չէի ուզի, որ խոսքս կոշտ լիներ, որովհետեւ իմ կոլեգաներն են, բայց ծիծաղ է առաջացնում այդ հայտարարությունը, որովհետեւ եթե իրենք չեն հասցնում եղած մասնագետների ծավալով աջակցություն ցուցաբերել դպրոցում ներառված երեխաներին, ի՞նչ աջակցություն պետք է ցուցաբերեն արդեն հավելյալ ներառված երեխաներին ու նրանց ընտանիքներին։ Հետո՝ ամոթ է այդ մասին խոսելը, բայց այդ հոգեբանների 90 տոկոսն իրենց մասնագիտությամբ, որպես այդպիսին, խորհրդատու հոգեբաններ չեն եւ ընտանիքների հետ աշխատելու փորձ չունեն։ Ինչպե՞ս կարող եք նման հայտարարություն անել եւ ինչպե՞ս կարող եք այդ հոգեբանին դնել նման ծանր պատասխանատվության տակ, երբ այդ մարդն ի սկզբանե այդ ոլորտում չի աշխատել, չի մասնագիտացել, չի թրծվել։ Բայց գեղեցիկ հայտարարությունները մեր երկրին, մեր նախարարություններին ու նախարարներին բնորոշ են, եւ ոլորտ առ ոլորտ առկա են լուրջ խնդիրներ»։
Միակ բանը, ըստ նրա, որ պատշաճ կազմակերպվել է, հաշվառման փաստն է․ «Ի տարբերություն 2020-ի, երբ այն ժամանակվա սոցապնախարարը լկտի ձեւով հայտարարեց, թե ով է իրենց հրավիրում, որ Արցախից գալիս են, հիմա գոնե այս նախարարը կազմակերպեց, անմիջապես մուտքի դեպքում՝ գրանցում, հաշվառում, որպեսզի միգրացիոն հարցերը հենց ի սկզբանե տեսանելի լինեն պետության համար, եւ հասկանան, թե ինչ ծավալի խնդիրների հետ գործ ունեն»։