Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ընթացքում քաղաքացիներին բռնությունների ենթարկելու կադրերն այս մեկ ամսվա ընթացքում ողողել են համացանցը։ Ինտերնետ ռեսուրսներում, տարբեր տելեգրամ ալիքներում տեղադրված են քաղաքացիներին քաշքշող, ծեծող-ջարդող կարմիր բերետավորների դեմքերը, սակայն Քննչական կոմիտեն որևէ մեկին մեղադրանք չի ներկայացրել։ Սա այն դեպքում, երբ Քննչական կոմիտեում գործում է հատուկ վարչություն, որը զբաղվում է խոշտանգումներով և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու, կամ անցնելու հանցագործություններով։ Ինչպես նաեւ ոստիկանությունն ունի ներքին անվտանգության վարչություն, որը զբաղվում է ոստիկանների կողմից լիազորությունների անցման հարցերով:
ՔԿ համապատասխան վարչության պետ Յուրի Իվանյանը մեր գրավոր հարցին, թե քանի վարույթ կա հարուցված սահմանազատման դեմ ակցիաների մասնակիցներին բռնության ենթարկելու դեպքերով, որ դեպքերն են դրանք և կա՞ն արդյոք մեղադրյալներ, պատասխանել է․ «Սահմանազատման դեմ բողոքի ակցիաների հետ կապված պաշտոնատար անձանց կողմից առերևույթ խոշտանգման և բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են ընդհանուր թվով 26 քրեական վարույթներ, որոնցով իրականացվում է պատշաճ նախաքննություն։ Քրեական հետապնդման ենթարկվող անձինք դեռեւս չկան»։ Իսկ թե հատկապես որ դեպքերով են հարուցված քրեական վարույթները՝ Քննչական կոմիտեն, խուսափել է պատասխանել։