Կարեւոր է, որ կաթողիկոս-նախկին նախագահներ հանդիպումների ֆորմատը չի ընդհատվելու

Կարեւոր է, որ կաթողիկոս-նախկին նախագահներ հանդիպումների ֆորմատը չի ընդհատվելու

Մայր Աթոռի խոսնակ Տ․ Եսայի քահանա Արթենյանը «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է, որ «Այս պահին աշխատում են նախկին նախագահների երկրորդ հանդիպման ժամկետները համաձայնեցնելու շուրջ եւ չնայած տարաձայնություններին, Հայաստանի երեք նախկին նախագահները կողմ են արտահայտվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախաձեռնությունը շարունակելուն»։

Ի սկզբանե ֆիքսենք, որ սա ներկայիս մեր մռայլ իրականության մեջ թերեւս եզակի լուսավոր ու դրական կետերից է, ինչպես կարծես թե Հ1-ի հետ իր վերջին հարցազրույցում նկատել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ինչու։ Փորձենք բացատրել։

• Նախ, այն, որ Հայաստանի երեք նախագահները /Արցախի նախկին նախագահներին դեռ թողնենք մի կողմ/, իրենց ունեցած գաղափարական, աշխարհաքաղաքական եւ այլ տարաձայնություններով հանդերձ, կարողանում են հավաքվել նույն սենյակում եւ քննարկել երկրի իրավիճակը կամ գոնե ներկայացնել իրենց մոտեցումները, տեսլականը, արդեն իսկ շատ լավ է ու հուսադրող։ 

• Իհարկե չափազանցված ակնկալիքներ ունենալն էլ է սխալ, բայց եւ այն ֆորմատը, որը ձեւավորվում է, իրոք եւ սպասված է եւ շատ կարեւոր։

• Երկրորդ․ Այն, որ նման կարեւոր ու սպասված ֆորմատ ձեւավորվում է Առաքելական եկեղեցու հովանու ներքո՝ համայն հայության հոգեւոր կենտրոնում՝ Մայր Աթոռում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հովանու ներքո, եւս գովելի է, նույնսիկ՝ մի փոքր ավելի շռայլ գտնվենք՝ շատ գովելի։

• Հստակեցնենք, մենք խոսում ենք Ամենայն Հայոց կաթողիկոսի ինստիտուտի մասին։ Կարող ենք ունենալ թե դրական, թե չեզոք, թե բացասական կամ խիստ բացասական վերաբերմունք Գարեգին 2-րդի՝ ներկայիս գահակալով Վեհափառի հանդեպ։ Դա մեր իրավունքն է, ու խիստ սուբյեկտիվ է։ Սակայն հիմա այն ժամանակն է, որ պետք է ավելի շատ ուշադրության կենտրոնում պահենք ինստիտուտները, քան անձերը։

• Անձերին ուշադրության կենտրոնում պահելուն չափազանց շատ երկար ժամանակ ենք տրամադրել ու ինչ որ իմաստով նաեւ դրա պտուղներն ենք քաղում այժմ, Հայաստանում ունեցած ներկայիս դառն իրականությամբ։ 

• Ըստ էության հաստատվում է մեր նախորդ հոդվածում ասվածը, որ ըստ էության փորձ է արվում ձեւավորելու Հայաստանի /Հայ ժողովրդի/ ապագայի հանդեպ կոլեկտիվ պատասխանատվության ֆորմատ։ 

•  Ի դեպ, պատմականորեն էլ միշտ այդպես է եղել։ Պետություն չունեցած ժամանակներում էլ, շրջադարձային պահերին աշխարհիկ իշխանավորներն ու օրվա կաթողիկոսը քով-քովի են եկել ու փորձել լուծումներ գտնել ստեղծված երբեմն ճակատագրական ու դրամատիկ իրավիճակներից, քայլեր ձեռնարկել՝ հանուն Հայ ժողովրդի ապագայի եւ հարատեւության պահպանման։ Ըստ էության պատմական այս ավանդույթը այժմ շարունակվում է։ 

• Եւ վերջապես, հաստատվում է անուղղակի կերպով մեր կողմից նախորդ հոդվածում առաջ քաշված այն թեզը թեկուզ մասնակիորեն, որ այս նոր ձեւավորվող ֆորմատն առնվազն ունի գլոբալ աշխարհաքաղաքական մեկ ուժային կենտրոնի /իդեալական պայմաններում՝ երկուսի/ հավանությունը, կամ ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ «դաբրոն», քանի որ հավաքական պատասխանատվությունը համապատասխանում է բոլորի շահերին՝ թե Ռուսաստանի, թե Արեւմուտքի /ԱՄՆ, ԵՄ/, թե ռեգիոնալ խաղացողների։ 

• Երբ սկսվեցին միջսիրիական բանակցությունները /եթե սխալ ենք հիշում, մասնագետները թող ուղղեն, երախտապարտ կլինենք/ Ռուսաստանի նախաձեռնությամբ, օրակարգ, որպես այդպիսին կարելի է ասել, որ ըստ էության չկար եւ Մոսկվայի համար կարեւոր էր, որ շահագրգիռ կողմերը հավաքվեն նույն սենյակում եւ փորձեն իրար հետ խոսել, գոնե  իրար հետ շփվել, ընդհանուր խոսակցության թեմաներ գտնել։ Դանդաղ բայց ճիշտ ուղի էր դա ու արդյունքում կամաց-կամաց ձեւավորվեց որոշակի հարթակ, որը տվեց նաեւ որոշակի պտուղներ։ 

• Իհարկե չենք հավակնի պնդել, թե հիմա էլ նույն մեխանիզմն է գործում, սակայն վերստին նկատում ենք, որ կարեւոր է, որ մասնակիցները կարողանում են իրար կողք կողքի նստել ու խոսել իրար հետ։ Սա ամենալուրջ քայլն է սկզբի համար, իսկ մնացածը արդեն ճիշտ «դիրիժորությամբ» կարելի է կազմակերպել ու առաջ տանել։