Պետը փորձել է հաշտեցնել կողմերին, արդյունքում ձերբակալվել է

Պետը փորձել է հաշտեցնել կողմերին, արդյունքում ձերբակալվել է

Այսօր Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում Վլադիմիր Օհանյանին և Արմեն Ղազարյանին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 25-ին խմբով երկու անձի խոշտանգելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ։

Նույն օրը ձերբակալվել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Մենք նոր տեղեկություններ ենք ստացել , մասնավորապես՝ պետի գործողությունների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ պետը, նույն ինքը՝ Արտակ Ասատրյանը վերջերս է նշանակվել այդ պաշտոնին, մոտ՝ 1 ամիս առաջ։ Նա փորձել է խնդիրը հարթեցնելու համար կանչել տուժող կողմին՝ խաղաղ հանգուցալուծում տալու համար։

Իրավապահ համակարգում Ասատրյանի մասին բավականին դրական կարծիք ունեն, որպես համեստ մարդ են նրան ճանաչում։

Հիշեցնենք, որ ծանրամարտիկ Արմեն Ղազարյանը ավելի վաղ պատմել է, որ իրեն խոշտանգել են Նոր Նորքի ոստիկանության բաժնում: Ըստ Ղազարյանի, ինքը սեպտեմբերի 6-ին Նոր Նորքի շենքերից մեկի բակում պարզապես ականատես է եղել, թե ինչպես են քաղաքացիական հագուստով, բայց քրեականից ներկայացող ոստիկանները բնակիչներից մեկին բռնությամբ մեքենա նստեցնում, փորձել է հասկանալ, թե ինչու, իրեն էլ են տարել Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք և ծեծել: