ՊՆ-ն չի մեկնաբանում աղմկահարույց գործը
ՀՀ քննչական կոմիտեն նախօրեին հաղորդագրություն էր տարածել, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար։ Քրեական գործով հիմնավորվել է, որ Երեւանի Գ. Հասրաթյան փողոցի 25/6 շենքի թվով 71 բնակարաններից 29-ի հատկացումների վերաբերյալ որոշում է կայացրել ՀՀ պաշտպանության նախարարը, եւ այդ բնակարանների հատկացման հարցն ընդհանրապես չի քննարկվել հանձնաժողովի կողմից, իսկ հանձնաժողովի քննարկման արդյունքում նշված շենքի մի շարք բնակարաններ, ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, հանձնաժողովի կողմից հատկացվել են ՀՀ կառավարության սահմանած կարգի խախտմամբ, ինչի հետեւանքով էական վնաս է պատճառվել ՀՀ ՊՆ համակարգի մշտական բնակմակերեսի կարիքավոր զինծառայողներին։
Աղմկահարույց այս հայտարարությանը հետեւեց Վ․ Սարգսյանի խոսքը, որը նա ուղղել էր ԱՄՆ-ից, որտեղ գտնվում է ուսումնառության նպատակով․ «...Ես վրդովված եմ, բայց նաեւ հանգիստ, քանի որ բնակարանների բաշխման պատմությանն ու այս առանձին գործով քննվող գործընթացին առնչություն ունեցող անձինք, այդ թվում` բնակարան ստացածներն ու չստացածները, քաջատեղյակ են, որ գործընթացն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան, հստակ սկզբունքներով եւ չափանիշներով: Ամբողջ ընթացքը եւ վերահսկողությունն իրականացրել է համապատասխան հանձնաժողովը` իր որոշումների առանցքում ունենալով մարտական ուղի անցած զինծառայողների առաջնահերթության սկզբունքը...»:
Այս գործի շրջանակներում փաստաբան Նորայր Նորիկյանի 8 վստահորդ ճանաչվել են տուժող: Փաստաբանը մանրամասնում է՝ նրանք բոլորն էլ գործող զինվորականներ են․ «Դեռեւս սույն թվականի հուլիսի 11-ին մեր կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված դիմումի հիման վրա զինվորական դատախազությունում օգոստոսի 6-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին եւ 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դիմումում նշվել էր, որ մի շարք զինծառայողներ, ըստ էության, զրկվել են անհատույց օգտագործման իրավունքով բնակարան ստանալու տարիներ շարունակ սպասվող հնարավորությունից, որի արդյունքում կրել եւ շարունակում են կրել ահռելի վնասներ»: Նորիկյանը նաեւ նշում է, որ պաշտպանության նախկին նախարարի հրամանին ծանոթանալիս անզեն աչքով երեւում է, որ Երեւան քաղաքում բնակարան են ստացել մարդիկ, ովքեր երբեւէ բնակարանի կարիք չեն ունեցել, ովքեր 5 օր Երեւանում չեն բնակվել, ովքեր այդ բնակարանները ստացել են գործող կարգերին ակնհայտորեն չհամապատասխանելու պայմաններում․ «Այլ կերպ ասած, ում ցանկացել են, նրանց էլ տվել են՝ թքած ունենալով ՀՀ օրենսդրության եւ տարիներ շարունակ իրենց բնակարանին սպասող զինծառայողների իրավունքների վրա»։
Մեզ հետ զրույցում փաստաբանն ասում է, որ այս պահին ոչինչ ավելի չի կարող ասել, թեպետ նշում է, որ տիրապետում է ամբողջ տեղեկատվությանը, թե ովքեր են ստացել բնակարաններ․ «Այդ հրամանի օրինակն ինձ մոտ է, բայց ես էս պահին չեմ ուզում խոսել, կգա ժամանակը, համապարփակ տեղեկատվություն կտրամադրեմ։ Այս պահին դեռեւս քննություն է գնում, դրանից հետո մեր քայլերի վերաբերյալ լրացուցիչ քայլեր կձեռնարկենք»։
ՊՆ-ից նաեւ հետաքրքրվեցինք՝ ո՞վ է եղել Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի նախագահը։
«Նախկինում եղել է աշխատակազմի ղեկավարը՝ Գառնիկ Հայրապետյանը, հիմա փոխնախարար Գաբրիել Բալայանն է, հանձնաժողովում էլ լինում են տարբեր վարչության պետեր, տարբեր գործառույթներ իրականացնողներ»։
Փորձեցինք զրուցել նաեւ Գաբրիել Բալայանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց․ «Քանի որ քրեական գործ է հարուցված, ես ձեռնպահ կմնամ որեւէ մեկնաբանություն անելուց, կարող եմ ասել, որ որեւիցե ձեւով մեր կողմից մեկնաբանություն անելը գտնում եմ ոչ կոռեկտ»։
Թեպետ Քննչական կոմիտեից գործը փոխանցել են Հատուկ քննչական ծառայությանը, սակայն դեռեւս գործը վարույթ չի ընդունվել։ Այս պահի դրությամբ ոչ ոք տվյալ գործով որպես մեղադրյալ չի ներգրավվել, այդ թվում՝ Վիգեն Սարգսյանը։
Կարծիքներ