Նախագահի ուղերձը

Նախագահի ուղերձը

Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է 2020-2025թվականների գործունեության ծրագիրը, որ հրապարակված է նրա պաշտոնական կայքէջում: Այս առումով, թերեւս, մանրամասնություններ ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Ցանկացողները կարող են կարդալ եւ համապատասխան եզրակացություն անել: Նախագահ Հարությունյանը նաեւ անդրադարձել է կադրային քաղաքականությանը եւ արել ուշագրավ շեշտադրում, որ ինքն է որոշում՝ ովքեր խորհուրդ կտան եւ կօգնեն իրեն: Մասնավոր իմաստով խոսքը նախագահի խորհրդականների եւ օգնականների մասին է: Բայց եթե նկատի ենք ունենում վերջին օրերին որոշ շրջանակների սպասարկող լրատվամիջոցներով տարածվող կոնսպիրոլոգիական բնույթի նյութերը, կարելի է եզրակացնել, որ Արցախի նախագահի շեշտադրման հասցեատերն այն ուժերն են, որ հետեւողականորեն փորձում են «առեղծված» տեսնել ներարցախյան զարգացումներում եւ, մանավանդ, հեռուն գնացող ենթադրություններ անել: Արայիկ Հարությունյանը փաստացի հայտնի շրջանակներին հորդորում է «չմտահոգվել» Արցախի իշխանության ներկայով եւ ապագային միտված ,,կառուցողական առաջարկություններ,, չանել: Արցախի սահմանադրությունը նախագահին է վերապահում կառավարություն կազմավորելու, խորհրդակցական մարմիններ ձեւավորելու եւ գործադիր իշխանությունը եւ պետական կառավարման ողջ համակարգը գլխավորելու լիազորություններ: Արայիկ Հարությունյանի ուղերձն այս իմաստով հստակ է եւ մեկնաբանության տեղ չի թողնում: