Մուհամեդն ու մահմեդականները

Մուհամեդն ու մահմեդականները

Չեմ ուզում խորանալ քրիստոնեական եւ մուսուլմանական կրոնների նմանությունների ու տարբերությունների մեջ, ինչպես նաեւ՝ այդ կրոնները դավանող ժողովուրդների: Պարզ է, որ կողմերից յուրաքանչյուրը գովաբանում եւ ճշմարիտ է համարում իր կրոնը, իսկ հակառակ կողմի հավատքի լավ կողմերն իր կրոնին է վերագրում: Թե իրական կյանքում այդ կրոնները դավանող ժողովուրդները պատմության ընթացքում եւ մինչ այժմ ինչ են քարոզում եւ իրականում ինչպես են պահում իրենց, գաղտնիք չէ՝ բոլորին է հայտնի: Նրանք մեկը մյուսին են փնովում, սակայն ուզում եմ յուրահատուկ ուշադրություն հրավիրել Մուհամեդի՝ հայ ազգի մասին արված մի մարգարեության վրա, որը զարմացրել է ինձ: Ճշգրիտ չեմ հիշում, բայց մոտավոր այսպես է հնչում. «Հայերն առանձնահատուկ ազգ են, երբեք չի կարելի, եւ որեւէ մեկն իրավունք չունի նրանց փնովել, նրանց վրա ձեռք բարձրացնել»: Սա մուսուլմանների մարգարե Մուհամեդի գնահատականն է հայ ազգի մասին, ում նույն մուսուլմանական համայնքը մեծարում է, խոնարհվում նրա առաջ եւ աներկբա առաջնորդվում նրա պատվիրաններով։

Բայցեւ պատմության ընթացքում առիթը երբեք չի կորցրել նույն հայ ազգին մորթելու եւ վերացնելու համար: Որ մարգարեները պարզապես մտքեր չեն հնչեցնում, դա աքսիոմ է, որ Մուհամեդի ցանկացած խոսք քննարկման ու բեկանման ենթակա չէ ողջ մուսուլմանության համար, դա եւս աքսիոմ է, սակայն բազմաթիվ են փաստերը, որ մահմեդական Թուրքիան եւ Ադրբեջանը հայ ազգին թշնամի են համարել եւ ոչնչացրել սարսափելի դաժանությամբ՝ առանց խնայելու գեթ մեկ հայի: Այս հակասությունը մեկ բացատրություն կարող է ունենալ՝ նրանց հավատքը կեղծ է, նրանք դա շահարկում եւ օգտագործում են հանուն իրենց շահի: Մի մուսուլմանական ժողովուրդ, որն իբր պաշտում, խոնարհվում եւ անվերապահ առաջնորդվում է իր մարգարե Մուհամեդի պատվիրաններով, բայց կոտորում է մի ազգի, որի մասին Մուհամեդն ասել է, որ նրա վրա երբեք չի կարելի ձեռք բարձրացնել, ինչպե՞ս կարելի է նման ժողովրդի հետ խաղաղության դարաշրջան բացել ու ապրել այդ սկզբունքի վրա հիմնվելով: Ու հատկապես արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմից հետո հավատալ ու փորձել խաղաղության դարաշրջան հիմնել այդ երկրների հետ: Եվ ինչպե՞ս կարելի է ներել բոլոր այն ուժերին, ովքեր հավատում են, որ նրանց հետ հնարավոր է գնալ խաղաղության դարաշրջանի հաստատման։ Դրանով մենք կդնենք հայոց պետության եւ պետականության վերացման հիմքերը...

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ