Ավինյանին՝ ընդարձակ ռեպլիկ

Պատկերացրեք՝ կա: Էն էլ ինչքան: Բայց դուք հարցրեք, թե ովքեր են ռեպլիկ անողները: Հիմնականում նրանք, ովքեր տրանսպորտից օգտվելու անհրաժեշտություն չունեն: Շարքային պողոսները, այս բառի ամենաիսկական իմաստով, առայժմ մրափի մեջ են: Նրանք կքնեն մինչև փետրվարի 1-ը, իսկ մինչ այդ հետաքրքիր պարադոքս է: Դիցուք ինձ համար տրանսպորտի թանկացումը ոչ տաք է, ոչ սառը: Ավինյանի ավտոբուսներից մետրոյից ու տրոլեյբուսներից ես համարյա չեմ օգտվում: Թեկուզ դառնա 1000 դրամ: Բայց ես օրական մի երկու-երեք ռեպլիկ եմ բաց թողնում Ավինյանի հասցեին, «ողջույններ», «բարեմաղթանքներ», հիշատակություններ… Մրափած պողոսներն ինձ հանդիմանում են դրա համար, ասում են՝ քո արածը քաղաքական շահարկում է: Շատ լավ, համաձայնում եմ ես, քաղաքական շահարկում է, բայց չէ՞ որ ես դա անում եմ, որպեսզի երթևեկության արժեքը չեռապատկվի ձեզ համար, սիրելի պողոսներ: Ձեզ համար ի՞նչ տարբերություն, էլի, իմ քաղաքական շահարկման արդյունքո՞ւմ չի թանկանա տրանսպորտը, թե՞ Աստծո օգնությամբ: Մի խոսքով՝ անկապ տեղը վատամարդ եմ դառնում, իսկ եթե փետրվարի 1-ից էլ տրանսպորտը թանկանա, պողոսներն արթնանալու են և ինձ ասեն՝ բա դու ինչո՞վ էիր զբաղված, որ Ավինյանը երթևեկության արժեքը եռապատկեց: Ի՞նչ եմ պատասխանելու պողոսներին՝ չգիտեմ:
Այսուհանդերձ ես այնպիսի բնավորություն ունեմ, որ առանց պայքարի չեմ կարող ապրել: Պիտի միշտ բզբզամ, դժգոհեմ, ռեպլիկ բաց թողնեմ, լեզվիս եկածն ասեմ աննորմալ ղեկավարներին, տեղն եկած տեղն էլ քաղաքական շահարկումներ անեմ: Բա ի՞նչ, թողնեմ որ էս աննորմալները մեր պողոսներին թալանե՞ն: Դա նրանց վրա էժան չի նստելու:
Ահավասիկ մի նոր բացահայտում եմ արել Ավինյանի շուլլերության հետ կապված: Ուրեմն, որպեսզի ներսից ուսումնասիրեմ Ավինյանի «ռեֆորմը», ես ինձ շարքային պողոսի տեղ դրեցի և մոտեցա «Տելսելի» ապարատին, որ տոմս գնեմ: Առնվազն 10 գործողություն կատարեցի, մինչև ընկա համապատասխան բաժինը և սեղմեցի «ավտոբուս-մետրո» ցուցանակը և սպասեցի, թե ապարատն ինչ կասի: Իսկ ապարատն ասում է՝ փողը տուր: Հարց չկա, հարգելի ապարատ, բայց ես 100 դրամ չունեմ, 200 է… Թիկունքումս զգում եմ հերթ կանգնած մարդկանց անհամբեր շունչը՝ ի՞նչ ես շշկռվել, փողը գցիր ապարատի մեջ: Գցեցի 200-ս: Էս ապարատը, դու մի ասա, քաղաքապետարանի «մարդն» է: Ինձ ասում է՝ մանրը չեմ կարող վերադարձնել, երկու տոմս տա՞մ: Թիկունքումս խլրտոց է ընկնում՝ այ մարդ, դե ասա տուր, էլի: Բայց ինձ մեկ տոմս է պետք, ուզում եմ ընդամենը փորձել այդ նոր հաճույքը… Հնար չկար, պիտի երկու տոմս վերցնեի: Վերցրի, մտածելով՝ ոչինչ երկու անգամ կփորձեմ: Տոմսերը ձեռքիս գնացի կանգառ, որ հենց առաջին ավտոբուսի մեջ փորձարկեմ «նորույթը»: Եվ հենց այդ ժամանակ տեղի ունեցավ ամենաանսպասելին: Մի մեքենա կանգնեց կանգառի մոտ ու վարորդը, դուսր գալով մեքենայից, մոտեցավ ինձ, գրկախառնվեց՝ էս դու ե՞ս, քանի՞ տարի է չենք տեսնվել, արի, արի տանեմ, ո՞ւր ես գնում: Ուսանողական ընկերս էր: Չկարողացա մերժել:
Այդպես էլ տոմսերը մնացին ձեռքիս՝ չօգտագործված: Ավելի ուշ, երբ նա ինձ հասցրեց տուն, ես տոմսի վրա կարդացի, որ այն պիտանելիության ժամկետ ունի և մարվում է, եթե չօգտագործես: Առջևում շաբաթավերջ էր: Ես տնից դուրս գալու անհրաժեշտություն չունեի: Պետք էր գնալ շենքի տակի խանութը, հաց առնել, 10 հատ ձու և էլի մանր-մունր բաներ: Ավտոբուսով գնալը, հասկանալի է, անհարմար կլիներ, բայց ժամերը անցնում էին, իսկ տոմսերս կարող էին ժամկետանց դառնալ: Այ քեզ փորձանք… Մինչև մի թթվասեր ենք գնում խանութից, 10 անգամ ժամկետն ստուգում ենք, բայց դու տես, որ ավտոբուսի տոմսն էլ է ժամկետով, չնստեցիր՝ վերջ: Պիտի նորից մոտենաս «Տելսելի» ապարատին, նոր տոմս գնես ու փորձես օգտվել քաքղաքային տրանսպորտից: Իսկ ի՞նչ եղավ 200 դրամս… Այո, գնաց-կորավ Ավինյանի գրպանում… Հըըըը, էլի սկսեցիր քո քաղաքական շահարկումները… Բա ո՞ւր գնաց այդ 200 դրամը, որ վճարեցի ու գործի բերումով չկարողացա օգտվել տրանսպորտից: Գնաց բյուջե՞… Չէ, չէ մի… Էդ գումարով, պողոս ջան, տրանսպորտը «պլան» կատարեց, Ավինյանն ու քաղաքապետարանի ոջլոտներն էլ «պրեմիա» ստացան:
Երևանի քաղաքապետարանում փոխքաղաքապետի նման մի բան է աշխատում: Ասում է՝ եթե նախկինների ժամանակ «գազելները» թանկանային, կարելի էր բողոքել, բայց հիմա, երբ մայրաքաղաքում ժամանակակից տրանսպորտ է աշխատում, երթևեկության արժեքը պետք է բարձրանա: Թվում է՝ խելացի բան է ասում, բայց նա հո տեղյակ չի՞, որ պողոսների եկամուտներն ու թոշակներն այս համատարած թանկացման հետևից չեն հասնում: Այ, երբ պողոսները փետրվարի 1-ին արթնանան ու ձեր «նորույթը» տեսնեն, պարոնայք քաղաքապետարանցիներ, այն ժամանակ կհասկանաք, թե ինչքան ցավոտ է «ՄԱՆ» ավտոբուսի ներկայությունը ձեր մարմնի համապատասխան մասում: Ու, եթե հանկարծ, երթևեկության թանկացման հետ նաև տոմսի վրայի ժամկետը պահպանվեց, ձեզ ընտրած պողոսներից չնեղանաք: Նրանք չեն սիրում քաղաքական շահարկումներ անել… Նրանք ուղղակի անում են այն, ինչ այդ պահին հարմար են նկատում:
Եվս մեկ դիտարկում, բայց արդեն քաղաքային տրանսպորտի կանգառների հետ կապված: Դրանք կահավորված չեն և չեն համապատասխանում ոչ մի չափանիշի: Չվացուցակներ գոյություն չունեն, կանգառը հաճախ կորչում է կայանած ավտոմեքենաների հետևում, ավտոբուսները կանգնում են երկրորդ շարքում, տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները ժամերով կարող են մնալ կանգառում, առանց «հետաքրքրության» մնացած վարորդները քամահրանքով են վերաբերվում ավտոբուսի հետևից վազող տարեցներին, կանանց ու երեխաներին, երբեմն էլ ինքնակամ չեն կանգնում «դժվարամատչելի» կանգառներում: Այսքանը միայն ես գիտեմ, իսկ թե ինչքան բան գիտեն քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները և անձամբ Տիգրան Ավինյանը, դա էլ արդեն մասնագիտական քննարկման նյութ է:
Իրենք են «ռեֆորմն» արել, իրենք էլ թող պատասխան տան: Այլապես ամեն անգամ դնում՝ Նիկոլ ենք քլնգում: Էն մարդն ամեն ինչ արել է, ամեն ինչ տվել է, էլ տալու բան չունի, ինչո՞ւ եք այնպիսի որոշումներ կայացնում, որոնք տհաճություններ են պատճառում հասարակությանը: Բա որ Նիկոլն էլ ձեռքը խփի սեղանին ու ասի՝ վերջ, ոչ մի թանկացում, ի՞նչ ես անելու, պարոն Ավինյան… Թե բա՝ էս քաղաքում ինձ ռեպլիկ անող չի կարա լինի… Կա, ու դեռ կշատանան քեզ ռեպլիկ անողները: Դու, Լոս Անջելեսի փոխարեն, գնա Սերբիա՝ Բելգրադ, որտեղ քաղաքային տրանսպորտը դարձրել են անվճար: Գնա Էստոնիայի մայրաքաղաք Տալլին: Այլապես «գռդոնչու» հոգեբանությամբ ընկել եք ժողովրդի ջանին՝ ոնց անեք, որ մի քանի կոպեկ ավել լափեք:
Կարծիքներ