Ֆինլանդիայի սոցիալական ապահովության համակարգը. Kela

Ֆինլանդիայի սոցիալական ապահովության համակարգը. Kela

ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ․ Kela

 Ֆինլանդիայի սոցիալական ապահովության համակարգի հիմքում ընկած է Սկանդինավյան մոդելը, որը նաև ընդունված է անվանել սոցիալ-դեմոկրատական մոդել (տարածված են նաև «Շվեդական մոդել», «Հյուսիսեվրոպական մոդել» և այլ անվանումները): 

Այս մոդելի հիմնական բնորոշիչներն են՝ աշխատուժի բարձր մասնակցությունը (համընդհանուր զբաղվածություն), անվճար կրթության և առողջապահական ծառայությունների հասանելիության բարձր մակարդակը, թոշակային պետական համակարգերի առկայությունը, աշխատավորների մեծ տոկոսի անդամակցությունը արհմիություններին (դեռևս 2010 թ. Ֆինլանդիայում այն կազմել է աշխատավորների 69,9 %-ը), գործազրկության բարձր նպաստները և ժամկետից շուտ թոշակի գնալու հնարավորությունը, գենդերային հավասարությունը, համընդհանուր սոցիալական պաշտպանությունը, ռեսուրսների բաշխվածության բարձր մակարդակն ու համընդհանուր բարեկեցությունը:

Ըստ էության այս մոդելը ոչ կապիտալիստական է և ոչ էլ սոցիալիստական՝ փորձելով համադրել երկու ուղղությունների հաջողված ասպեկտները:

Ֆինլանդիայում սոցիալական ոլորտի քաղաքականության մշակմամբ և իրագործմամբ զբաղվում է երկու գերատեսչություն՝ սոցիալական ապահովության և առողջապահության նախարարությունը, և էկոնոմիկայի և զբաղվածության հարցերով նախարարությունը, որի իրավասության տակ այլ ոլորտների հետ միասին մտնում է նաև զբաղվածության պետական ծառայությունը:
 Զբաղվածության պետական քաղաքականությունը: Ֆինլանդիան ցուցաբերում է բավականին մեծ ծավալի աջակցություն գործազուրկ դառնալու դեպքերում, և այս տեսանկյունից երկիրը Եվրոպայում համարվում է լավագույններից մեկը, իսկ գործազրկության մակարդակը ներկայումս կազմում է 11 տոկոս:

Ֆինլանդիայի տնտեսության առանձնահատկությունը նրանում է, որ մեծ պահանջարկ ունեն բարձր որակավորում ունեցող մասնագետները, ինչի արդյունքում բարձրագույն կրթություն ունեցող անձանց մոտ 85 տոկոսը ունի մշտական աշխատանք: Պետության կողմից գործազուրկ անձանց տրամադրվող հիմնական և կարևոր աջակցությունը գործազրկության նպաստն է:
Ֆինլանդական օրենսդրությունը նախատեսում է գործազրկության նպաստի հետևյալ տեսակները.
1. բազային նպաստ, որը տրվում է 17-64 տարեկան և  երկրի քաղաքացի հանդիսացող անձանց, ովքեր աշխատել են նվազագույնը 26 ամիս, և սահմանված ժամկետում հաշվառվել են զբաղվածության ծառայությունում՝ որպես լիարժեք աշխատաժամանակով աշխատանք փնտրող: Այս դեպքում անձը կարող է ստանալ մինչև 400 օր տևողությամբ գործազրկության նպաստ և եթե ունի երեխաներ, ապա հավելավճար երեխաների համար,
2. վերջին աշխատավարձի չափից կախված նպաստ, որը ստանում են այն գործազուրկները, ովքեր աշխատելու ընթացքում եղել են արհմիության անդամ, և այս դեպքում հաշվի է առնվում անձի ստացած աշխատավարձի չափն ու աշխատանքային ստաժը,
3. աշխատաշուկայի նպաստ, որը տրամադրվում է այն գործազուրկներին, ովքեր 2 տարվա ընթացքում չեն կարողացել գտնել աշխատանք:

Նպաստներն ու այլ վճարումները: Ֆինլանդիայի պետական կառույցը, որը պատասխանատու է համապատասխան նպաստների վճարման և աջակցության այլ ձևերի ցուցաբերման համար, դա հանրահայտ Սոցիալական Ապահովագրության Ինստիտուտն է, որն ավելի հայտնի է Kela անվանումով ինչպես երկրի ներսում, այնպես էլ Եվրամիության շրջանակներում:

Ի՞նչ է Kela-ն: Պետական այս կառույցը հիմնադրվել է դեռևս 1937 թվականին կենսաթոշակների վճարումները կատարելու համար: Արդեն 1980-90-ականներից նրա լիազորություններն ընդլայնվում են և ընդգրկում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են երեխաների, գործազրկության, հիվանդության նպաստները, բժշկական ապահովագրությունը և ուսանողների ֆինանսական աջակցությունը:
 Ֆիննական սոցիալական ապահովության համակարգը կոչված է կյանքի բոլոր իրավիճակներում երկրի քաղաքացիների բավարար տնտեսական անվտանգության ապահովմանը, և տրամադրում է ծառայություններ ու զեղչեր հետևյալ իրավիճակներում՝ ծերության, անաշխատունակության, հիվանդության, գործազրկության, ծննդաբերության, վերականգնողական: Իհարկե, կարող են լինել այլ իրավիճակներ ևս, երբ երկրի քաղաքացին կարող է ակնկալել պետական աջակցություն: Ընդհանուր առմամբ սոցիալական ապահովության այս համակարգը ներառում է այն անձանց, ովքեր մշտապես բնակվում են երկրում, կամ աշխատում են այնտեղ: Որոշակի դեպքերում արտերկրում բնակվողները ևս իրավունք ունեն ակնկալելու այս համակարգի աջակցությունը:
Kela-ի կողմից տրամադրվում են՝
-Ընտանիքի և երեխայի նպաստ, ինչը ներառում է հայրության, մայրության և ծնողական նպաստի տրամադրում երեխայի ծնողներին,
-Ուսանողական աջակցություն, որից օգտվելու իրավունք ունեն ցերեկային (առկա) ուսուցման համակարգում սովորող ուսանողները, 
-Աջակցություն նորակոչիկներին, որը տրամադրվում է պարտադիր զինվորական կամ ալտերնատիվ քաղաքացիական ծառայության զորակոչված անձանց, ինչպես նաև նրանց կանանց և երեխաներին,
-Կացարանի աջակցություն, որի շրջանակներում առավել ցածր եկամուտներ ունեցող անձինք իրավունք են ստանում ստանալու նպաստ՝ բնակարանի վարձավճարի որոշ մասը փոխհատուցելու համար,
-Աջակցություն հիվանդության ժամանակ, որն իրականացվում է ազգային բժշկական ապահովագրության կողմից հիվանդության հետ կապված ծախսերը փոխհատուցելու միջոցով,
-Նպաստ հաշմանդամություն կամ քրոնիկական հիվանդություն ունեցող անձանց՝ առօրյա հոգսերը հոգալու համար,
-Վերականգնողական աջակցություն, որի շրջանակներում փոխհատուցվում են մասնագիտական և բժշկական վերականգնողական ծախսերի մի մասը, որոնք կատարվում են անձանց աշխատանքային ունակությունների բարձրացման և կյանքի որակի բարելավման նպատակով,
-Աջակցություն գործատուներին, որի շրջանակներում փոխհատուցվում է գործատուի այն ծախսերը, որոնք նա կատարել է աշխատանքի պաշտպանության և աշխատակիցների բժշկական սպասարկման նպատակով, ինչպես նաև գործատուին վերադարձվում են այն ծախսերը, որոնք ուղղվել են հիվանդության կամ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց վճարումներ կատարելուն:

Բացի վերը նշվածից, կա հիմնական սոցիալական աջակցությունը, որի շրջանակներում կարող է նպաստ տրամադրվել առանձին անձանց և ընտանիքների՝ հաշվի առնելով նրանց եկամուտների չափը, ունեցած կարիքները և ցուցաբերելով անհատական մոտեցում:

Կենսաթոշակային համակարգը: Սոցիալական ապահովագրության մասին առաջին օրենքը Ֆինլանդիայում ընդունվել է դեռևս 1901թ., սակայն այն վերաբերում էր միայն աշխատավայրում պատահարների հետևանքով կորցրած եկամուտներին և ընդգրկում էր ընդամենը մի քանի ոլորտներ, որտեղ առավել շատ պատահարներ էին տեղի ունենում:

Երկրի սոցիալական ապահովության համակարգում արմատական բարեփոխումներ սկսվեցին միայն 1950-ականներին. 1957թ. ընդունվեց օրենք, որով սկիզբ դրվեց համընդհանուր ապահովագրության և ծերության ժամանակ համընդհանուր սոցիալական ապահովության:
Ֆինլանդիայում կենսաթոշակները և դրան հավասարեցված վճարներն ու հարակից նպաստները, որոշ բացառություններով, վճարում է հանրահայտ Kela-ն:

Ֆինլանդիայում տարիքային կենսաթոշակի շեմը 65-ն է, սակայն կան առանձին դեպքեր, երբ ավելի վաղ տարիքում է հնարավոր անցնել թոշակի: Տարիքային թոշակը հնարավոր է ստանալ ինչպես աշխատանքային թոշակի տեսքով, այնպես էլ ժողովրդական: Այս երկու թոշակների միջև հիմնական և առաջնային տարբերությունը նրանում է, որ աշխատանքային թոշակը վճարում է կենսաթոշակային ֆոնդը, ինչպիսիք բազմաթիվ են երկրում, իսկ ժողովրդական թշակի վճարումն իրականացնում է Kela-ն:

Ֆինլանդիայում վճարվող թշակների մեծ մասը աշխատանքայինն է, որը հաշվարկում է աշխատավարձի չափի և աշխատանքային ստաժի հիման վրա: Այսինքն, հիմք են ընդունվում կենսաթոշակային ֆոնդերին կատարված վճարումներն ու ստաժը:

Ինչ վերաբերում է Kela-ի կողմից տրամադրվող թոշակներին, ապա դրանք են՝
Ժողովրդական թոշակ: Այն դեպքում, երբ անձը չի ստանում աշխատանքային թոշակ, կամ դրա չափը չի գերազանցում ամսեկան 55,54 եվրոն, ապա այդ ժամանակ նրան վճարվում է ժողովրդական թոշակ: 

Երաշխավորված թոշակ: Թոշակի մյուս տեսակը դա երաշխավորված թոշակն է, որը կարող է ստանալ Ֆինլանդիայում ապրող այն թոշակառուն, ով վերջին 3 տարիներին ապրել է երկրում, և չի ստանում այլ թոշակ: Այս թոշակի չափը կազմում է ամսեկան 784,52 եվրո:
Աշխատունակության կորստի թոշակ: Աշխատունակության կորստի թոշակը տրամադրվում է 16-64 տարեկան այն անձանց, ովքեր ունեն այնպիսի վնասվածք կամ հիվանդություն, որ չեն կարող աշխատել:  
 
Սարգիս Հակոբյան,
Միասնական սոցիալական ծառայության
Մեղրիի տարածքային կենտրոնի տնօրեն,
ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական