Բաց նամակ Հրաչյա Սարգսյանին

Բաց նամակ Հրաչյա Սարգսյանին

Երևանի քաղաքապետ պ-ն Հ. Սարգսյանին

Հարգելի պ-ն քաղաքապետ Մինչև Ձեր պաշտոնանշանակումը վերջին տարիներին մեծ թվով նամակներ էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան, որոնցում բարձրացված հիմնախնդիրներն իրենց մեջ ներառում էին ազգային, անվտանգային, բնապահպանական, գոյաբանական, Նորագավիթի նախկին կոլտնտեսությանը պատկանած այգիները՝ նախկին իշխանությունների լուռ համաձայնությամբ և աջակցությամբ, դրանցում առկա ավելի քան 30 հազար հասուն պտղատու ծառերի սպանդի ենթարկելու, դրա արդյունքում լուրջ բացասական հետևանքների ու ազդեցությունների, թաղամասում դեռևս հրաշքով պահպանված շուրջ 200 հա հողատարածքների տարիներ շարունակ (սկսած 2006-2007թթ) անորոշ կարգավիճակի, դրանց արդյունավետ ու նպատակային օգտագործման, փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող, սակավահող մեր երկրի պարենային ինքնաբավության խնդրի լուծմանը միտված հարցերի, քաղաքապետարանի աշխատակազմում քաղաքացիների դիմումների և նամակների հետ տարվող աշխատանքի անբավարար դրվածքի, ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածում ամրագրված մարդկանց իրավունքների ու արդարացի շահերի ոտնահարման բաղադրիչներ, պատշաճ ուշադրության չէին արժանացել, համապարփակ ուսումնասիրման ու քննարկման առարկա չէր դարձվել:

Հետևաբար, Ձեր կողմից քաղաքապետի բարձր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելուց հետո մեզ մոտ հույսեր արթնացան, որ Դուք լուրջ արմատական բեկում կմտցնեք քաղաքապետարանի աշխատաոճում, կբարելավեք աշխատանքների մակարդակը ու կբարձրացնեք ստորաբաժանմունքների պաշտոնյաների պատասխանատվությունը իրենց հանձնարարված գործի նկատմամբ:

Մինչդեռ վերջին ամիսների ընթացքում Ձեզ հասցեագրված նամակները նախկինների նման մատնվեցին անուշադրության և Ձեր ղեկավարած աշխատակազմում դրական տեղաշարժեր չնկատվեց (գոնե մեր կողմից բարձրացված հարցերի շրջանակում): Ասվածը հիմնավորելու նպատակով Ձեզ եմ ուղարկում քաղաքապետարանին հասցեագրված նամակներից ընդամենը վերջին երկու նամակների ու դրանց վերաբերյալ ստացված պատասխանների կրկնօրինակները, որոնց բովանդակությունները միմյանց հետ որևէ կապ ու աղերս չունեն: Հիրավի նման վերաբերմունքը մեզ մոտ արդարացի հուսախաբություն և դժգոհություն են առաջացրել: Սակայն նկատի ունենալով բարձրացվող հարցերի կենսական ու հանրային կարևորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ դրանց լուծումը գտնվում է քաղաքապետարանի իրավասության տիրույթում և որի ղեկավարը Դուք եք, ուստի նեղվածությունը մի կողմ թողնելով, փորձեմ մեկ անգամ ևս օգտվել Ձեզ դիմելու հնարավորությունից:

Հաշվի առնելով, որ հիմնախնդիրները շատ են ու բազմաբնույթ, այս անգամ առանձնացնում եմ դրանցից երկուսը: Միաժամանակ նկատի ունենալով մեր դիմումներով զբաղվող քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաների աշխատակարողունակության և պրոֆեսիոնալիզմի ոչ բավարար մակարդակը կամ էլ չկամությունը, աշխատեմ դրանք շարադրել ավելի պարզ, դյուրընկալելի ու փաստարկված բովանդակությամբ: Առաջին հարցը: ՀՀ կառավարության 2017թ. հունիսի 23-ի հ. 762 «Ա» որոշմամբ Նորագավիթի նախկին կոլտնտեսությանը պատկանած, այնուհետև սահմանված կարգով բնակիչներին վարձակալությամբ տված հողատարածքներից 163 հա 10 մլրդ դրամ կադաստրային արժեքով գյուղ. նշանակության բարձրակարգ հողեր օտարվեցին և նվիրաբերվեցին «Սպայկա» և «Սանպրոդուկտ» ՍՊԸ-ներին ջերմոցներ և պանրի գործարան կառուցելու նպատակով: Այդ հողերի գերակշռող մասը այգիներ էին (15-20 տարվա ծիրանի, դեղձի, տանձի, սերկևիլի ծառեր և խաղողի վազեր): Արդյունքում բարբարոսաբար սպանդի ենթարկվեցին ավելի քան 30 հազար հասուն ծառեր, որոնք ժամանակին հիմնվել էին քաղաքի բնակչությանը ոչ միայն մրգերով, այլ թթվածնով ապահովելու համար, որոնք իրավմամբ համարվում էին թթվածնաքաղց մայրաքաղաքի թոքերը: Չխորանալով այս չարաբաստիկ երևույթի մանրամասների մեջ, որոնց մասին բազմիցս է բարձրաձայնվել, ներկայացնեմ դրա բացասական հետևանքներից մեկը: Սկսած 2012թ. Երևանի քաղաքապետարանի առաջնորդությամբ օտարված հողատարածքների շուրջ 350 հողօգտագործողների տրվել են չնչին փոխհատուցումներ միջնորդավճարի տեսքով:

Հետագայում ՀՀ կառավարությունից և քաղաքապետարանից ստացված գրություններից ու սխեմաներից պարզվեց, որ այդ նվիրաբերված հողատարածքում ներառված են նաև այլ բնակիչների (թվով 11) հողատարածքներ, որոնց փոխհատուցում չէր տրվել: Այդ հողօգտագործողները ևս հանդիսանալով հողամասերի բարեխիղճ ձեռքբերողներ տևական ժամանակ փաստացի տիրապետել և տնօրինել են այդ հողատարածքները, զբաղվել են գյուղ. մթերքների արտադրությամբ, դրանց վրա ներդնելով որոշակի կապիտալ ներդրումներ:

Այս խնդրի ժամանակին լուծմանը խոչընդոտել է այն հանգամանքը, որ սկսած փոխհատուցումների հատկացման գործընթացից մինչև որոշակի ժամանակահատված վիճարկվում էր այդ տարածքների ներընդգրկվածությունը 163 հա նվիրաբերված հողատարածքի կազմում: Այնուհետև մեծ ջանքերի, ինչ որ տեղ էլ քաղաքապետարանի աջակցությամբ վիճահարույց խնդիրը լուծվեց, հաստատվեց, որ այդ 11 բնակիչների հողատարածքները ևս ներառված են «Սանպրոդուկտ » ՍՊԸ-ին նվիրաբերված հողատարածքի սահմաններում (հիմք Երևանի քաղաքապետարանի 22.07.2021թ. հ. 18-06/2-8227 գրությունը, կցվում է): Հետևաբար խնդրի լուծման խոչընդոտի հաղթահարումից հետո պետ է հետևի այդքան չարչրկված հարցի արդարացի հանգուցալուծումը, որը և ակնկալում ենք: Երկրորդ հարցը: Նորագավիթ թաղամասում այժմ բարեբախտաբար պահպանվել են Նորագավիթի նախկին կոլտնտեսության պատկանած շուրջ 200 հա հողատարածք, որոնք ժամանակին սահմանված կարգով վարձակալությամբ հատկացվել է թաղամասի բնակիչներին գյուղ. մթերքներ արտադրելու նպատակով: Սկսած 2006-07թթ վարձակալության ժամկետները լրանալուց հետո, ոչ իրենց մեղքով , պայմանագրերը չեն վերակնքվել և մինչև օրս դրանց կարգավիճակի հարցը շարունակում է մնալ անորոշ: Նկատի ունենալով, որ այդ հողօգտագործողները հանդիսանալով որպես այդ հողատարածքների բարեխիղճ ձեռքբերողներ շուրջ երկու տասնամյակ փաստացի տիրապետում և տնօրինում են այդ հողակտորները, զբաղվում են գյուղմթերքների արտադրությամբ, դրանց վրա բավական ագրոտեխնիկական միջոցառումներ ու կապիտալ ներդրումներ են կատարել հողերի կառուցվածքային բարելավման, դրանց պարարտացման ու ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Ուստի խնդրվում է առաջնորդվել ՀՀ հողային օրենսդրության 72-րդ հոդվածի ու ՀՀ վարչարարության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով նշված հողերը նվիրաբերել այդ հողօգտագործողներին, որոնք պարտավորվում են բարեխղճորեն մշակել այդ հողատարածքները, արտադրել գյուղ. մթերքներ, բավարարել մայրաքաղաքի բնակչության պահանջները և վճարել հողի սահմանված չափի հարկը: Նման նախադեպ արդեն եղել է, 2017թ. 163 հա բարձրակարգ գյուղ. նշանակության հողատարածք նվիրաբերվել է «Սպայկա» և «Սանպրոդուկտ» ՍՊԸ-ներին ջերմոցներ և պանրի գործարան կառուցելու նպատակով , եթե տվյալ դեպքում հսկայական հողատարածք անդառնալի ոչնչացվեցին ու որը , մեր փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող սակավահող երկրի համար , մեղմ ասած, կամքի զորություն է պահանջում հանցավոր շռայլություն չորակելու համար:

Իսկ մեր առաջարկած դեպքում այդ հողատարածքները կպահպանեն իրենց տեսքն ու նշանակությունը, կծառայի մեր երկրի ինքնաբավության խնդրի լուծմանը և մայրաքաղաքի բյուջեն կհամալրվի լուրջ ֆինանսական հոսքերով: Կարևոր եմ համարում ընդգծել, որ այդ հողատարածքներըկյանքի ու հերոսական պայքարի գնով դարերի ընթացքում պահպանած մեր նախնիները մեզ պարտքով են թողել, պատգամելով, որ մենք էլ մեր ժառանգներին փոխանցենք: Ի դեպ այս տարվա ընթացքում Նորագավիթում չնայած ոչ բարենպաստ պայմաններին, արտադրվել է մոտ 100տ. Հացահատիկ, որը լուրջ նպաստ է մայրաքաղաքի բնակչության պարենային խնդրի լուծման գործում: Քանի որ նամակում բարձրացված հարցերը առնչվում են թաղամասի հարյուրավոր բնակիչների շահերին, ուստի հուսով ենք և համոզված, որ այս անգամ նամակը կհասնի Ձեզ, կվերցնեք Ձեր անձնական հսկողության տակ և հարցին վերջնական դրական լուծում կտաք: Ավելորդ չեմ համարում ընդգծել, որ դիմելով Ձեզ, որպես մեր կողմից ընտրված քաղաքային իշխանության ղեկավարի, որը կոչված է մշտապես կանգնած լինելու մեր կողքին և ջանադրաբար պաշտպանելու քաղաքային իրավացի շահերն ու արդարավի իրավունքները:

Թաղամասի բնակչության անունից կանխավ շնորհակալություն եմ հայտնում և միաժամանակ մեր պատրաստակամությունն ենք հայտնում մշտապես աջակցել և կանգնել Ձեր կողքին, ի նպաստ մեր մայրաքաղաքի առջև ծառացած ժողովրդաբոլորանվեր խնդիրների լուծմանը:

Հարգանքով՝ «Նորագավի հայրենակցական միավորում» ՀԿ նախագահ, Հայաստանի 3-րդ հանրապետության Երևանի քաղաքային անդրանիկ խորհրդի հիմնադիր պատգամավոր՝ Աշոտ Եղիազարյան