Նարեկ Կոսմոս. Թելադրություն

Նարեկ Կոսմոս. Թելադրություն

***
ավստրալիայի հրդեհներից փախչող
կոալայի պես
ցանկացել եմ մի խոնավ կետ գտնել վրադ…
բայց դու չես եղել…
ես այրել եմ քո լռությունը 
տաքացել մի քիչ…
մինչ դու
դատարկ լուցկու տուփերում
թաքցրել ես արեւը…
դու Բիթլզի քանդման
պատճառն ես դարձել
բայց ոչ Լիվերպուլում,
այլ իմ մեջ…
ու հիմա, երբ
ականջակալներումս
կորել են ականջներս,
շնչիս մեջ կորել քո արտաշունչը
ի՞նչ պիտի անեմ…
ես գիտեմ, 
որ լռությունը 
մի շրջան էլ կանի իմ մեջ
ու նորից
կմենակոտվեմ…
ու գիտեմ,
որ վառվող կոալայի պես 
անվերջ կսպասեմ լացիդ...

***
համբույրիդ դին
թաղվեց այտիս մեջ…
(ժպտում եմ դեռ)
դու իմ երեկն ես,
որին կարող եմ հենել 
իմ ամեն նոր օրը…
դու սանրում ես
գիշերվաս մազերը խառնակ,
մազակալներ անցնում հույզերիս…
(բայց ես արձակում եմ թաքուն դրանք)
դու խճճված ես իմ մենությանը
իմ մենության մեջ դու ինձ հաղթում ես…
ես քեզ հիշեցի այսօր
ու ժպիտս ինքնասպան եղավ
կախվելով դեմքիցս...

***
(...ինձ թելադրեցին քեզ ու ես սխալ գրեցի)
եթե բանաստեղծական կամուրջները չլինեին,
գուցե իմ դողոտ քայլերը 
երբեք համարձակություն չգտնեին 
քեզ մոտենալու… 
արի ու մտքիցս ջնջիր 
էս խզբզված գլխապտույտը…
արի ու նշումներ արա ինձ վրա, 
ջնջումներ արա դեմքիս
ու վերջում
էջանիշդ մոռացիր
ժպիտիս արանքում… 
ես ճզմված դեղահաբ եմ
քո լեզվին հալվող
ու այնքան եմ ուզում բուժել քեզ…
(իմ լեղի գոյությամբ),
ես այնքան եմ ուզում լինել 
միակ պատահականությունը
քո գծված կյանքում… 
ես ուզում եմ լինել միակ գնացքը,
որ իր ռելսերը կփոխի
դիմագծերիդ հետ, 
որ դիմագծերովդ 
կգնա հեռու` ժպիտիդ կանգառներն 
անգիր արած…
ինձ թելադրեցին քեզ,
ու ես սխալ գրեցի, 
ինձ թելադրեցին քեզ, 
ու ես սխալ գրեցի… 
բացակայությանդ հոտը հիմա 
ամուր կպել է սենյակիս պատերին, 
ես ինձ զգում եմ 
ձանձրույթի պարանից
կախված մի կարոտ, 
ճոճվող մի կարոտ,
որ իր կրկնությունը
վաղուց կորցրել է…
արի ու հարվածիր կարոտիս,
թող փշրվի սենյակիս
չորս ամենահեռու անկյուններում,
թող չհասնեմ, 
չսոսնձեմ այն իմ միֆերով, 
թող մի քանի քայլի անհասությամբ զգամ,
որ չկաս ու չես լինելու… 
ես տեւել եմ մեկ քաղաք,
ու շքամուտքերում 
անմիտ թերթերի 
ու հայտարարությունների փոխարեն
իմ բանաստեղծություններն են գրվել, 
կանգառներում մարդիկ սպասել են 
իմ նոր բանաստեղծությանը, 
իսկ դու սպասել ես ինձ… 
դու գիտես, որ
գետնանցումներում ծալված մթության մեջ անգամ 
ես միայն ու միայն քեզ եմ սուլում
քե՜զ…
ու դարակում,
ուր իմ գլխապտույտն եմ ես թաքցնում,
թաքցնում եմ նաեւ քեզ
ու քեզ թաքցնելու այդ հանգամանքը… 
ես խազում եմ
բառերիս սպիտակ զգայունությունը,
ու ամեն խազոցի ձայնը 
նման է քոնին… 
ես… 
ես ուղղակի մաքրում եմ կարոտս
մանդարինի պես,
ու մատներս չեն դեղնում
հիշեցնելու գոնե արեւը կամ նոր տարին… 
ես ուզում եմ գոռալ
աշխարհի բոլոր գրադարաններում, 
ուզում եմ լռել
աշխարհի բոլոր ցույցերին, 
ես ուզում եմ տաք վերարկուներ բաժանել
բոլոր սառնարաններին, 
ես այսօր ուզում եմ նստել 
գլխապտույտիս կողքին 
ու սուլել քեզ,
անվերջ սուլել քեզ… 
ես ինձ զգում եմ
ձանձրույթի պարանից 
կախված մի կարոտ,
ճոճվող մի կարոտ, 
որ իր կրկնությունը
վաղուց մոռացել է…

Լուսանկարը՝ Լիլիթ Գալստյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ