Ուղևորահոսքը մոտավորապես 30 անգամ կրճատվել է․ Տիգրան Ավինյան

Ուղևորահոսքը մոտավորապես 30 անգամ կրճատվել է․ Տիգրան Ավինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ մենք պետք է խստագույնս պահպանենք սահմանված արտակարգ դրության ռեժիմը։ Ապա դիմեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին՝ հարցնելով, թե ինչպե՞ս է գնահատում ռեժիմի պահպանման մակարդակը հանրապետությունում։

Ավինյանը նախ ներկայացրեց իր ունեցած ընդհանուր ուղևորահոսքի թվերը, որոնք եղել են 2019 թ․ մարտ-ապրիլ ամիսներին, ըստ որի՝ մենք անցյալ տարի այդ ընթացքում Երևան քաղաքում ունեցել ենք օրական միջինը 550 հազար ուղևոր,որոնք տեղափոխվել են տարբեր տրանսպորտային միջոցներով։ Մինչդեռ երեկվա՝ 25.03-ի դրությամբ ունեինք 18 հազար ուղևոր, որը նշանակում է, որ ուղևորահոսքը մոտավորապես 30 անգամ կրճատվել է։ 

«Սա Երևան քաղաքի տվյալներն են, մոտավորապես նույն պատկերն է նաև մարզերում։ Մեր քաղաքացիները, կարծում եմ, բավականին գիտակցաբար են մոտենում այս իրավիճակին։ Իհարկե, լինում են խախտումներ ազատ տեղաշարժի սահմանափակումների։ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ ոստիկանությունը երեկ 158 արձանագրություն է կազմել վարչական իրավախախտման, և պետք է ևս մեկ անգամ խնդրեմ մեր բոլոր քաղաքացիներին խստորեն հետևել ազատ տեղաշարժի սահմանափակումներին, որովհետև այս սահմանափակումները արված են միայն առողջապահական, վարակի հնարավոր տարածումը կանխելու նկատառումներով»,-ասաց Ավինյանը։

Նա հույս հայտնեց, որ եթե այս նվազ տեմպերը պահպանվեն, իրենք իրենց մատնանշած հենց յոթ օրվա ժամկետում էլ կփորձեն տեղավորվել և ավել օրեր չխնդրել, որ քաղաքացիները այս սահմանափակ ռեժիմով տեղաշարժվեն։