Ժողովրդավարության «արդարացի» պատերազմ

Ժողովրդավարության «արդարացի» պատերազմ

Ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ առաջին հոդվածներից մեկը վերնագրել էի «Հումանիստական պատերազմ»: Որքան էլ հայաստանյան ռուսատյացները ջղաձգվեն՝ դա իրոք այդպես էր: Համենայն դեպս, պատերազմի սկզբում, երբ ռուսական զորքը կարճ ժամանակում և առանց ավերածություններ գործելու հարավում հասել էր Խերսոն քաղաք: Ընթացքում պատերազմն ավելի դաժանացավ, սակայն այդ ընթացքն անտրամաբանական բնութագրել հնարավոր չէր: Գոնե ռուսական կողմի գործողությունների առումով: Բայց այսօր այն վերածվել է անտրամաբանական պատերազմի: Եվ դա ոչ թե ռուսական, այլ հենց ուկրաինական կողմի գործողությունների շնորհիվ: Ուրիշ ինչպես կարելի է բնութագրել այն երևույթը, երբ Դոնբասից նահանջող ուկրաինական բանակը շարունակում է անընդհատ հրթիռակոծել Դոնբասի կենտրոններ Դոնեցկ և Լուգանսկ քաղաքները: Ընդ որում, դա կատարվում է Արևմուտքից նոր ստացված սպառազինությամբ: Իհարկե, այնպես չէ, որ ռուսական զենքն ավերածություններ չի գործում ուկրաինական տարածքում: Բայց, ինչպես ասվեց, խոսքն, առաջին հերթին, ռազմական  նպատակահարմարության մասին է: Եթե երկրորդ համաշխարհայինում ֆրանսիացիները գործեին ուկրաինացիների նման, ապա նահանջելիս պետք է ավերեին սեփական երկիրը: Ինչը նրանք չարեցին, իսկ հիտլերական Գերմանիան հաստատ շատ ավելի դաժան էր, քան ոմանց կողմից չարիք ներկայացվող այսօրվա Ռուսաստանը:

Բայց այդ խնդրում արևմտյան  մամուլը հանդես է բերում երեք կապիկների՝ «չեմ տեսնում, չեմ լսում, չեմ խոսում» դրսևորումները: Փակագծերում ասեմ, որ ճապոնական այդ ավանդույթն ունի դրական ուղղվածություն և վերաբերում է չարն անտեսելուն, սակայն ժամանամակից մտածողությունը բացասականի է վերափոխել այն: Ինչևէ, արևմտյան մամուլի այն ներկայացուցիչները, ովքեր տեղում ծանոթանում են իրադրությանը և փորձում են օբյեկտիվ իրականությունը ներկայացնել իրենց լսարանին, սեփական երկրում վերածվում են վտարյալների (իզգոյների): Նրանց առջև փակվում են խմբագրությունների դռները, նույնիսկ առաջանում են անձնական անվտանգային խնդիրներ: Իսկ նույն արևմտյան մամուլն առանց ստուգելու լավ էլ տիրաժավորում է գրավյալ տարածքների խաղաղ բնակչության նկատմամբ ռուսական բանակի գազանությունների մասին ուկրաինական պատմությունները: Ի դեպ, շարունակում է անել, չնայած այդ հեքիաթները հիմնավորել չկարողանալու պատճառով հենց ուկրաինական խորհրդարանը վերջերս պաշտոնանկ արեց դրանց հեղինակներից մեկին՝ Ուկրաինայի ՄԻՊ Լյուդմիլա Դենիսովային:

Ինչ մնում է արևմտյան երկրներին, ապա նրանք շարունակում են զինել ուկրաինական բանակը, թեև որևէ լուրջ հաջողություն այն չի գրանցում: Եթե, իհարկե, որպես հաջողություն չենք բնութագրում ռուսական վերահսկողության տակ գտնվող խաղաղ բնակչությանը հրթիռակոծելը: Ընդհակառակը, այդ զինատեսակները կա՛մ ոչնչացվում են և կա՛մ հայտնվում ռուսների ձեռքում: Իսկ մենք կերազեինք, որ Ուկրաինային տրամադրվող սպառազինության գոնե 1 տոկոսը 44-օրյա պատերազմի ժամանակ հատկացվեր Հայաստանին: Տարեսկզբից, ըստ ռուսական աղբյուրների (կարծում եմ, որ տվյալ դեպքում ռուսատյացներն անգամ կարող են վստահել ռուսական աղբյուրներին), Ուկրաինային հատկացվել է (խոստացել են հատկացնել) 38 մլրդ 466 մլն ԱՄՆ դոլարի սպառազինություն: Համեմատության համար ասեմ, որ ՌԴ-ի 2021 թվականի պաշտպանական բնուջեն, ըստ նույն աղբյուրների, կազմել է ընդամենը 65,9 մլրդ դոլար: Ուկրաինայի ֆինանսների նախարարության հաշվարկներին հղում կատարած նույն աղբյուրների համաձայն, ռազմական գործողությունների մեկ ամսվա ընթացքում Ուկրաինան ծախսում է մոտ 10 մլրդ դոլարի սպառազինություն։ 

Ի դեպ, ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգն արդեն խոսում է բանակցությունների միջոցով պատերազմին վերջ տալու անհրաժեշտության մասին: Թեև դեռևս մեկ-երկու շաբաթ առաջ նա հակառակն էր պնդում: Պնդում էր, որ պատերազմը պետք է շարունակվի մինչև Ուկրաինայի վերջնական հաղթանակը: Հարցն, իմիջիայլոց, միայն վերջինիս անձով չի սահմանափակվում: Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում սկսվել են ռուս-ուկրաինական պատերազմի նկատմամբ իրենց դիրքորոշումները վերանայելու անհրաժեշտության վերաբերյալ քննարկումներ։ Եվրոպական այդ երկրներում գնալով ավելի են հակվում ռազմական գործողությունները որքան հնարավոր է շուտ ավարտելուն: Այդ մասին գրվել է, օրինակ, ամերիկյան «Newsweek» ինֆորմացիոն շաբաթաթերթում: Դրա առաջին դրսևորումը «Մեծ յոթնյակի» (G7) անդամ այդ երեք երկրների հապաղելն է ռուսական ոսկու ներկրման արգելքին միանալուն, ինչը որոշվել է օրերս Գերմանիայում անցկացված G7-ի գագաթնաժողովում: Նույն Գերմանիայում պետական գրանցման գործընթացում է ազգությամբ ռուսներին հնարավոր խտրականությունից պաշտպանելու կոչված հասարակական կազմակերպություն: Այն գլխավորելու է Բունդեսթագի նախկին պատգամավոր Ուլրիխ Օյմեն։ Բայց ասվածն, իհարկե, չի նշանակում, թե այդ երկրները դադարեցրել են կամ հենց վաղվանից դադարեցնելու են սպառազինության մատակարարումները Ուկրաինային: 

Հ.Գ. Որպես վերջաբան ներկայացնեմ Կրեմենչուգ քաղաքի կենտրոնում գտնվող առևտրային կենտրոնի (ԱԿ) հրթիռակոծման խնդիրը: Այն դարձել է հերթական հակառուսական հիստերիայի հիմքը: Սակայն նույն Կրեմենչուգում գտնվում են մարդիկ, ովքեր հարց են տալիս երկրի ղեկավարությանը, թե ինչո՞ւ է քաղաքի կենտրոնում, ԱԿ հետևում գտնվող կաշվի գործարանի տարածքը վերածել Արևմուտքից ստացվող սպառազինության պահեստի: Դա ցույց է տալիս, որ ՌԴ-ի դեմ պատերազմում ուկրաինական իշխանությունը ոչ թե փորձում է ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, այլ քարոզչական նպատակներով գիտակցորեն նրանց դարձնում է հրթիռակոծման թիրախ: Արևմտյան հրահանգիչները, բնականաբար, նման «մանր» բաները չեն «նկատում»: Եվ նման երևույթներով հագեցած իրականությունը մարդկանց ներկայացվում է որպես արևմտյան ժողովրդավարության արդարացի պատերազմ ընդդեմ ռուսական ագրեսիայի…