Այդ բացատրությունները հեքիաթներ են

Այդ բացատրությունները հեքիաթներ են

Ազգային ժողովի նախկին նախագահ, այժմ «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Բաբլոյանը հետեւում է երկրում տեղի ունեցող իրադարձություններին, բայց հիմա միայն բժշկությամբ է զբաղվում՝ քաղաքական հարցերի մեջ չի խառնվում։

«Ես ունեմ իմ ներքին կարծիքը, բայց չունեմ քաղաքական դիրքորոշման ներկայացման իրավունք, քանի որ ես զբաղված եմ երեխաներին բուժելով»,- մեզ հետ զրույցում ասաց պրոֆեսոր Բաբլոյանը։

- Բայց բժշկությամբ զբաղվելը չի խանգարում կարծիք հայտնելուն՝ ազատ մարդ եք, գոնե որպես քաղաքացի՝ կարո՞ղ եք ասել, Արմեն Սարգսյանի հրաժարականը Ձեզ մոտ ի՞նչ էմոցիա առաջացրեց։

- Տխրություն։

- Իսկ բացի տխրությունից՝ ուրիշ ի՞նչ զգացումներ է առաջացրել նախագահի հրաժարականը, ըստ Ձեզ՝ ի՞նչը կարող էր այդ քայլին գնալու պատճառ լինել։ Ի վերջո, Հայաստանում կարեւոր պաշտոններում գրեթե ոչ ոք մինչեւ վերջ չի պաշտոնավարում՝ հերթով ժամկետից շուտ թողնում են իրենց պոստը։ Այս ամենը չի՞ անհանգստացնում Ձեզ։

- Ընդհանրապես, անհանգստանալու շատ բան կա, բայց դե, իհարկե, քանի որ ես հիմա միայն բժշկության մեջ եմ, ձգտում եմ այլ բաներ չասել։

- Ի դեպ, ձեր ընտրած նախագահն էր Արմեն Սարգսյանը, եւ ձեզ շատ էին քննադատում, որ դուք սխալ ընտրություն եք կատարել նախագահի հարցում, սխալ մարդու եք բերել այդ պաշտոնին՝ վատ Սահմանադրությամբ, փոքր լիազորություններով։

- Դե, ես պատրաստ եմ, որ դրա համար էլ ինձ վրա մի հատ քրեական գործ բացեն (ծիծաղում է)։

- Ի դեպ, Արմեն Սարգսյանն իր հրաժարականի տեքստում դժգոհում էր, որ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի օրոք փոխված Սահմանադրությունը շատ փոքր լիազորություններով էր օժտել իրեն, եւ ինքը չէր կարողանում այդ լիազորություններով երկրին պիտանի լինել։

- Տես, դրանք բոլորը, կներես, հեքիաթ են, որովհետեւ պառլամենտական երկրներում փոխվում են սահմանադրությունները, ու մենք շատ լավ գիտենք, որ շատ երկրներ կան՝ զարգացած երկրներ, որտեղ նախագահները նույն ձեւի լիազորություններով են։ Դրա համար սրանք ուրիշ հարցեր են։

- Արմեն Սարգսյանը գուցե հենց ձե՞ր իշխանության համար էր հարմար նախագահ՝ իր այդ լիազորություններով, ոչ թե այս իշխանության։

- Ինձ համար հարմար են բոլոր այն մարդիկ, որոնք լիարժեք պայքարում են իրենց երկրի, ժողովրդի բարեկեցության ու անվտանգության համար։

- Իսկ Արմեն Սարգսյանը կարողանո՞ւմ էր լիարժեք պայքարել։

- Դրա եզրակացությունն արդեն Ձեզ եմ թողնում։