«Տոնայնությանս չխաբնվեք»․ Ֆլեշի Բարսեղը հունից դուրս եկավ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր նորքի 4-րդ զանգվածում գտնվող նստավայրում մեկնարկել է հերթական նիստը։ Սերժ Սարգսյանը , հիշեցնենք, մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Մեղադրանքը չեն ընդունում նաև այս գործով մյուս 4 մեղադրյալները՝ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը:
Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանը կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։ Նիստին մասնակցում են նաև Սերժ Սարգսյանն ու Բարսեղ Բեգլարյանը, որը քիչ առաջ հունից դուրս եկավ, երբ իր ելույթի ընթացքում մեղադրող դատախազը փորձեց միջամտել։
«Խոսքս հանկարծ չկտրեք, ինձ մի խանգարեք, ես ձեզ չէի խանգարում, երբ դուք էիք խոսում»,- բղավելով ասաց Բեգլարյանը, որից հետո դատարանը նկատողություն արեց նրան։
«Ես խնդրում եմ իմ տոնայնությանը չխաբնվեք, իմ ձայնն է այդպիսին։ Ես այստեղ որևէ մեկին վիրավորելու որևիցե ցանկություն կամ միտում չունեմ։ Եթե ձայնի բարձր տոնայնությունը վիրավորանք է դատարանի համար, ապա ես ներողություն եմ խնդրում։ Եթե դատախազի համար էլ է վիրավորանք, ես նորից ներողություն եմ խնդրում։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ եթե պիտի իմ խոսքն ընդհատեն, ուրեմն ես ընդհանրապես կարող եմ չխոսել»,- ասաց Բեգլարյանը;
Կարծիքներ