Ծանիր զքեզ

Ծանիր զքեզ

Հայեր ջան, ինչպես տեսնում եք, մեր անտարբեր հայացքի ներքո թուրքը մեզնից ամեն ինչ տանում է: Հադրութը տարան, Շուշին տարան, Բերձորն ու Աղավնոն տանում են, Տավուշի մոտ 6 գյուղ տանելու են, հետո կանդրադառնան, թե ինչ կա տանելու Վարդենիսից, Վայքից, Լոռին լավ տեղ է` Լոռուց, Գյումրին վերցնելուն էլ դեմ չեն, Երևանն էլ իրենցն է ու իրենցը: Բա այսպես ո՞նց կլինի: Տանք, տանք, տանք... Խաղաղություն էլ չկա: Տալիս ես` այդ օրը չեն կրակում, երկու օր անց նորից կրակում են, որ էլի տանք: Մեզ նման ուրիշ պետություն գիտե՞ք, որ ամեն օր մի բան տալիս է:
Գերմանիան էլ կապիտուլացվեց: Բայց գերմանացին իրեն այնպես չպահեց, ինչպես մենք: Գերմանիայի կապիտուլացված իշխանությունն ինքնակամ գնաց գրողի ծոցը, ուրիշ մարդիկ եկան, պետությունը կարգի բերեցին, վերջում էլ, մի պատ քանդելով, տիրացան երկրի մնացած մասին: Իսկ մե՞նք ինչ արեցինք: Կապիտուլացված ու բարոյապես ոչնչացված իշխանությանը պահեցինք մեր գլխին, որ հանկարծ ուրիշ մարդիկ չգան ու չփորձեն կանգնեցնել երկրի կործանումը:

Մինչդեռ մեզ ամեն օր էին ասում` քշեք այս իշխանությանը, սա պարտության իշխանություն է, սրանց մնալու ամեն օրը մի նոր կապիտուլյացիա է լինելու: Ասինք` չէ, սենց լավ ա... Ասինք` խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը և ընտրեցինք խայտառակ պարտության սիմվոլ Նիկոլին: Կապիտուլացված գերմանացին Հիտլե՞ր ընտրեր... Գերմանացիները մի քիչ հայ լինեին` Հիտլերն ինքնասպան չէր լինի: Հիտլերը լավ էր ճանաչում հայերին, հայերը կներեին իր նման ճիվաղին: Իսկ գերմանացիները` ոչ: Եվ գերմանացիներն այսօր ամենահզոր պետությունն ունեն Եվրոպայում, իսկ հայերը` մի չգիտես ինչ, որից ամեն օր բան են պոկում:

Փորձե՞նք Երևանում հարցում անցկացնել` ում կտայիք ձեր ձայնը, եթե առաջիկա կիրակի ընտրություններ լինեին: Ո՞չ... Ինչո՞ւ, վախենո՞ւմ եք: Դա արդեն լավ է, որ վախենում ենք: Դա նշանակում է, որ սկսել ենք ինքներս մեզ ճանաչել: Ի դեպ` ավանդության համաձայն՝ Սոկրատեսը երիտասարդ տարիքում տպավորվել է Դելփյան տաճարին փորագրված հույն իմաստուն Քիլոնին վերագրվող «Ճանաչիր ինքդ քեզ» («Ծանիր զքեզ») ասույթից, այն ընդունել է որպես մարդու էության, բնույթի, նրա կյանքի իմաստի ու նպատակի ճանաչման կոչ, որպես փիլիսոփայական խորհրդածությունների ելակետ: Այո, ելակետ, այսինքն` սկիզբ, որից սկսելով էլ ի վերջո հասկանալու ես քո արժեքը:

Այս պահի դրությամբ մենք մեզնից ոչ մի արժեք չենք ներկայացնում: Երբ տալիս են քամակիդ ու տնից դուրս հանում, ի՞նչ արժեքի մասին է խոսքը: Երբ արյունակցիդ տնից հանում են, իսկ դու կովի հայացքով նայում ես այդ տեսարանին, ի՞նչ արժեքի մասին է խոսքը: Եվ այսպիսի պահերին կամաց-կամաց սկսում ես ճանաչել քեզ: Կարիք չկա վիրավորվելու, փառավոր անցյալը հիշելու` թե բա մենք Արցախ ենք ազատագրել... Սուտ է, չկա նման բան: Արցախն ազատագրել է Արցախն ազատագրող մեր փոքրամասնությունը:

Ուրիշ առաջարկ էլ անեմ: Եկեք չվախենանք ու մի այնպիսի բան անենք, որ Բերձորն ու Աղավնոն չդատարկվեն: Այո, մի բան անենք և ոչ թե կովի հայացքով հետևենք, թե ինչպես է մի դուրսպրծուկ հայերին ժամանակ տալիս` լքել հայրենի օջախները: Եկեք գնանք զինկոմիսարիատներ, զինվորագրվենք, զենք պահանջենք, գնանք Բերձոր, Աղավնո, կանգնենք մեր հայրենակիցների կողքին: Չե՞ն թողնի: Ո՞վ, Նիկո՞լը: Վրեն թե չի թողնի: Նրան հարցնո՞ղն ով է: Կքշենք: Ասում եք չե՞նք կարող, քի՞չ ենք: Բա որ քիչ ենք, ու մի կապիտուլյանտ Նիկոլ չենք կարողանում քշել հայրենիք պահելու համար, էլ ինչո՞ւ ենք մեր մասին այդքան մեծ կարծիքի:

Հայեր ջան, այսօր մենք մեր 5 հազար առյուծ տղերքի արյանը ջուր խառնողներն ենք, ահա թե ով ենք մենք: