ԲԴԽ-ում քննում են դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու միջնորդության հարցը

ԲԴԽ-ում քննում են դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու միջնորդության հարցը

Մեր տեղեկություններով՝ այս պահին Բարձրագույն դատական խորհրդում նիստ է ընթանում, որտեղ ընթանում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ  միջնորդության քննությունը։ Միջնորդությունը ներկայացրել է գլխավոր դատախազը։ ԲԴԽ-ից որևէ բան չասացին այս մասով։

Նախնական տեղեկությամբ՝ Անի Հարությունյանն անցնում է «պարտքով փող տալու» և հայտարարագրի լրացման կանոնները խախտելու գործով: Մեզ ասացին, որ Հարությունյանը արտքով փող է տվել դատավորներից Գևորգ Նարինյանին, որից հետո այն չի արտացոլել իր ներկայացրած հայտարարագրում, և դատախազությունը դա կասկածելի է գնահատել՝ հարուցելով քրեական գործ։ Այս պահին հենց այդ հարցն է քննվում ԲԴԽ-ում։

Հիշեցնենք, որ Գևորգ Նարինյանի նկատմամբ ևս քրգործ կար հարուցված, և այն այս պահին գտնվում է դատարանում:

Անի Հարությունյանը 2013 թվականի հունվարի 31-ին է ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել ՀՀ վարչական դատարանի դատավոր։ 

Մանրամասներն՝ ավելի ուշ։

 

Հ․Գ․ Քիչ առաջ դատախազությունից մեր հարցին, թե ինչ  գործով է անցնում դատավոր անի հարությունյանը, տվեցին հետևյալ պատասխանը․ «Դատական օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»: