Այն ինչ կարելի է Թուրքիային, արգելված է Իրանին

Այն ինչ կարելի է Թուրքիային, արգելված է Իրանին

 

Օրերս Իրանի և Թուրքիայի ռազմական ուժերը հարվածներ են հասցրել Իրաքի (առաջինի դեպքում) և հիմնականում Սիրիայի ու որոշ չափով Իրաքի (երկրորդի դեպքում) քրդաբնակ տարածքներին: Կան զոհեր և ավերածություններ, բայց հայտնի են միայն սիրիական հարվածների տվյալները: Այդ երկրում թուրքերն, իրենց ասելով, ոչնչացրել են 254 ահաբեկչի: Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մտահոգություն է հայտևել Իրանի ու Թուրքիայի կողմից արաբական երկու երկրների նկատմամբ հարձակումների առումով՝ արձանագրելով այն հանգամանքը, որ այդ հարձակումները խախտում են Սիրիայի ու Իրաքի ինքնիշխանությունը: Ինչպես տեսնում ենք՝ անդրադարձը նորմալ է այն առումով, որ Եգիպտոսը չի կարող համարժեք պատասխան տալ Իրանին և Թուրքիային: Այժմ ներկայացնեմ մեկ այլ երկրի արձագանքը, որ կարող է համարժեք պատասխան տալ այդ երկուսին: Այդ երկիրն Իրանից պահանջել է դադարեցնել հարվածները և չխախտել Իրաքի տարածքային ամբողջականությունը՝ զերծ մնալով հետագա սպառնալիքներից ու բռնություններից: 

Հետաքրքիր է՝ ո՞րն է այն երկիրը, որ պահանջում է դադարեցնել Իրաքի հարվածները և ոչ մի խոսք չի ասում թուրքական հարվածների մասին: Հատկապես որ երկու դեպքում էլ հարվածները հասցվում են քրդական դիրքերին կամ ռազմական բազաներին: Դա, իհարկե, Միացյալ Նահանգներն է: Եթե որևէ մեկն ասի, որ Իրաքի ղեկավարությունը, ի տարբերություն Սիրիայի ղեկավարության, հովանավորվում է ԱՄՆ-ի կողմից, ապա ես կավելացնեմ, որ սիրիական քրդերն էլ, ի տարբերություն իրաքյան քրդերի, ևս հովանավորվում են ԱՄՆ-ի կողմից: Այնպես, որ խնդիրն այլ հարթությունում է: Այդ հարթությունն անվանում ունի՝ դա Հյուսիսատլանտյան դաշինքն է: Թուրքիան այդ դաշինքի անդամ է, իսկ Իրանն այդ դաշինքի կողմից ընկալվում է որպես թշնամական երկիր: Հիմա գանք Հայաստանի խնդիրներին: Հայաստանի համար Իրանն այնպիսի հարևան է, որ շահերից չի բխում Սյունիքի անջատումը ՀՀ-ից: Իսկ ՆԱՏՕ-ական Թուրքիան այն երկիրն է, որը ցանկանում է Սյունիքն անջատել ՀՀ-ից: Իսկ հիմա հարցը՝ ո՞ր կողմին է թիկունք կանգնելու աշխարհի դեռևս ամենահզոր երկիրը: Եթե մեզ համար խնդիրներ առաջանան Սյունիքի առումով:

Ինչ մնում է վերնագրում ներկայացված արտահայտությանը, ապա այն, իմ համեստ կարծիքով, պետք է որ ի գիտություն ընդունվի պապյանների և այլ արևմտականների կողմից: Եթե, իհարկե, նրանք հայրենասերներ են՝ ինչպես որ համարում են իրենք իրենց: