Լուռ հանճարը․ Բացվել է Վահրամ Գայֆեճյանի «Վերացականության ակունքներում» ցուցահանդեսը

Լուռ հանճարը․ Բացվել է Վահրամ Գայֆեճյանի «Վերացականության ակունքներում» ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է 20-րդ դարի հայ կերպարվեստի եւ գեղարվեստական կրթության հիմնադիրներից Վահրամ Գայֆեճյանի «Վահրամ Գայֆեճյան-145․ Վերացականության ակունքներում» ցուցահանդեսը։ 

«Վ․ Գայֆեճյանը (1879-1960) հայկական իմպրեսիոնիզմի խոշոր ներկայացուցիչներից եւ առաջին հայ մոդեռնիստներից է, որի արվեստը ձեւավորվել է XX դարասկզբին, ռուսական ավանգարդի միջավայրում՝ կազմելով նրա մասը։ Նկարիչը նաեւ արդյունաբերական եւ քաղաքային ժանրերի առաջատար վարպետներից է հայ կերպարվեստում։ 
Վ․ Գայֆեճյանի 145-ամյակին նվիրված այս գողտրիկ ցուցահանդեսում ներկայացված «Դեկորատիվ մոտիվներ» եւ «Գունային կոմպոզիցիաներ» շարքերը (1902-1907) նկարչի ստեղծագործության ամենավաղ՝ մոսկովյան, մոդեռն-սիմվոլիստական շրջանից մեզ հասած բացառիկ գոհարներ են։ Խորհրդային շրջանում նկարիչը գաղտնի էր պահում այդ «վտանգավոր» գործերը, եւ միայն նրա մահից հետո դուստրը՝ արվեստաբան Էլեն Գայֆեճյանը հայտնաբերեց, ասպարեզ հանեց, ուսումնասիրեց դրանք»,-իր խոսքում ընդգծում է ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Լիլիթ Սարգսյանը։ 

«Այսօր ցուցադրում ենք նրա վաղ շրջանի բացառիկ կամերային պատառիկները, որոնք ներկայացնում են նրա վերացական արվեստը: Մենք սովոր ենք, որ արվեստագետը ռեալիստական տարբերակից է հասնում վերացականի, այս պարագայում հակառակ ընթացքը կտեսնեք։ Դա ե՛ւ մոտեցում է, ե՛ւ գաղափարախոսություն Վահրամ Գայֆեճյանի դեպքում»,- կարեւորում է Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։ 

Ցուցահանդեսի բացմանը ներկա ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանն էլ նկատեց, որ միշտ է տպավորված եղել Գայֆեճյանի արվեստով, որն առաջին սիմվոլիստն է հայ կերպարվեստում․ «Ի՜նչ մեծերի հետ է նա շփվել` Կորովին, Սուրենյանց, Վռուբել՝ իր ժամանակի մեծագույն արվեստագետների հետ։ Ստեղծելով սիմվոլիզմ արվեստ՝ նա մտել է հայ կերպարվեստ որպես առաջին սիմվոլիստ նկարիչ: Ես հիացած եմ Գայֆեճյանի կյանքով, արվեստով, կրթությամբ․ ի դեպ՝ նա կրթությամբ նաեւ իրավաբան էր: Մեզ մոտ հիմա այնպես են մտածում, որ եթե նկարիչ է, ուրեմն պետք է միայն նկարի, բայց ոչ, եթե արվեստագետը մշակույթը, պատմությունը, փիլիսոփայությունը, իրավաբանությունը չի հասկանում, նա չի կարող լինել մեծ նկարիչ: Մինչդեռ Գայֆեճյանը մեր լավագույն նկարիչներից է, ու հետագայում այնպես է դասավորվել նրա կյանքը, որ կարող ենք ասել, որ նա ոչ միայն սիմվոլիստ, այլ նաեւ իմպրեսիոնիստ է ու մեծ արվեստագետ»: 

Ցուցահանդեսի համադրող Լիլիթ Սարգսյանը Վահրամ Գայֆեճյանին բնութագրեց Հենրիկ Իգիթյանի խոսքերով՝ «Լուռ հանճար»: «Ցավոք սրտի, ճակատագիրը, պատմական վայրիվերումները, խորհրդային իրականությունը, այս բոլոր ցավալի իրողությունները չնպաստեցին այն բանին, որ Վահրամ Գայֆեճյանի արվեստը համաշխարհային ճանաչում եւ արժանի գնահատում ստանա: Փորձենք այսօր համատեղ ջանքերով համաշխարհայնացնել այս հրաշքը, մենք ունենք Սարյան, Քոչար, Սուրենյանց, արվեստագետներ, որոնք եփվել են համաշխարհային մոդեռնի ու ավանգարդի կաթսայում, ճանաչում են ստացել: Վահրամ Գայֆեճյանը, հավատացեք, նրանցից մեկն է եղել, գուցե իր համեստության, զսպվածության, բայց մեծապես այն պատճառով, որ ստալինյան ռեպրեսիաների այդ դամոկլյան սուրը միշտ կախված է եղել նրա վրա։ Եվ նա չի կարողացել խորհրդային տարիներին հանրայնացնել իր գործերը»,- նշում է Լ․ Սարգսյանն ու ընդգծում, որ ներկայացված գործերը զարմանալի պատմություն ունեն։

«Վահրամ Գայֆեճյանը դրանք գրքերի արանքում էր պահել, եւ նույնիսկ նրա ընտանիքն այդ գործերի գոյության մասին չգիտեր։ Խոսքը մանրիկ գրաֆիկական շարքի մասին է, որը կոչվում է դեկորատիվ մոտիվներ եւ գունային կոմպոզիցիաներ։ Նախաաբստրակտ, մոդեռնի դարաշրջանի ոգով լեցուն այդ փոքրիկ գոհարները միայն նկարչի մահվանից հետո նրա դուստրը՝ Էլեն Գայֆեճյանը հայտնաբերել է գրքերի էջերի արանքներից, ուսումնասիրել, հետազոտել եւ մի հրաշալի գիրք է հրատարակել իր համեստ միջոցներով` ընդամենը 50 օրինակ»: