Էրդողանյան պարադոքս, կամ թուրքական տնտեսական վիճակագրության ողջ փայլն ու թշվառությունը

Էրդողանյան պարադոքս, կամ թուրքական տնտեսական վիճակագրության ողջ փայլն ու թշվառությունը

Լեռնային Ղարաբաղյան պատերազմում ակտիվ մասնակցությունը եւ հերթական լարվածությունը Արեւելյան Միջերկրականում եւ Մերձավոր Արեւելքում՝ Թուրքիայի տնտեսության վրա բավական թանկ է նստում։ Այս շաբաթվա սկզբին թուրքական լիրան էժանացավ ռեկորդային չափով՝ ավելի քան ութ կետով դոլարի հանդեպ եւ չկա ոչ մի նախադրյալ, որ կհուշի, որ այդ դեվալվացիան կարող է կանգ առնել, քանի որ երկրի արտարժութային ռեզերվները վերջանում են, իսկ աշխարհաքաղաքական ռիսկերը շարունակաբար աճում, տնտեսության վերականգնումն էլ կորոնավիրուսային համավարակի առաջին բռնկումից հետո թույլ է եղել։ Վերջին ամիսների վերականգնումն ու աճը թուրքական տնտեսությունում առ ոչինչ է դառնում գործազրկության տեմպերի թռիչքային աճի պատճառով, իսկ առեւտրային պատերազմների մեջ ներքաշվածությունը, համավարակի երկրորդ ալիքը կարող են ունենալ ամենավատ տնտեսական հետեւանքները, որոնց համեմատ նույնիսկ գարնանային լոքդաունի հետեւանքները կլինեն մեղմ։ Այս պայմաններում, սակայն թուրքական իշխանությունները շարունակաբար հայտարարում են, որ այս տարվա արդյունքներով ՀՆԱ-ն աճ է գրանցել, թեեւ վիճակագրության արժանահավատությանը հավատացողների թիվը շարունակաբար կրճատվում է։ Բացի միջազգային եւ աշխարհաքաղաքական խնդիրներից, թուրքական տնտեսության վիճակի վատթարացումը, եւ հատկապես՝ լիրայի արժեզրկումը պայմանավորված է նաեւ այդ երկրի Կենտրոնական բանկի կողմից ցուցաբերվող ոչ բավարար օժանդակությամբ։ Լիրան տարեսկզբից ի վեր կորցրել է իր արժեքի 37 տոկոսը։ Կենտրոնական բանկը ինչ որ քայլեր անում է, օրինակ սեպտեմբերի սկզբին միանգամից երկու տոկոսային կետով բարձրացրեց մեկնարկային տոկոսադրույքը, այն հասցնելով 10,25-ի, սակայն էֆեկտը կարելի է ասել, եղավ զրոյական։ Ներդրողները հույս ունեին, որ հոկտեմբերի քսաներկուսին գոնե Կենտրոնական բանկը նորից կբարձրացնի մեկնարկային տոկոսադրույքը, սակայն դա չարվեց, պատճառաբանությամբ, որ սղաճային ռիսկերի զսպման համար ձեռնարկվող միջոցառումները դրամավարկային քաղաքականության մեջ արդեն իսկ բավական խստացվել են։ Արդյունքում լիրան շարունակում է արժեզրկվել, քանի որ շուկան կասկածում է, որ թուրքական ԿԲ-ն կկարողանա հաղթահարել արագ աճող սղաճն ու արտարժութային պաշարների արագ կրճատումը:

EADaily