Կոռուպցիան հենց այսպես է լինում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում
Կոռուպցիան հենց այսպես է լինում

Երբ պետական պաշտոնյան իր պաշտոնավարումը համատեղում է մեկ այլ աշխատանքի հետ, առկա է լինում հետաքրքրությունների կամ շահերի բախում:

Դա ավելի ակնհայտ է դառնում, երբ պետական պաշտոնյան միաժամանակ հանրային նշանակության կամ ոչ պետական որեւէ կազմակերպությունում ինչ-որ դիրք է զբաղեցնում: Ընդ որում, ընդհանրապես կարեւոր չէ, թե ինչ բարոյական արժեքների տեր է անձը, եւ ինչ գործունեություն է իրականացնում այն կազմակերպությունը, որտեղ գործունեություն է ծավալում այդ անձը: Բացի այդ, քննարկվող դեպքում կարեւոր չէ նաեւ պետական պաշտոնյայի՝ այդ կազմակերպությունում վարձատրվելու կամ հասարակական հիմունքներով աշխատելու հանգամանքը: Խնդիրը, որն այժմ ցանկանում եմ բարձրացնել, շատ պարզ է՝ արդյոք պետական պաշտոնյայի մեկ այլ տեղ աշխատելը կոռուպցիոն ռի՞սկ է պարունակում, թե՞ ոչ:

Պարզից էլ պարզ է, որ հետաքրքրությունների կամ շահերի բախումը ենթադրում է այն իրավիճակը, երբ պետական պաշտոնյան իր՝ օրենքով սահմանված պարտավորությունների եւ ուղղակի պարտավորությունների միջեւ ընտրություն է կատարում: Այլ կերպ ասած՝ նա պետք է ընտրի, թե ինչն է իր համար առաջնահերթ՝ այն, ինչ ինքը պարտավո՞ր է անել, թե՞ ինչը պետք է անի: Հենց այս բախումն իր մեջ կոռուպցիոն ռիսկ է պարունակում:

Երեւանի պետական համալսարանը միշտ հանդիսացել է պետական բարձրաստիճան պաշտոնյաների շահերի կամ հետաքրքրությունների բախման թատերաբեմ: Դա արտահայտվել է շատ ոլորտներում: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում գործում էր «Արդշինբանկ»-ը, որը հանրային գիտակցության մեջ կապվում է ՀՀ երկրորդ նախագահի որդու հետ: Սերժ Սարգսյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր, եւ, հետեւաբար, վերջինիս օրոք նույն տեղում գործում էր արդեն «Արարատբանկ»-ը, որի սեփականատերը, նույն հանրային գիտակցությամբ, նույնականացվում էր ՀՀ երրորդ նախագահի հետ: Բացի այդ, առայսօր ԵՊՀ աշխատակիցների ճնշող մեծամասնությունն աշխատավարձ է ստանում «Արարատբանկ»-ի էլեկտրոնային քարտերի միջոցով: Չեմ ցանկանում խորանալ այլ մանրամասների մեջ, սակայն ենթադրում եմ, որ թե՛ «Արդշինբանկ»-ը, թե՛ հետագայում «Արարատբանկ»-ը լուրջ ներդրումներ եւ, հետեւաբար, եկամուտ են ունեցել՝ համագործակցելով ԵՊՀ-ի հետ: Բերված օրինակները միայն մեկ ոլորտին են վերաբերում, որտեղ առկա է պետական պաշտոնյայի՝ օրենքով սահմանված պարտականությունների եւ հասարակական գործունեությամբ պայմանավորված պարտավորությունների շահերի կամ հետաքրքրությունների բախում: Հետաքրքրությունների այդօրինակ բախումն ակնհայտ է: Սակայն գոյություն ունի հետաքրքրությունների կամ շահերի բախման մի այնպիսի տեսակ, երբ պետական պաշտոնին հավակնում է անձ, ով արդեն ունի այլ բնագավառում շահ կամ հետաքրքրություն, ինչը հետագայում կարող է բախվել նույն անձի հանրային պարտականության հետ: 

ԵՊՀ ռեկտորի պաշտոնի հավակնորդ է համարվում նույն բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը: Եթե մի կողմ դնենք վերջինիս անձնական արժանիքներն ու թերությունները եւ նշենք, որ Գեւորգյանն «Էվոկաբանկ»-ի խորհրդի նախագահի տեղակալն է, ապա կփաստենք, որ նկարագրված դեպքն անձի շահերի կամ հետաքրքրությունների բախման դասական օրինակ է: Անշուշտ, այժմ այդ բախումը չկա կամ գոնե երեւացող չէ, սակայն Գեւորգյան Գեղամի՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում հնարավոր ընտրվելուց հետո կբախվեն վերջինիս հետաքրքրություններն ու հանրային պարտականությունը: Եվ այդ դեպքում հնարավոր է, որ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում «Արարատբանկ»-ին փոխարինի «Էվոկաբանկ»-ը, ինչպես նաեւ ԵՊՀ աշխատակիցներն աշխատավարձ ստանան «Էվոկաբանկ»-ի էլեկտրոնային քարտերով:

Աներկբա է, որ պետական պաշտոնյայի անձնական հետաքրքրությունների կամ շահերի եւ հանրային պարտականությունների միջեւ բախումն ի վերջո հանգեցնում է կոռուպցիայի: Իհարկե, մարդկությունը կայացրած մի շարք իրավական ակտերով փորձում է հակազդել այս երեւույթին, սակայն հակազդելու ամենաիրական միջոցը կանխարգելումն է, որը եւս պետք է իրագործվի իրավական ակտերով, ինչպես նաեւ հասարակական ներգործությամբ: Երկու ձեւաչափերն էլ կիրառելի են, սակայն համոզված եմ՝ հասարակական ներգործությունը շատ ավելի կարեւոր է: Հակառակ դեպքում մենք միշտ կունենանք սեփական հետաքրքրություններով սահմանափակված պաշտոնյաներ, որոնց համար հանրային պարտականությունների կատարումը երկրորդային դեր կունենա: Բա կոռուպցիան էլ ինչպե՞ս է լինում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ