Լիակատար ձախողում
Երեկ կրկին սոցհարցումների արդյունքներ հրապարակվեցին, ինչպես միշտ՝ կասկածելի, բայց այդ բոլոր հարցումների մեջ մի ընդհանուր գիծ կա, որը հավաստի է, որքան էլ որ ցավալի լինի դա ընդունելը: Հայ ընտրողը, ՀՀ քաղաքացին շփոթահար է, մոլորված, հուսահատ` չգիտի ում ընտրել եւ ինչու: Մի հսկայական տոկոս մշտապես հայտարարում է, որ չի մասնակցելու ընտրություններին: Ոչ պակաս մեծաքանակ մի հատված էլ հայտարարում է, որ չի ուզում պատասխանել կամ` չգիտի, թե ում կտա իր ձայնը: Եվ սրանում մեղավորը ոչ այնքան ընտրողն է, որքան ընտրվողները: Իշխանությունը, որն այնպես է ապականել ու փչացրել քաղաքական դաշտը, այնքան է վարկաբեկվել ու վարկաբեկել ընտրություն կոչվող երեւույթը, որ մարդիկ դրա արդյունքներին, դրա արդարությանը եւ դրանց միջոցով լավ իշխանություն ձեւավորելու գաղափարին այլեւս չեն հավատում:
Մեղավոր է նաեւ հավաքական ընդդիմությունը, որն այնքան է պասիվացել, հայտնվել լուսանցքում, այնպես է մի կերպ քարշ գալիս իրադարձությունների պոչից, որ նրա հետ հույսեր կապելն ու նրան ընտրելն էլ է դարձել անհնարին: Մարդիկ մնացել են վատի ու վատթարի միջեւ ընտրելու հույսին: Սկսել են մտածել, որ լավ քաղաքական ուժ, հայրենիքին նվիրված քաղաքական գործիչներ, երկրին ծառայող իշխանություն պարզապես չեն լինում: Արդյունքում մերժում են բոլորին, հրաժարվում մասնակցել ընտրություններին: Բայց երեկ հրապարակված արդյունքներում ոչ միայն հանրային հիասթափության, ապատիայի, քաղաքական ուժերին համատարած մերժելու, ընտրությունները բոյկոտելու տրամադրություններ էին գերակշռում, այլեւ մի ավելի վատ բան կար` մարդկանց մի մեծ խումբ պատրաստ է ձայն տալ դոգերին ու նրանց անվան տակ հանդես եկող քաղաքական ուժին: Սա, ինչպես ասում են, վերջն է: Լիակատար ձախողման ապացույցը:
Կարծիքներ