ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայ-ադրբեջանական սահմանային սրացման հետ կապված հանդես են եկել հայտարարությամբ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայ-ադրբեջանական սահմանային սրացման հետ կապված հանդես են եկել հայտարարությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, կապված հայ-ադրբեջանական սահմանին նախօրեից սկսված լարվածության հետ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների, ինչպես նաև այլ աղբյուրների հաղորդումների համաձայն՝ հուլիսի 12-13-ը հրադադարի լուրջ խախտում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, ինչը հանգեցրել է կորուստների: Տարբեր տրամաչափի հրետանի է կիրառվել երկու ուժերի կողմից էլ։ Համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ափսոսանք են հայտնել մարդկային կորուստների առնչությամբ եւ ցավակցություն հայտնել զոհվածների եւ վիրավորվածների ընտանիքներին։ Ըստ հայտարարության, համանախագահները եւ Անջեյ Կասպրշիկը սրացման մեկնարկից սկսած մշտական կապի մեջ են եւ հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ։ Համանախագահները դատապարտեպ են հրադադարի վերջին խախտումները եւ կողմերին կոչ անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը կանխելու իրավիճակի հետագա բոլոր սրացումները, այդ թվում և նրանց միջև առկա անմիջական շփման ուղիների օգտագործումը: Մինսկի խմբի համանախագահները նաև կոչ են անում կողմերին հնարավորինս շուտ վերականգնել կայուն բանակցությունները։ Նրանք նաեւ հավաստիացրել են, որ ԵԱՀԿ դիտորդները հենց որ պայմանները թույլ տան, կվերադառնան տարածաշրջան։