Փելոսին եկավ ու ուղիղ հարցրեց՝ դուք ի՞նչ եք ուզում․ չունենք մի փաստաթուղթ, որի վրա գրած կլիներ՝ մենք ինչ ենք ուզում

 Փելոսին եկավ ու ուղիղ հարցրեց՝ դուք ի՞նչ եք ուզում․ չունենք մի փաստաթուղթ, որի վրա գրած կլիներ՝ մենք ինչ ենք ուզում

Վստահությունն ու հավատը այս պահին հասել է նվազագույն աստիճանի։ Իրավիճակի շտկման հետ կապված որևէ ակնկալիք չունի հասարակությունը քաղաքական համակարգից։ Ապագայի առաջարկ ձևավորելու ցանկություն գոնե այս պահին չի դրսևորվում, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք խորանալ «մեղավորը դու ես, մեղավորը նա է, մեղավորը նրանք են» դիսկուրսի մեջ։ Եթե քաղաքական համակարգը չի կարողանում իր միջից դուրս բերել ռազմավարական լուծումներ, ապա ի՞նչ է պետք անել։ Սա  է ամենակարևոր հարցը։ Որովհետև պետականությունը կարող է ինչ-որ մի պահի կազմաքանդվել, բայց պետությունը ինքը պիտի ինքը իր մեջից դուրս բերի նոր պետականություն։

Այս մասին քիչ առաջ «Հայկական օրակարգ․ սրընթաց զարգացումների շեմին» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։ Քննարկումը նախաձեռնել է «Այլընտրանքային նախագծեր» խումբը։

«Մենք հիմա կանգնած ենք մի հարցի առաջ՝ արդյոք մեզ կհաջողվի ձևավորել նոր պետականության հիմքեր։ Այդ նոր պետականության հիմքերը պիտի օրգանապես փոխկապակցված ու հիմնված լինեն հայկական շահի վրա, իսկ հայկական շահի ընկալումը այսօրվա իրականության մեջ ևս խեղված է, որովհետև չկա մի ռազմավարական փաստաթուղթ, որտեղ գրված կլինի, թե վերջապես որն է հայկական շահը։ Չկա մի փաստաթուղթ, որտեղ հստակ գրված կլինի, թե ի վեջո ինչ ենք մենք ուզում։ Իսկ մենք այպես օրերով կարող ենք քննարկել, թե ինչ է ուզում Ռուսաստանը, ինչ է ուզում Իրանը, ինչ է ուզում ԱՄՆ-ը և այլն։ Ամենակարևոր հարցը այն է, թե ինչ ենք ուզում մենք ինքներս։ Այո, մենք ի՞նչ ենք ուզում։ Երբ որ Ռուսաստանը փորձում էր իր քաղաքականությունը մշակել Հարավային Կովկասում, նա փորձում է հասկանալ, թե օրինակ հայակական կողմը ինչպիսի ամբիցիաներ ունի ու արդյոք այդ ամբիցիաները համապատասխանում են ռուսական կողմի շահերին, թե ոչ։ Փելոսին եկել է ստեղ ու ուղիղ հարցնում է՝ դուք ի՞նչ եք ուզում։ Որ ասում են՝ զենք տվեք, փող տվեք, սա տվեք, նա տվեք, դրանք միջոցներ են, նպատակն է անհայտ»,- հավելեց նա։