Արցախի իշխանությունները պետք է գիտակցեն, որ բացի իրավունքներից ունեն նաև պարտականություններ
Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու եւ նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ:
Բացի դրանից, չեղարկվել է հումանիտար հրատապ կարիքներից ելնելով այսօր նախատեսված Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով տասնյակ անձանց ուղեւորափոխադրումը, որը պետք է տեղի ունենար ռուս խաղաղապահների կողմից:
Կասեցվել է նաեւ հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը:
Արցախի Հանրապետության իշխանությունները հերթական անգամ արձանագրում են, որ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում տեղադրված ապօրինի ադրբեջանական անցակետն ինքնին մեծագույն վտանգ ու խոչընդոտ է Արցախի եւ Հայաստանի միջեւ ազատ տեղաշարժի ապահովման հարցում: Այսօրվա միջադեպը վերստին հաստատում է այդ վտանգների ու խոչընդոտների առկայությունը՝ լրացուցիչ կերպով սպառնալիքի տակ դնելով Արցախի ժողովրդի սուր հումանիտար կարիքների համար նույնիսկ Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների կողմից մարդկանց ու բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը:
Արցախի իշխանությունները վերահաստատում են իրենց դիրքորոշումը, որ անհապաղ ու անվերապահ կերպով պետք է ապահովվի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված Լաչինի միջանցքի ռեժիմը առանց ադրբեջանական որեւէ միջամտության, ինչպես նաեւ պետք է կատարվի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումն այդ հարցի վերաբերյալ»,- նշվում է շտաբի հայտարարության մեջ:
Արցախի «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր ղեկավար Արշակ Աբրահամյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական կողմի հերթական սադրանքին ընդգծեց. «Արցախի իշխանությունները պետք է գիտակցեն, որ բացի իրավունքներից ունեն նաև պարտականություններ սեփական ժողովրդի առջև և պետք է ցուցաբերեն խոհեմություն, ստանձնեն պատասխանատվություն՝ երկիրը փրկելու համար, իսկ եթե չեն կարող գիտակցել սեփական սխալները և շտկել իրավիճակը, ապա պետք է ցուցաբերեն խոհեմություն և լուռ հեռանան։ Պետք է պայքարել սեփական հայրենիքում ապրելու և արարելու իրավունքի համար։ Ադրբեջանը հերթական անգամ փորձում է հոգեբանորեն ճնշել արցախցիներին, ստեղծել կենցաղային դժվարություններ և անելանելի իրավիճակ, որի հիմնական նպատակն է Արցախի հայաթափումը»:
Կարծիքներ