Այդ նույն տրամաբանությամբ կարելի էր Ֆիզկուլտը միացնել Կոնսերվատորիայի հետ

Այդ նույն տրամաբանությամբ կարելի էր Ֆիզկուլտը միացնել Կոնսերվատորիայի հետ

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու գաղտնի նախագիծը մի քանի օր է` փոթորկել է բուհերի ուսանողությանն ու պրոֆեսորադասախոսական կազմին։ Ավելին՝ որոշ տեղեկությունների համաձայն, շրջանառվող նախագծին արդեն 4 գերատեսչություն դրական կարծիք է տվել, բայց միավորվող բուհերի ռեկտորները նույնիսկ չեն էլ տեսել այդ նախագիծը: 

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ նախագծին ծանոթ չէ, եւ որեւէ ծանուցում չեն ստացել շրջանառվող փաստաթղթի հետ կապված, բայց թեմային տեղյակ է, որը բնավ նոր չէ, քանի որ դեռեւս 2013-14-ից շրջանառվում է նման խոսակցություն, իսկ 2019-ից էլ ոչ պաշտոնական խոսակցություններ են գնում, բայց առարկայական որեւէ խոսակցություն չի եղել, բացառությամբ վերջին մի քանի ամիսների․ 

«Այս թեմայով 2 անգամ զրույց եմ ունեցել ԿԳՄՍ փոխնախարար Թռչունյանի հետ, բայց ոչ թե կոնկրետ նախագծի շուրջ, այլ մտքերի փոխանակում բուհերի վերամիավորման շուրջ, առանց մատնանշելու որեւիցե բուհ։ Մոտ 2 ամիս առաջ էլ նախարարն է հրավիրել քննարկման` կառավարության որոշումից հետո։ Քննարկմանը ներկա էինք ես եւ Բրյուսովի ու մանկավարժականի ռեկտորները, որի ընթացքում ներկայացվեց ակադեմիական քաղաքի որոշումը, նաեւ գաղափարը, որ հնարավոր է այդ կրթական ծրագրերը, որոնք կրկնվում են, եւ այն բուհերը, որոնք խնդիրներ ունեն, լինեն միավորումներ կամ նոր բուհի ստեղծում։ Այդ մասով նախարարն ասաց, որ այն դեռեւս գաղափար է, եւ երբ կլինի նախագիծ, այն կուղարկվի բուհերին, որպեսզի բուհերն իրենց դիրքորոշումն ու կարծիքն արտահայտեն»։ 

Քանի որ քննարկմանը 3 բուհերի ռեկտորներ են մասնակցել, Դ․ Խիթարյանի դիտարկմամբ, ներկաները հասկացել են, որ խոսքը հենց իրենց է վերաբերում․ «Ես իմ դիրքորոշումը հայտնեցի, որ դեմ եմ միավորմանը, քանի որ մենք կոնկրետ ոլորտային բուհ ենք, 2 համալսարան եւ մեկ ինստիտուտ, իսկ ինչու՞ մենք չենք դարձել համալսարան, որովհետեւ մենք կոնկրետ մեկ ոլորտի հետ գործ ունենք՝ սպորտի եւ սպորտը սպասարկող մասնագիտությունների հետ։ Մինչեւ հիմա դեռեւս չենք ստացել որեւէ նախագիծ, բնականաբար, մեր կարծիքը կլինի բացասական, որովհետեւ այդ նույն տրամաբանության մեջ մենք ոլորտային բուհեր շատ ունենք, օրինակ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, Խամփերցյանի ավիացիոն ինստիտուտը, Հակաճգնաժամային կառավարման ակադեմիան, Գեղարվեստի ակադեմիան, Կոնսերվատորիան, դրանք բոլորը ոլորտային բուհեր են։ Եթե գնում է համալսարանների միացման հետ, կարծում եմ՝ դա մի այլ խնդիր է, բայց ոլորտային բուհերն ընդհանուր ոչ մի բան չունեն։ Այդ նույն տրամաբանությամբ` կարելի էր մեզ միացնել նաեւ Կոնսերվատորիայի հետ, որովհետեւ Կոնսերվատորիայի շրջանավարտներն էլ իրավունք ունեն դպրոցներում երաժշտության դասատու աշխատել, բայց դա տրամաբանությանը մի քիչ մոտիկ չէ։ Հետո` ֆիզկուլտուրայի ուսուցիչը մեր գործառույթների շատ փոքր մասն է, որովհետեւ մեծ ոլորտ է` մարզիչներ պատրաստելը, սպորտսմենների, թիմերի համար ֆիզիոթերապեւտներ, կինեզիստներ, սպորտի հոգեբաններ պատրաստելը, էլ չասեմ` սպորտի կառավարումը, մարքեթինքը, մարզական լրագրությունը, սպորտային տուրիզմը։ Մեր ինստիտուտում չկա որեւէ կրթական ծրագիր, որն անմիջական կապ չունենա սպորտի հետ, իսկ ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասով, եթե մտածում են, որ մեկ այլ բուհ կարող է ավելի լավ կրթություն իրականացնել, քան մենք, այդ պետպատվերները թող տան իրենց»։  

Ռեկտորն ասում է՝ իրենց հարցումները ուսանողության շրջանում, որն անցկացրել են անցած տարի, ցույց են տվել, որ միայն 17 հոգին են պատրաստ գնալ դպրոց` ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել, ու դա ոչ թե միավորման կամ համալսարանների հետ կապ ունի, այլ՝ ուսուցիչների աշխատավարձի․ «Բնականաբար, 75-90 հազարով ոչ ոք չի ուզում գնալ դպրոց, մենք այսօր մարզիչներ ունենք, որոնք մասնավոր ոլորտում են աշխատում՝ ֆիթնես ակումբներում, եւ 400 հազարից մինչեւ միլիոն աշխատավարձ են ստանում: Այս պարագայում ինչո՞ւ պետք է գնան դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատեն»,-ասում է ռեկտորն ու հավելում, որ կամավոր ատեստավորումն այդ մասով որոշակի ակտիվություն է մտցրել։  

Թե Ֆիզկուլտինստիտուտի միավորումը կրթական ծրագրերից զատ, տեխնիկական մասով ինչպես է հնարավոր իրականացնել՝ ռեկտորը դժվարանում է պատասխանել․ «Ընդհանրապես, ցանկացած պրոցես սկսելուց առաջ ինչ-որ հետազոտություն է արվում, խնդիրներ են վեր հանվում, անգամ մենք եթե նախարարություն նոր կրթական ծրագիր ենք ներկայացնում, իրենք անպայման ասում են, որ դուք պետք է միջազգային փորձն ուսումնասիրեք։ Հիմա արդյո՞ք այդ միջազգային փորձն ուսումնասիրված է։ Կա՞ն այլ երկրներ, որոնք այս ճանապարհով գնացել են եւ հաջողության են հասել։ Ես դրա հակառակ օրինակը փաստացի կարող եմ բերել․ Վրաստանում, Սովետական Միության փլուզումից հետո, ֆիզկուլտուրայի ինստիտուտը փակեցին, միացրեցին մանկավարժական ինստիտուտին եւ 5 տարի առաջ նորից վերականգնեցին, որովհետեւ ամբողջ ոլորտը կորած էր, եւ դա փաստացի երեւում է, այն արդյունքները, որոնք այս վերջին 5 տարում Վրաստանը սպորտային աշխարհում գրանցել է, դրա վկայությունն է։ Մեր հարեւան թշնամի Ադրբեջանը մինչեւ հիմա առանձին ակադեմիայի կարգավիճակով է պահում իր բուհը, որը կոչվում է Ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ակադեմիա»։ 

Բուհի ռեկտորն ասում է՝ չեն դժգոհում նաեւ ուսանողների թվից, դիմորդների պակաս հատկապես վերջին տարիներին չունեն․ «Այս պահի դրությամբ ունենք 2300 ուսանող, բայց գուցե դրա կարիքն էլ չկա, հակառակը` պետք է պետական աջակցությունը, ֆինանսավորումը մեծացվեն, որպեսզի մեր հնարավորությունները մեծանան, որովհետեւ պետությունն ընդամենը 15 տոկոսն է փոխհատուցում՝ պետպատվերով սովորող ուսանողների ուսման վարձի համար։ Այսինքն` այդ արհեստական միացումն այնպես չէ, որ բյուջեի կրճատում է բերելու, որովհետեւ 75 տոկոսը ձեւավորվում է մեր ճիշտ կառավարման եւ ինստիտուտի վարկանիշի հաշվին, որի արդյունքում դիմորդներ ունենք։ Մեր վերջին 3 տարվա դիմորդների քանակը գերազանցել է վերջին 12 տարվա սահմանաչափը։ Այսինքն՝ մենք չունենք այնպիսի խնդիր, որ դիմորդ չունենք, կամ մահանում է մեր մասնագիտությունը՝ ոչ։ Եթե նման խնդիր ունեն ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի ֆակուլտետները, բնական է, պետությունը պետք է վերլուծություն անի, եւ որ բուհն արդարացնում է իր տված կրթությունը, թող բոլոր պետպատվերները տա այդ բուհին։ Սրանք քննարկման նյութ են, բայց այնպես է ստացվում, որ այս երկու օրը լրիվ «եթե-ների» վրա է ասվում։ Մենք սպասում ենք կոնկրետ նախագծին, որպեսզի հիմնավորումներով կարողանանք ապացուցել, որ ոլորտային բուհերը չի կարելի համեմատել այն կրթական ծրագրերի հետ, որոնք 5-6 բուհ իրականացնում են»։