Ճիշտը Ագարակից գալն է

Ճիշտը Ագարակից գալն է

Եվ այսպես, պետական կրկեսը մեկնեց մարզային հյուրախաղերի: Խաղացանկում ապրիլի 5-ի հանրաքվեն է: Երեւանում, կարելի է ասել, խոտանվեց եւ նույնիսկ ապօրինի որակվեց կրկեսավարի հանդուգն ծրագիրը, բայց մարզերում, բոլորս էլ գիտենք, մի քանի անգամ ավելի հեշտ է պսպղուն խոտանը մարդկանց վրա սաղացնելը: Բոլոր ակտյորները՝ ծաղրածուից մինչեւ աճպարար, իմքայլական են: Վարժեցված կենդանիներին թողել են Երեւանում, որովհետեւ նախ՝ կառավարական ուղղաթիռում այդքան տեղ չկա, եւ ապա՝ նրանք պետք են մայրաքաղաքում, որպեսզի երեւանցիներն էլ տխրելու առիթ չունենան: 

Մի քանի վայրկյան ունկնդրելով առաջին միտինգում հնչած քարոզչությունը՝ հնարավոր էր հասկանալ, որ «այո»-իստներն ամենեւին էլ հանրաքվեի առարկայի մասին չեն խոսում: Հիշեցնեմ՝ այս հանրաքվեն սահմանադրական «բարեփոխման» մասին է, իսկ հանրաքվեի առարկան՝ ՍԴ կազմը, որն ուզում են կոմպլեկտավորել վահեգրիգորյաններով: Մեջտեղում քաղաքական հարց չկա, իսկ դուք փորձում եք ամեն կերպ քաղաքականացնել հանրաքվեն ու ցույց տալ, որ օրակարգում հեղափոխության լինել-չլինելու հարցն է, Նիկոլին պահել-պահպանելու գերխնդիրը: Դա շատ ծիծաղելի է, ծափահարություններ, օվացիա, բայց, կներեք, ձեզ ոչնչով օգնել չենք կարող, որովհետեւ դուք, ինչպես մի առիթով ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ապրում եք մեր իրականության հետ աղերսներ չունեցող այլ հարթության մեջ:

Հարգելի ընթերցող, իսկ հիմա պատկերացրու, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե «ոչ»-ի քարոզչախմբերն էլ գործեն նույն ոգով եւ, հանրաքվեի թեման թողած, ընկնեն իշխանությունների հետեւից՝ մեկ առ մեկ ի ցույց դնելով նրանց խայտառակ ձախողումները՝ արտաքին քաղաքականությունից սկսած, թոշակառուների խնդիրներով վերջացրած: Վստահեցնում եմ, որ ապրիլի 5-ին մենք արդեն մոռացած կլինենք, թե ինչի համար պետք է գնանք ընտրատեղամաս եւ ինչին պետք է ասենք «այո» կամ «ոչ»:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն Ագարակում, կարելի է ասել, քեռուն քեռակնգա հետ հարաբերվել էր սովորեցնում: Թե բա՝ ժողովրդավարական երկրներում ընդունված է տարբեր առիթներով ժողովրդի կարծիքն իմանալու այս ձեւը՝ հանրաքվեն: Նրա կարծիքով, ագարակցիները պետք է զարմանային այդ հայտնությունից՝ յա՛ա՛ա՛… Բայց ի՞նչ իմանար Արայիկ Հարությունյանը, որ այդ նույն ագարակցիները Հայաստանի վերաանկախացումից ի վեր 4-5 հանրաքվե են տեսել, այնպես չէ, որ իրենք են ՀՀ առաջին իշխանությունը, որ հանրաքվե է կազմակերպում:

Հետո ԿԳՄՍ նախարարն անցավ նախկինների վերադարձը թույլ չտալու, հեղափոխությունն ու Նիկոլին փրկելու հրամայականին: Միով բանիվ, անբովանդակ ելույթ, որի համար Ագարակ հասնելն Արայիկի պարագայում ավելորդ շքեղություն էր: Այսուհանդերձ, ես Արայիկ Հարությունյանին ամենեւին էլ իր ելույթի համար չհիշատակեցի: Ինձ հետաքրքրել էր բոլորովին այլ հարց, որ ընդհանրապես կապ չուներ հանրաքվեի հետ: Խիստ «բազմամարդ» միտինգում մեծամասնություն էին կազմում դպրոցահասակ երեխաները, որոնք այդ պահին պետք է լինեին դպրոցում եւ ոչ թե հրապարակում: ԿԳՄՍ նախարարին, կարծում եմ, դա պետք է խորհելու առիթ տար, բայց նա կարեւորություն չտվեց, այսպես ասած՝ Սերժի ժամանակներին հատուկ այդ տեսարանին եւ անվրդով շարունակեց խոսել քաղաքացիների՝ «այո» ասելու «հույժ կարեւոր առաքելության» մասին: Իմ գնահատմամբ, սա սերժական տիպիկ հանրահավաք էր, միայն թե շարֆերին փոխարինում էին «այո» մակագրությամբ գլխարկները:

Եվս մի դիտարկում: Բեմի դատարկությունը վկայում էր, որ Փաշինյանը հանրաքվեն սատարող ուժերի ներկայացուցիչներին արգելել է գտնվել իր հետ՝ նույն մանեժում: ՀԱԿ-ի կամ «Հանրապետություն» կուսակցության ելույթները կարող են «անցանկալի» հարցեր առաջացնել հանրության շրջանում: Արդեն իսկ հասկանալի է, որ հնի ու նորի պայքարի այս «պլաստինկան» զլելով՝ կրկեսը մարզերից կհասնի Երեւան եւ կամփոփի իր բովանդակազուրկ թատերաշրջանը: Միտումնավոր չեմ ասում «քարոզարշավը», որովհետեւ հանրաքվեի առարկայի հետ կապված քարոզչություն պարզապես չկա:
Ի՞նչ կհակադրի սրան «ոչ»-ի «շտաբը», դժվար է ասել: Այն, որ մինչ օրս այդ շտաբի «դրոշով» մարտի են գնում բացառապես իրավաբանները, արդեն ինչ-որ բան հուշում է իշխանությունների ձեռնարկած բոլոլայի ճակատագրի մասին: Իմ համեստ կարծիքով՝ ոչինչ էլ պետք չէ ձեռնարկել: Բացառված չէ, որ հաջորդ մարզում արդեն այս կրկեսին սուլեն, երրորդում՝ փոցխով ու բահով քշեն, հետո պահանջեն խոստացված փողերը եւ այսպես՝ մինչեւ Երեւան: Իսկ ինչ վերաբերում է Երեւանին, ապա մենք արդեն գիտենք, թե ինչպիսի աղջիկներ են երթեւեկում մետրոյով, որտեղ են հայտնվում «այո»-ի բուկլետները, ինչպես է երեւանցիներին դիվադադար անում «այո»-ի քայլերգը:
Այն, որ «ոչ»-ի իրավաբաններն ուշի-ուշով հետեւում են այս ընթացքում Փաշինյանի կատարած օրինախախտումներին եւ ամենայն մանրամասնությամբ գրառում դրանք, արդեն իսկ լավ է: Այդ եւ մնացած խախտումները հիմք են տալու բողաքարկել հանրաքվեի անցանկալի ելքը, այն է՝ «այո»-ն, իսկ «ոչ»-ի հաղթանակի կամ հանրաքվեն չկայանալու դեպքում էլ կդառնան իրավապահներին հետաքրքրող ապացույցներ: Կարծում եմ՝ «ոչ»-ի իրավաբաններին լիուլի կբավականացնեն լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը՝ հանրաքվե-խայտառակությունը քննադատելու եւ ապրիլի 5-ին «ոչ»-ի հաղթանակը նյութականացնելու համար:

Եվ վերջում կուզենայի երկու խոսք ասել իշխանության վարժեցրած կենդանիների մասին: ՀՀ կառավարությունը, որ ապահովում է այդ կենդանիների սնունդը, մի շարք պատճառներով պատասխանատվություն չի կրում նրանց վարքի համար: Միանգամից ասեմ, որ սա ճիշտ դրվածք չէ, որովհետեւ այդ կենդանիների ցանկացած նեգատիվ դրսեւորումների ժամանակ հանրությունը հիշում է կառավարությունում նրանց տերերին եւ ամենից շատ Փաշինյանին: Մարդկային այդ տեսակը, չգիտեմ ինչպես ասեմ, «չի դզում» քաղաքացիներին, հասկանո՞ւմ եք, մարդ ուզում է մի բան վերցնի ու տա գլխներին, երբ փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ: Վերջերս էլ մի երկու փաստաբան են վարձել ու քարոզչություն սկսել «ոչ»-ի իրավաբանների դեմ՝ մոռանալով, որ իրավաբանությունը որքան առաձգական, նույնքան էլ կոշտ ու ճշգրիտ գիտություն է: Որ մեկ-մեկ էլ չեն ասո՞ւմ՝ ընդդիմություն չկա, քաղաքական ուժերը չեն ուզում հերթական անգամ պարտվել Փաշինյանին ու հեղափոխությանը, մարդու ծիծաղ է գալիս: Բա որ ընդդիմություն չկա, այդ ո՞ւմ վերադարձից եք այդպես վախեցած: Մյուս կողմից էլ՝ ընդդիմությունն ի՞նչ կարող է անել, եթե այս հանրաքվեն ընդամենը կրկեսային «նոմեր» է, որ ինքն իր գլխին սարքել է իշխանությունն ու իշխանությունն էլ պարտավոր է դուրս գալ դրա տակից: