Էդմոն Մարուքյանն Արմեն Սարգսյանի «պրոյեկտն» է

Էդմոն Մարուքյանն Արմեն Սարգսյանի «պրոյեկտն» է

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մի բարդույթ ունի․ նա մշտապես փորձում է աշխարհին ապացուցել, որ ԼՀԿ-ն ընդդիմություն է։ Բայց, միեւնույն է՝ մարդիկ կարծում են, որ նա կա՛մ Միքայել Մինասյանի, կա՛մ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված է «խաղում»։ Եվ չնայած նրան, որ Մարուքյանը երբեմն նաեւ սուր ելույթներ է ունենում, ինչպես 2017-ին, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր ընտրվում, եւ 2020-ին Փաշինյանի՝ «շնաբարո դուրսպրծուկների» մասին ելույթից հետո, նա ու իր ԼՀԿ-ն երբեւէ ընդդիմություն չեն ընկալվում։
2018-ի փետրվարի վերջերին էր, երբ Նիկոլ Փաշինյանը քայլելով գալիս էր Գյումրիից, Մարուքյանն անհետացել էր, ապա 1-in.am-ի տաղավարում վրդովված խոսում էր, որ «Ելքի» գործընկերները գնում են տրորված արահետով, իսկ իրենք ընտրում են «երրորդ ճանապարհը»։ Հիմա էլ՝ 2020թ․ հունիսի 23-ին, նա ընտրեց երրորդ ճանապարհը՝ չթողնելով, որ իր թիմից գեթ մեկ պատգամավոր ստորագրի ԲՀԿ-ի դիմումի տակ, որտեղ հենց 1 ստորագրություն էր պակասում։

Այն, որ Մարուքյանն այս անգամ էլ կգնա երրորդ ճանապարհով, կարելի էր կանխատեսել նրանց նախորդ՝ 2019թ․ սեպտեմբերի 24-ի քվեարկությունը հիշելով, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծին, եւ այդպես էլ արեց։ Ապօրինի գույքի բռնագանձման ու քրեական ենթամշակույթին հարող անձանց մասին օրենքի նախագծերին էլ ԼՀԿ-ն ձեռնպահ քվեարկեց։ Իշխանությունն էլ, չնայած ծեծին ու հայհոյանքին, կարծես շատ չի նեղացրել այս խմբակցությանը՝ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ընթացքում ԼՀ խմբակցության հեղինակած նախագծերից 15-ն ընդունվել են ամբողջությամբ, 5-ը՝ առաջին ընթերցմամբ, 18 օրենքի նախագիծ շրջանառության մեջ է: Այսինքն, «Իմ քայլը» խմբակցության որոշիչ մեծամասնության պարագայում ԼՀԿ-ին հաջողվել է ունենալ գրեթե նույնքան ընդունված նախագիծ, որքան իշխող խմբակցությանը։ 2-րդ նստաշրջանի համեմատ ԼՀԿ-ն օրենսդրական նախաձեռնողականության ցուցանիշը բարելավել է 4 անգամ։ Համեմատության համար նշենք, որ նույն նստաշրջանում շատ ավելի մեծ խմբակցություն ունեցող ԲՀԿ-ի հեղինակած նախագծերից 8-ն ընդունվել է ամբողջությամբ, 3-ը՝ առաջին ընթերցմամբ, 18 օրենքի նախագիծ շրջանառության մեջ է:

Բացի այս, ԼՀԿ-ի պահվածքը կանխատեսելի էր այն պահից, երբ հայտնի դարձավ, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ժամը 12։47-ին ստորագրել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը։

ՀԳ․ Միքայել Մինասյանը, անդրադառնալով Մարուքյանի քայլին, նշել էր՝ նախկինում բոլորը համոզված էին, որ Մարուքյանն իմ պրոյկետն է եղել։ Բայց վերջին երկու տարում Մարուքյանի խմբակցությունը հայտնվել է Արմեն Սարգսյանի դաշտում, որն առայժմ կարծես թե բավարարվում է Սահմանադրությամբ ամրագրված «անգլիական թագուհու» կարգավիճակով եւ ապրում է՝ «դավին անտեղյակ, ցավին անտարբեր»։ Այս ընթացքում ընդամենը 1-2 բացառություն է եղել, երբ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ԱԺ-ից եկած նախագծերը եւ դրանք ուղարկել է ՍԴ։ Դրանք Քրեական դատավարության օրենսգիրքն ու «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններն են, որոնց դեմ ԼՀԿ-ն օրուգիշեր փրփուրը բերանին՝ խոսում էր։ Արմեն Սարգսյանն այս օրենքների սահմանադրականությունը ստուգելու իր որոշումը բացատրել էր՝ «առաջնորդվել է բացառապես համապետական եւ համազգային շահերով»։ Իրո՞ք՝ իսկ սահմանադրական փոփոխությունների նախագծի դեպքում համազգային շահերով առաջնորդվելու անհրաժեշտություն չկա՞ր։