Հովիկ Աֆյան. Սեւ օվկիանոսը

Հովիկ Աֆյան. Սեւ օվկիանոսը

Սեւ լիճ կա: Սեւ ծով կա: Նույնիսկ Սեւան կա, ու սեւ օրեր կան: Սեւ օվկիանոս չկա. արդար չէ: Աշխարհում այնքան բան արդար չէ՝ դեռ Ստալինի ժամանակներից: Իմիջիայլոց, այս ընկերը չէր ուտում, չէր խմում ու գիշեր-ցերեկ հայ ժողովրդի մասին էր մտածում: Կա կարծիք, որ հենց հայկական դարդից էլ սկսել է ծխել ու հենց ծխելով էլ մի խումբ հայ մտավորականների ու կթվորուհիների կանչել է Կրեմլ ու ասել՝ սիրելինե՛րս, քանի որ աշխարհի մեծագույն անարդարություններից մեկն այն է, որ Հայաստանը տարածքով փոքր երկիր է, եկեք ձեզ անծայրածիր Սիբիրում հող տամ, գնացեք ու անծայրածիր երազեք: Մտավորականները համաձայնել են, բայց մի կթվորուհի ասել է. 

- Ընկե՛ր Ստալին, մենք, իհարկե, համաձայն ենք, բայց եթե Դուք նաեւ Արարատ սարը տանեք Սիբիր: 

Բոլորը վերադարձել են Հայաստան, կթվորուհին գնացել է Սիբիր: Հետաքրքիրն այն է, որ բոլորը դժբախտ են եղել, որ մի կթվորուհու պատճառով չիրականացավ Հայաստանն անծայրածիր դարձնելու պապենական երազանքը, իսկ կթվորուհին երջանիկ է եղել, որ հայ ժողովուրդը կշարունակի կոչվել հայ ժողովուրդ:

Բայց այս ամենը նախկինների օրոք էր, իսկ նախկինները… ի դեպ, նախկիններն էլ սեւ են կամ կարմիր: 

Հիմա, ինչպես հասկանում ենք, եկել է արդարությունը վերականգնելու ժամանակը, իսկ արդարությունն այն է, որ հայ ժողովուրդը պետք է օվկիանոս ունենա, որովհետեւ հայ ժողովրդի համազգային չկայացած, աննախադեպ գագաթնաժողովում պարզվել-որոշվել է, որ համազգային բոլոր ողբերգությունների գլխավոր պատճառն այն է, որ հայ ժողովուրդն օվկիանոս չունի: 

Սրա համար երկու տարբերակ կա. վերցնում ենք ճամպրուկներն ու գնում աշխարհի որեւէ օվկիանոս՝ ինքնորոշվելու եւ տարածքային ամբողջականություն հաստատելու-պահպանելու, չմոռանալով ծոցագրպանը խոթել Արարատ սարի լուսանկարը, որի լանջերից էլ թուրքերն իջնում են՝ Կասկադի սրճարաններում թեյ խմելու, իսկ ավելի կրեատիվները՝ մոխիտո, կամ էլ հագներիս թուրքական շապիկները հանում ենք ու սկսում հող մշակել, որ քրտինքն այնքան թափվի հողի վրա, որ հենց մեր հողում օվկիանոս առաջանա՝ քրտինքի, ու մենք օվկիանոս ունենանք, մերը, սեւը: 

Առաջինը հեշտ է, երկրորդը՝ դժվար: Առաջինն անելու համար պետք է միայն պատվաստվել կորոնավիրուսի դեմ ու լուսանկարել Արարատը, երկրորդի համար պետք է մոռանալ պարտությունն ու նույնիսկ… Չարենցին՝ Արարատ լեռ տանող ճամփան ամենեւին չհամարելով անհա՛ս փառքի: 

Եթե գնանք, թուրքը միանգամից է գալու, եթե մնանք՝ աստիճանաբար: Եթե գնանք, թուրքը հաստատ է գալու, եթե մնանք՝ գուցե: Ամեն դեպքում, օվկիանոս կտրող զորք չունի, եթե մնանք, մենք օվկիանոս կունենանք: Հետո՝ աշխարհի ամենազզվելի բառը: Հիմա՝ ամենասքանչելին: 

Վաղուց սքանչելի բան չի եղել Հայաստանում, բացի մեզնից:

Հովիկ Աֆյան

Ք. Երե…Վան

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ