Եթե երկիրը ռուսական կիսագաղութ է, ուրեմն այդ ամենը պիտի տեղի ունենա․ Վարուժան Ավետիսյան

Եթե երկիրը ռուսական կիսագաղութ է, ուրեմն այդ ամենը պիտի տեղի ունենա․ Վարուժան Ավետիսյան

2017 թվականի հունիսի 28-ին «Սասնա Ծռեր» խմբի 14 անդամի գործով (ՊՊԾ գնդի գրավում) դատական նիստից հետո փաստաբանները հայտարարել էին, որ ոստիկանները դատարանի նկուղում (կալանավորների պահման խցերում) ծեծի են ենթարկել Արայիկ Խանդոյանին («Միայնակ Գայլ», մահացել է), Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Գագիկ Եղիազարյանին։

Նրանք այս դեպքով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով  (ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) տուժողներ էին ճանաչվել։

Երեկ արդեն «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ ՀՔԾ-ն կասեցրել է խմբի չորս անդամներին խոշտանգելու փաստով հարուցված քրեական գործի վարույթը։ «Ամենևին զարմանալի չէ, որ չորս տարի քննվող այս քրեական գործը սկզբում սերժական, այնուհետև` նիկոլական թավշյա և պողպատյա, ժամանակաշրջաններում այսօրինակ վախճան պետք է արձանագրեր։ Ակնհայտ է, որ 30 տարիների համակարգային գաղութակեղեքիչ  ավանդույթները չեն փոփոխվել։ Իրավապահ կառույցները ենթարկվում են բացառապես օրվա իշխանությունների անօրինական ու ապօրինի հրահանգներին և կատարում են վերջիններիս պատվերը` հովանավորելով միմյանց ու կոծկելով հենց իրենց իրականացրած բռնությունները և խոշտանգումները։ Ազգային-Ժողովրդավարական Բևեռը խստորեն դատապարտում է բռնապետական ռեժիմներին բնորոշ և արատավոր կառավարման նմանօրինակ գործելաոճը», - իր հայտարարության մեջ նշել էր կուսակցությունը։


Այս և այլ թեմաների շուրջ «Հրապարակը» զրուցել է ԱԺԲ խորհրդի անդամ, ԶՈՒ պահեստազոր գնդապետ Վարուժան Ավետիսյանի հետ։


- Պարո՛ն Ավետիսյան, երեկ հայտարարություն տարածեցիք, որ ծեծի գործով վարույթը կասեցվել է։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այսպիսի ընթացքը։

- Դա ենթադրում է, որ Նիկոլը Սերժիկից առաջ է անցել արդեն։ Եթե կարճ։


- Այս մասով ի՞նչ եք պատրաստվում անել, ի՞նչ գործողությունների եք պատրաստվում դիմել։

- Ընթացակարգ կա։ Ընթացակարգն ամենայն հավանականությամբ կապահովվի՝ բողոքարկման և այլ առումներով, իսկ մնացածը՝ պիտի սպասենք անցումային արդարադատության։


- Իսկ Եվրոպական դատարանի հետ հույսեր կապո՞ւմ եք, հնարավո՞ր է, որ հասնեք մինչև Եվրոպական դատարան։

- Դեռ Եվրոպական դատաարանի հարց չկա։ Ներպետական ընթացակարգերը պետք է ավարտվեն, հետո կմտածենք։


- Ներքին քաղաքական իրադարձությունների հետ կապված ի՞նչ կասեք։ Նաև սահմանային միջադեպերի մասով։ Ադրբեջանցիները, կարծես թե, մեզանից 2 զինծառայող են գերեվարել [Սյունիքի մարզի Սև լճի տարածքում], նաև Երասխի հատվածում փոխհրաձգության ժամանակ մեզնից զինվոր է զոհվել։

- Մենք շատ վաղուց ենք ասել և ասում ենք, թե ինչու է այդպես։ Եվ շարունակվելու է, քանի դեռ մենք ինքնիշխանություն չունենք։ Եթե երկիրը ռուսական կիսագաղութ է, և մեր ամբողջ անվտանգային, պաշտպանական համակարգը և արտաքին քաղաքականությունը Մոսկվան է որոշում, իսկ Մոսկվան որոշել է Հայաստանը լիկվիդացնել` իր և թուրքական շահերը սպասարկելու համար, ուրեմն այդ ամենը պիտի տեղի ունենա։ Եվ շարունակվելու է, դրանով չի ավարտվելու։


- Այս իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն։

- Չկա, այս իրավիճակում հնարավոր չէ ձեռնարկել։ Պետք է ազգային կառավարություն ունենաս, որ քայլեր ձեռնարկես։ Դավաճանական կառավարությունը, գաղութային ադմինիստրացիան սպասարկում է գաղութատիրոջ շահերը՝ ներկայանալով յուրայինի դեմքով։ Ունակ չէ և նրա համար նախատեսված չէ, որ քայլեր ձեռնարկի։