Ամեն նոր նախարարի հետ կառույցը սկսում են զրոյից «հավաքել»

Ամեն նոր նախարարի հետ կառույցը սկսում են զրոյից «հավաքել»

Երեկ ոմանք տարակուսել էին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի նշանակման որոշումից: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել, ըստ որի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին վերանշանակել էր նույն՝ ոստիկանության պետի - ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Նշենք, որ Արամ Հովհաննիսյանը ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում է 2023թ․ հունվարից։

Վերանշանակումը իրականացվել է օրենքի սահմաններում եւ կապված է ՆԳ նախարարի փոփոխության հետ: Ըստ նոր օրենսդրության, նոր նախարարի նշանակվելու դեպքում նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները պետք է վերանշանակվեն: Այսինքն, ըստ էության, նախարարությունը ձեւավորվում է զրոյից։

Ոստիկանության համակարգում երկար տարիներ աշխատած, այժմ փաստաբան Հովհաննես Քոչարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց․ «Այո, պետական մարմինների ղեկավար պաշտոններն այդպես են` մեկամսյա ժամկետում կամ պետք է վերանշանակվեն, կամ ազատվեն այդ պաշտոնից։ Օրենքով նախատեսված ընթացակարգ է»։ Խոսքը նախարարության գլխավոր քարտուղարի, նախարարի տեղակալների, ինքնուրույն ծառայությունների ղեկավարների մասին է: