Մեծ թվով մարդիկ դիմում են հանձնակատարներ նշանակվելու համար

Մեծ թվով մարդիկ դիմում են հանձնակատարներ նշանակվելու համար

Օրերս կառավարության առաջարկով խորհրդարանը փոխեց  «Հանրային ծառայության մասին» օրենքը, համաձայն որի՝ առաջիկայում օտարերկրյա պետություններում կնշանակվեն սփյուռքի գործերի հանձնակատարներ։ Մենք օրերս ծավալուն անդրադարձել էինք այս փոփոխության քողարկված նպատակներին, քանի որ տեղեկություններ ունեինք, որ նպատակը վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆինանսական դոնորներին, իշխանության հետ համագործակցող սփյուռքահայ գործիչներին ստատուս շնորհելն է։

Հիմա պետության միջոցով որոշել են վարձահատույց լինել հիմնադրամի մեկենասներին եւ իշխանությանն աջակցողներին՝ վարչապետի ստորագրությամբ վկայականներ հանձնելով եւ դիվանագիտական ստատուս տալով՝ դրանից բխող բոլոր արտոնություններով հանդերձ։ Լինելով վարչապետի նշանակած ներկայացուցիչները՝ հանձնակատարները կարող են պետության անունից հանդես գալ՝ որոշակի հարցեր լուծել, ազատ ելումուտ ունենալ տվյալ պետությունների պետական կառույցներում, ազդեցություն գործել տեղի հայ համայնքի վրա, կազմակերպել վարչապետի եւ պետական պաշտոնյաների այցերն ու հանդիպումները եւ այլն։ Եվ քանի որ օրենքում չի նշվում, թե ովքեր կարող են նշանակվել այդ պաշտոնում, եւ քանի հանձնակատար են նախատեսում նշանակել, մենք հարցում էինք ուղարկել Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ հետաքրքրվելով հանձնակատարների նշանակման պահանջներով, եւ արդյոք արդեն կատարվե՞լ են նշանակումներ։

Ստացել ենք հետեւյալ պատասխանը․ «Հանձնակատարներ դեռեւս չեն նշանակվել, սակայն սփյուռքից մեծաթիվ զանգեր եւ նամակներ են ստացվում այն մարդկանցից, որոնք ցանկություն են հայտնում կամավորական հիմունքներով ստանձնել այս պաշտոնը: Հանձնակատարների կոնկրետ թիվ սահմանված չէ՝ հաշվի առնելով հայկական սփյուռքի մեծությունը, աշխարհագրական տարածումն ու համայնքային տարբերությունները: Այս պաշտոնին կարող են հավակնել այն սփյուռքահայերը, որոնք ակտիվ ներգրավվածություն ունեն համայնքային կյանքում, տվյալ համայնքի համար ազդեցիկ անհատներ են, ընդհանուր առմամբ՝ ընդունելի են համայնքային կառույցների կողմից, պատրաստ են աշխատել եւ կատարել իրենց գործառույթները»:

Հավելյալ պարզաբանման մեր խնդրանքին, թե ովքեր են գրասենյակ դիմած «մեծաթիվ» մարդիկ, մի քանիսի անունը խնդրում ենք տալ, հանձնակատարի գրասենյակից մերժեցին՝ ասելով, թե «անուններ տալ չեն կարող, քանի որ ընտրության գործընթացը ենթադրում է երկարատեւ գործընթաց, ուսումնասիրելով՝ արդյոք այդ մարդը համապատասխանո՞ւմ է պաշտոնի համար ներկայացված չափորոշիչներին, պատկերացնո՞ւմ է աշխատանքի բնույթն ու պատասխանատվությունը եւ այլն»։