Եթե մարդը գլխի չի ընկել, որ ինքը կորոնավիրուսով վարակվել ա, ո՞նց պիտի հայտնաբերի․ վարչապետը՝ նախարարին

Եթե մարդը գլխի չի ընկել, որ ինքը կորոնավիրուսով վարակվել ա, ո՞նց պիտի հայտնաբերի․ վարչապետը՝ նախարարին

  «Երեկվա տվյալների համաձայն՝ աշխարհում արդեն 37 երկրում արձանագրվել են կորոնավիրուսով վարակվածության դեպքեր, ընդհանուր 81 հազար 109 հաստատված դեպք է արձանագրվել, որից 78 հազար 191-ը՝ Չինաստանում, և որից մահվան ելքով՝ 2718-ը»,-այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ այս հիվանդների մեծ մասը բուժվում է, դրանց մի մասն էլ՝ ինքնուրույն։

«Էստեղ խնդիրն այն է, որ եթե, օրինակ, որևէ շնչառական սիմպտոմ նկատենք և էդ տեստը դնենք, օրինակ՝ նույն Չինաստանում էդ փռշտացող մարդու մոտ կարող է հայտնաբերվի սեզոնային գրիպ կամ հայտնաբերվի կորոնավիրուսով վարակվածություն, և էդ թիվն ավելանում է նաև դրա շնորհիվ։ Եթե ծանր դեպքերի մասին խոսենք, ապա մոտավորապես հինգ տոկոսի դեպքերում է, որ բժշկական օգնություն է պահանջվում»,-ասաց Արսեն Թորոսյանը։

Վարչապետին հետաքրքրեց՝ այսինքն, դեպք կա, որ մարդ կարող է կորոնավիրուսով վարակվի, բայց թեյ խմի, սուրճ խմի, օղի խմի և չիմանա՞: Թորոսյանն ասաց․ «Դա մի կողմից դրական է, մյուս կողմից՝ բացասական, որովհետև հայտնաբերելիության առումով դու իրեն որպես դեպք չես կարող դիտարկել»։ 

«Եթե մարդը գլխի չի ընկել, որ ինքը կորոնավիրուսով վարակվել ա, ո՞նց պիտի հայտնաբերի»,-զարմացավ վարչապետը։

Անդրադառնալով տարածաշրջանում վարակվածության տվյալներին՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ Իրանում վերջին տվյալներով արձանագրված է 139 դեպք, որից 19-ը՝ մահվան ելքով, իսկ Վրաստանում էլ արձանագրվել է մեկ դեպք։

Նա նաև տեղեկացրեց, որ Իրանից ուղևորահոսքերի սահմանափակումից հետո երեկ ինքնաթիռով վերադարձել են հիսուներկու հոգի, որոնց ուղեկցել է առողջապահության նախարարության աշխատակիցը՝ տեղում պարզելու, թե կա՞, արդյոք, պոտենցիալ պացիենտ, բայց բոլորը եղել են այդ պահին առողջ։ Ուղեկցելով Երևան՝ տեղում էլ են նրանց զննել։ 

«Մինչ օրս կատարվել է 95 հետազոտություն, բոլոր պոտենցիալ կասկածելի դեպքերի մասով, որոնցից բոլորը եղել է բացասական»,-ասաց Թորոսյանը՝ նշելով, որ իրենց կողմից զննվել են նաև Հայաստան մուտք գործած բեռնատարները։

Վարչապետն արձանագրեց, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են, և ՀՀ քաղաքացիներն ապրում են իրենց բնականոն կյանքով։ Նաև վստահեցրեց, որ բացառվում է, որ լինի որևէ տեղեկատվություն այս հարցով, և ՀՀ կառավարությունն այդ տեղեկատվությունը հանրությունից թաքցնի։