Հայաստանում սահմանադրական կարգը պետք է վերականգնվի՝ 2017թ. ընտրված լեգիտիմ խորհրդարանի վերականգնման միջոցով

Հայաստանում սահմանադրական կարգը պետք է վերականգնվի՝ 2017թ. ընտրված լեգիտիմ խորհրդարանի վերականգնման միջոցով

Հայաստանում հասունանում է հեղափոխական իրավիճակ. հասարակության ավելի ու ավելի լայն շերտեր են սկսում գիտակցել, որ այսպես ապրել այլեւս անհնար է, որ գործող իշխանությունն անընդունակ է լուծել երկրի համար կարեւորագույն խնդիրները, գործող իշխանության եւ Հայաստանի Հանրապետության գոյությունն անհամատեղելի է: Հեղափոխության կամ, եթե կուզեք՝ իշխանափոխության յուրաքանչյուր մասնակից պետք է ունենա մոտիվացիա. այն սկսվում է սեփական շահերի պաշտպանությունից եւ վերջանում հանրային շահերի պաշտպանությամբ, որը հաճախ ընդհանրացված կոչվում է հայրենիքի պաշտպանություն կամ փրկություն: Մինչեւ վերջերս տատանվող, կասկածող մարդիկ դառնում են ավելի համարձակ ու վճռական, օդում կախված է փոփոխությունների անհրաժեշտության գիտակցումը: Անգամ իշխանության ներսում գտնվողներն են հասկանում, որ իրենց կոմֆորտ վիճակը կարող է մի օրում, մի ժամում փլուզվել, ու իրենք կարող են մնալ իրենց իսկ իշխանության փլատակների տակ, եւ գործող իշխանության դեմոնտաժը կարող է հենց իրենց համար անձնական փրկություն եւ ոչ թե կործանում լինել: Իշխանության ներսում տարբեր խլրտումներ են, այլընտրանքի փնտրտուք՝ «Փաշինյանին հանձնենք, բայց գոնե իշխանությունը պահենք» սխեմայի շրջանակներում: 

2021 թվականի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանը հաղթեց ոչ թե ընդդիմությանը, այլ Ադրբեջանից կրած պարտությունից ընկճված ու վախեցած, նոր պատերազմի հեռանկարից սարսափող հայ հասարակությանը: Փաշինյանն իր խաղաղության օրակարգի քարոզով հասարակությանը համոզում էր, որ իր՝ իշխանության մնալը նոր պատերազմի բացառումն է, որ նոր իշխանությունը կարող է գնալ ռեւանշի, ինչին պատերազմի արհավիրքից սարսափած հասարակությունը պատրաստ չէր: Հիմա հասարակությունը հասկանում է, որ թույլ ու թշնամու ամեն պահանջի առաջ ճկվող իշխանությունը ոչ թե կանխում է պատերազմի հնարավորությունը, այլ հակառակը՝ թշնամու համար նոր պատերազմ սկսելու գայթակղություն է ստեղծում: Մարդիկ սկսում են շարժվել ոչ թե վախերով, այլ՝ բանականությամբ, ինչը թույլ է տալիս հասկանալ, որ Փաշինյանը կործանում է Հայաստանի անվտանգության համակարգի վերջին մնացորդները՝ երկիրը եւ նրա քաղաքացիներին դարձնելով ավելի ու ավելի անպաշտպան:
Չնայած Փաշինյանը 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացրեց՝ դրանով փորձելով իր իշխանությունը երկարաձգել եւս 5 տարով, բայց այս տարվա ապրիլ-մայիսին լրանում է նրա կողմից բռնի իշխանազավթման հնգամյակը: 5 տարին իշխանության համար խորհրդանշական թիվ է, որովհետեւ իշխանությունը ոչ միայն Հայաստանում, այլեւ բազմաթիվ երկրներում ընտրվում է հենց այդ ժամկետով: 5 տարի իշխանության լինելուց հետո հասարակությունն ինքն իրեն հարց է տալու, թե ինչ տվեց իրեն եւ երկրին Փաշինյանի իշխանությունը: Պատասխանն այնքան միանշանակ է, որ դրան կարելի է նույնիսկ չանդրադառնալ. չկա մի ոլորտ, մի ուղղություն, որտեղ Հայաստանը հաջողության հասած լինի, առաջընթաց արձանագրած լինի: Բացի իշխանության մեջ հայտնված մի քանի հարյուր մարդկանցից, հարյուր հազարավորների կյանքն այդ 5 տարիների ընթացքում հիշարժան է դարձել կամ ողբերգություններով ու կորուստներով, կամ առնվազն համարվում է կորսված տարիներ: 100 հազարից ավելի Հայաստանի քաղաքացիներ մեկընդմիշտ լքել են երկիրը:

Բայց ինչպե՞ս իրականացնել իշխանափոխություն, ինչպե՞ս իշխանազրկել Փաշինյանին եւ նրա թիմին: Արդյոք Հայաստանին սպառնո՞ւմ է մի նոր բռնի իշխանազավթում, փողոցային պայքար եւ փողոցի ճնշման տակ գործող իշխանության ինքնահրաժարական: Իսկ հնարավոր է նաեւ այլ լուծում: Քանի որ այն, ինչ տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, հակասահմանադրական հեղաշրջում էր, իսկ այդպիսին էր, քանի որ ընտրությունների միջոցով մեծամասնություն ստացած ՀՀԿ խմբակցության անդամների մի մասը Փաշինյանի օգտին քվեարկեց հոգեբանական եւ ֆիզիկական ճնշման սպառնալիքի պայմաններում, դրանից հետո տեղի ունեցած իշխանության ձեւավորման պրոցեսը, ըստ էության, հակասահմանադրական էր, իսկ ձեւավորված իշխանության մարմինները՝ հակաօրինական, ոչ լեգիտիմ: Իսկ ինչո՞ւ Հանրապետական կուսակցությունը 2017 թվականին խորհրդարան անցած մյուս կուսակցությունների` ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ խորհրդակցելով չհրավիրի 2017 թվականին օրինական ճանապարհով ընտրված խորհրդարանի նիստ, որը կընտրի նոր կառավարություն եւ կձեւավորի նոր իշխանություն: Սա պատմությունը կամ ժամանակը հետ պտտելու փորձ չէ, սա ընդամենը նոր իրավիճակում երկրում սահմանադրական կարգը վերականգնելու միակ օրինական ճանապարհն է: 2017 թվականին ընտրված խորհրդարանը Հայաստանի վերջին լեգիտիմ օրենսդիր մարմինն է, այն ցրվել է ապօրինի իշխանության կողմից, իսկ ապօրինի իշխանությունների կողմից իրականացված ցանկացած հաջորդ գործողություն, անգամ չկեղծված ընտրությունները, չեն կարող լինել օրինական:

Անցած 5 տարիների ընթացքում վերացել են այն հանգամանքները, որոնք ստիպեցին լեգիտիմ ընտրված խորհրդարանին՝ արտաքին ճնշման տակ գնալ ապօրինի եւ հակասահմանադրական քայլերի: Հիմա երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ օրինական ճանապարհով ընտրված ԱԺ-ն կարող է վերականգնել իր գործունեությունը եւ կրկին ձեւավորել իշխանության օրինական մարմիններ: Միայն այս ճանապարհով է հնարավոր խաղաղ եւ անցնցում Հայաստանում վերականգնել 2018 թվականին տապալված սահմանադրական կարգը եւ երկրում ունենալ նորմալ, օրինական իշխանություններ: Մնացած բոլոր պարագաներում Հայաստանին սպասվում է նոր թավշյա կամ արյունով հեղափոխություն, որն իր հետ բերելու է նոր ցնցումներ եւ կորուստներ: Հանրապետական կուսակցությունն իր մեջ պետք է քաջություն գտնի եւ իր վրա վերցնի սահմանադրական կարգի վերականգնման գործընթացը: Գուցե սա մի քիչ ուտոպիստական է թվում, բայց աշխարհի պատմությունը բազմաթիվ դեպքեր գիտի, երբ բռնությամբ եւ հակաօրինական այլ ճանապարհներով բռնազավթված իշխանությունը հեռացվել է, եւ երկրում վերականգնվել է օրինական իշխանությունը: Ի դեպ, այս դեպքում Փաշինյանի կողմից ստորագրված բոլոր փաստաթղթերը կարելի է համարել առոչինչ, նրա իշխանությունը Հայաստանում եղել է անօրինական, եւ նա իրավունք չուներ հանդես գալու Հայաստանի անունից ու ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը:

Ավետիս Բաբաջանյան