Ավելի քան 6 հազար հայտ, 35 քննական կենտրոն, էլեկտրոնային համակարգ
Նոյեմբերի 9-ից մեկնարկում է 2024 թ. ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որն այս տարվանից կանցկացվի բացառապես էլեկտրոնային եղանակով: Երեւանում եւ ՀՀ բոլոր մարզերում ձեւավորվել է 35 քննական կենտրոն, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով եւ անհրաժեշտ այլ պայմաններով: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա․ Սվաջյանի խոսքով՝ այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել են 5 հազար 620 աշխատող ուսուցիչ եւ 572 չաշխատող անձինք, որոնց մեջ ներառված են նաեւ նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժները: Ընդհանուր առմամբ, ներկայացվել է ավելի քան 6 հազար հայտ:
«Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները եւս այս տարի պարտադիր պետք է մասնակցեն կամավոր ատեստավորմանը, ինչը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությամբ: Հերթական ատեստավորման շրջանակում 607 ուսուցիչների կարիքի գնահատմամբ նշվել է առարկայական գիտելիքի իմացության անհրաժեշտություն, հետեւաբար՝ այս խմբի ուսուցիչների համար եւս կամավոր ատեստավորման շրջանակում գիտելիքի ստուգում է կատարվելու: Էլեկտրոնային համակարգը պատրաստ է. ուսուցիչներին նաեւ փորձարկման հնարավորություն էր ընձեռվել»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նրա խոսքով՝ համակարգը բավական պարզ կառուցվածք ունի. պարզապես պետք է ընտրել ճիշտ պատասխանը, որոշ դեպքերում էլ՝ թվային տվյալներ լրացնել: «Ուսուցիչներից բարդ տեխնիկական հմտություններ չեն պահանջվում: Քննական կենտրոններում կլինեն նաեւ մասնագետներ, որոնք անհրաժեշտության դեպքում տեխնիկական աջակցություն կտրամադրեն ուսուցիչներին»,- նշել է Արաքսիա Սվաջյանն ու հիշեցրել՝ ուսուցիչները կամավոր ատեստավորմանը պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով:
Անդրադառնալով նախապատվությունն էլեկտրոնային ձեւաչափին տալուն՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այն առաջին հերթին հնարավորություն կտա ժամանակ տնտեսել, խուսափել հնարավոր սխալներից: Ընդ որում՝ «պահպանել» կոճակը սեղմելուց հետո ուսուցիչները ցանկացած պահի կարող են վերադառնալ եւ խմբագրել իրենց լրացրած պատասխանը: Թեստը համարվում է ամփոփված միայն «ամփոփել» կոճակը սեղմելուց հետո: Էլեկտրոնային ձեւաչափը հնարավորություն է տալու նաեւ անմիջապես տեղում տեսնելու, թե ուսուցիչը քանի տոկոս արդյունք է գրանցել:
Կարծիքներ