Վազք տեղում

Վազք տեղում

Լուսանկարում՝ Հրանտ Շահինյանը


Արդեն ավելի քան երկու միլիոն մարդկային կյանք խլած սարսափելի համաճարակի աղետալի հետեւանքները բացահայտ զգացնել են տալիս ոչ միայն տնտեսական ոլորտում։ Մարզական ասպարեզում էլ առանց հանդիսականների անցկացվող հատուկենտ մրցումները դրա վկայությունն են։ Տոկիոյում նշանակված օլիմպիական խաղերն էլ  հետաձգվեցին պանդեմիայի պատճառով։ Ճիշտ է, այնուամենայնիվ, որոշվել է խաղերն անցկացնել այս տարվա ամռանը, եւ այդ խոշորագույն ստուգատեսում հանդես գալու իրավունք տվող որոշ ուղեգրեր էլ կվիճարկվեն առաջիկայում։
Այո, մարզական աշխույժ կյանքը, լինենք լավատես, կսկսի դանդաղորեն մտնել իր սովորական հունի մեջ։ Հարկ է հուսալ, որ Հայաստանում էլ աստիճանաբար կաշխուժանան մարզական իրադարձությունները, նախապատրաստությունն օլիմպիադային՝ դրան մասնակցելու ուղեգրերին տիրանալու համար։ Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ մեր չորս մարզիկ արդեն ստացել են նման իրավունք, լավ կլինի, եթե թիվը կրկնապատկվի։ 

Ճիշտ է, պետք է խոստովանել, որ դա այնքան էլ հեշտ չի լինի, եթե նկատի ունենանք մեր առաջատար մարզիկների վերջին տարիների ցուցանիշները խոշոր ստուգատեսներում։ Վերջին հինգ օլիմպիական խաղերում, այսինքն՝ 20 տարվա ընթացքում, ի պատիվ օլիմպիական չեմպիոնի, Հայաստանի օրհներգը հնչել է ընդամենը մեկ անգամ (ոսկե մեդալը նվաճել է գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը): Սա ավելի քան համեստ ցուցանիշ է, եթե փորփրենք պատմությունը․ 1952 թվականին, երբ խորհրդային մարզիկները նշեցին իրենց նորամուտն օլիմպիական ստուգատեսում, այդ պատկառելի ասպարեզում հերոսներից մեկը դարձավ մեր հայրենակից, մարմնամարզիկ Հրանտ Շահինյանը, ով արժանացավ միանգամից երկու ոսկե մեդալի՝ նժույգի վարժությունում, եւ թիմային հաշվարկով տանելով հաղթանակներ։ Սակայն մարզական աշխարհը ոչ պակաս ցնցված եւ հիացած էր այն բանով, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում ծնված այս երիտասարդը, մինչ այդ մասնակցելով երկրորդ աշխարհամարտին, վիրավորված տուն վերադառնալով, այդուհանդերձ, ուժ ու կամք դրսեւորեց, հղկելով մարզական ունակությունները՝ հաստատուն տեղ գրավեց ԽՍՀՄ հավաքականի կազմում եւ հասավ նման գերպատվավոր ցուցանիշի։ Դեռ ավելին, Երեւանում հիմնեց մասնագիտացված դպրոց՝ աճեցնելով իրեն արժանի փոխարինողներ։ Նրան վստահեցին նաեւ հանրապետական սպորտկոմիտեի նախագահի պատասխանատու պաշտոնը։ Այսքանից հետո պատահական չէ, որ այսօր նրա անունն է կրում Երեւանի փողոցներից մեկը։ Այն էլ ասեմ, որ ժամանակին մեր քաղաքական գործիչներից մեկը Հրանտ Համազասպի Շահինյանին կատակով անվանեց առաջին ՀՀՇ-ական։

Կարճ ժամանակ անց այդ հաղթարշավը հիանալի շարունակեց մեր մեկ այլ հանրահայտ մարմնամարզիկ՝ Ալբերտ Ազարյանը, որն իրեն գերազանց դրսեւորեց, երբ «Ազարյանական խաչ» անունը ստացած օղակներով վարժությամբ կարողացավ գերել ամբողջ մարզաշխարհը։ Ինչպես չնշել, որ մասնակցելով երկու օլիմպիադաների՝ նա հայրենիք վերադարձավ երեք ոսկե մեդալով, ավելին, այդ թիվը, կարելի է ասել, դարձավ չորս, երբ նրա որդին էլ՝ Էդուարդը, մոսկովյան օլիմպիադայում արժանացավ չեմպիոնի տիտղոսին...

Ինչպես տեսնում եք, սկիզբը բավականին հաջող էր եւ հուսադրող։ Անկարելի է չհիշատակել նաեւ, որ ամբողջ Հայաստանը ոգեւորության եւ հպարտության աննկարագրելի պահեր ապրեց նաեւ այն ժամանակ՝ 1956 եւ 1992 թթ., երբ օլիմպիական ասպարեզից տուն վերադարձան երեքական օլիմպիական չեմպիոններ։ 

Այո, հաճելի է հիշել լուրջ նվաճումներով լի տարիները, սակայն, ավաղ, բարի ավանդույթը սպասվող շարունակություն չունեցավ։ Եթե ըմբիշները, մարմնամարզիկները, ծանրորդները, բռնցքամարտիկները ջանքեր են գործադրում՝ հաղթահարելու ամեն տեսակի դժվարությունները, դուրս գալ մեծ մրցաբեմ, ապա մյուս մարզաձեւերի ներկայացուցիչները, ինչպես ասում են, տարիներ շարունակ գտնվում են խաղից դուրս վիճակում, ու շատ ցավալի է, որ գործի համար պատասխանատուներին դա քիչ է անհանգստացնում։

Անգլերեն հնչող մարզական մեկնաբանություններում հաճախակի է լսվում «Dream Team» արտահայտությունը, ինչը մեզ համար հեշտ ընկալելի է․ «Դրիմ թիմը» «Երազանքի թիմն» է։ Այսպես են անվանում հիմնականում ազգային հավաքականներին, որոնք հանդես են գալիս գերազանցապես միջազգային ասպարեզներում։ Այսօր մեր երազանքները հազվադեպ են իրականանում, ցույց տրվող արդյունքները չեն գոհացնում։ Սրա համար մեղադրել լոկ մարզիչներին՝ այնքան էլ ճիշտ չէ, թեեւ պարապմունքների համար ստեղծված են նորմալ պայմաններ։ Միակ բանը, որ, թվում է, չի կարող բավարարել, մարզումների հին ու մակերեսային բնույթն է, անփոփոխ մեթոդները։ Այս առումով ակամա հիշեցի փորձառու, անվանի մասնագետներից բազմիցս լսած ուսանելի դիտողությունը՝ «Վատ մարզիչը սովորաբար վարպետության հնարք-հմտություններն է ուսուցանում, իսկ լավը դրա հետ մեկտեղ սովորեցնում է գտնել երբ եւ ինչպես այդ ամենը օգտագործելու միջոցները»:

Խիստ մտահոգիչ է նաեւ այն, որ փոխարինողների սերունդն անչափ նվազ է ներկա լինում շատ թե քիչ պատկառելի մրցումներին, ինչը նույնպես ուսուցողական դերակատարություն ունի։ Բավական է ասել միայն, որ, ի տարբերություն մեր բոլոր հարեւան երկրների, Հայաստանում վերջին անգամ միջազգային մրցումներ (չհաշված ֆուտբոլային խաղերը) անցկացվել են յոթ տարի առաջ։ Դեռ ավելին, մենք չունենք ժամանակակից պահանջները բավարարող պարկեշտ տեսքի գոնե մեկ մրցասպարեզ։ Ժամանակին մեր հպարտությունը դարձած «Հրազդան» ստադիոնը, բավական է ասել, շարք է մտնել ուղիղ կես դար առաջ, եւ զարմանալի չէ, որ այսօր «գործազուրկ» է։ Գրեթե նույնը կարելի է ասել նաեւ մոտ 40 տարի առաջ անփոփոխ կերպով գործող մարզահամերգային համալիրի մասին։ 

Ինչ վերաբերում է կանանց սպորտին, ապա այն ներկայումս տեղում վազք էլ չի հիշեցնում, վիճակը պարզապես տագնապալի է, բժիշկները կասեին՝ դեգրադացիոն է։ Եվ դա գալիս է ասելու, որ մենք հարմարվել ենք զուտ պատրանքներով ապրելու սովորությանը։ Մինչդեռ սուղ ժամանակը պետք է բոլորիս ստիպի մոբիլիզացվել, գործել անպայման տեսանելի, կոնկրետ ու լուսավոր ապագան կյանքի կոչելու հստակ կանոնակարգով։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի կազմավորել հիրավի երազանքների հավաքական թիմեր՝ ունակ նվաճելու վարպետության բարձունքները, ըստ արժանվույն պահելու մեր մարզական պատիվը։

Տեղում վազքը չի կարող ցանկալի լուծում տալ հետամնացության պատճառ դարձած խորքային խնդիրներին։ Արգելքները հաղթահարելու համար հիշենք Նապոլեոնի ուսանելի դիտողությունը․ «Կանգառ կարելի է անել միայն վերելքի, բայց ոչ երբեք վայրէջքի ժամանակ»։

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ