Հայաստանում առկա է պատվիրված քաղաքական ճգնաժամ 

Հայաստանում առկա է պատվիրված քաղաքական ճգնաժամ 

Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Առնոս Հովհաննիսյանն իր հոդվածում օրերս գրել էր, որ բոլոր տեսակի ճգնաժամերը դեզինֆորմացիայի արդյունք են: Մենք նրան մի հարց տվեցինք՝ կարծում եք, որ Հայաստանում այսօր առկա է տնտեսական և քաղաքական ճգնաժա՞մ: 

- Հասարակական երեւույթները և քաղաքական զարգացումներն ունեն իրենց առաջացման պատճառները, ընթացքն ու ավարտը: Քաղաքական ճգնաժամը հասարակության մի ներքին իրավիճակ է, որից իշխանությունները ձգտում են դուրս գալ: Իսկ եթե այդ ներքին իրավիճակն իշխանության կողմից է պարտադրված, ապա դա ճգնաժամ չի կարելի համարել: Այս դեպքում կարեվորն այն է, թե գործող իշխանությունը և նրա դեմն ելած ընդդիմությունը ինչ մարդկային ցիվիլիզացիայի են ձգտում հասնել: Հետեւելով Հայաստանում իշխանության վարած ներքին քաղաքականությանը, գալիս ես այն համոզման, որ Հայաստանում չկա քաղաքական ճգնաժամ: Նման համոզման գալիս ես այն բանից ելնելով, որ ՀՀ կառավարությունը չի ընդունում ոչ մի քննադատություն և առաջարկ: Ըստ ՀՀ գործող իշխանության, Հայաստանում իշխում է ժողովրդի ճնշող մեծամասնության վստահությունը վայելող և ժողովրդավարություն դավանող կուսակցություն, իսկ մնացած կուսակցություններն՝ աղբանոցի ապրանք են:

Այս պարագայում կարելի է խոսել ամեն ինչի մասին, բացի քաղաքական ճգնաժամից: Նման իրավիճակները բերում են մեկ անձի իշխանության և հարցը լուծվում է իշխանությունից այդ անձի մեկուսացումով: Հայաստանում այդպես եղել է և այդպես շարունակվելու է: Նախագահական համակարգերում նման հարցը լուծվում է Նախագահի հրաժարականով: Եթե Հայաստանի Հանրապետությունում ունենայինք ազգային էլիտա, անկախ համակարգից մեր ներքին հարցերը կլուծվեին շատ հանգիստ ձևով: Որպես օրինակ մեր աչքի առաջ է Վրաստանը և ինչու չէ, նաև Ղարաբաղը:

Ինչ վերաբերում է տնտեսական ճգնաժամին, ապա Հայաստանում այն բացառվում է, քանի որ տնտեսապես հետամնաց երկրներում նման ճգնաժամ չի կարող առաջանալ: Հայաստանը կրթության, գիտության և տեխնիկայի բնագավառներում կես դարից ավել հետ է մնացել ցիվիլիզացված աշխարհից: Հայաստանը չունի ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած արդյունաբերություն և գյուղատնտեսություն: Միակ ավելցուկը, որ կա Հայաստանում, դա մարդկանց ստեղծագործ միտքն է և ֆիզիկական կարողությունները: Եթե այդ ավելցուկը որակենք որպես ճգնաժամ, ապա այն մեր աչքի առջև վերանում է արտագաղթի ճանապարհով և դա անդառնալի կորուստ է մեր պետության համար: Սա անշուշտ, մեզ թշնամի, հարեւան պետության երազանքն է և ինչպես տեսնում ենք այդ երազանքն իրականացվում է: