Էդվարդ Հովհաննիսյանը՝ պաշտոնից ազատվելու, Քոչարյանի դստեր եւ Սիրվարդ Գևորգյանի մտերմության մասին
Տարեսկզբին կառավարության որոշմամբ Էդուարդ Հովհաննիսյանն ազատվել էր Արմավիրի մարզպետի պաշտոնից։
Հովհաննիսյանը մինչ այդ՝ 2020-2021 թվականներին, եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ 2021 թվականին էր նշանակվել Արմավիրի մարզպետ։
«Հրապարակ»-ը կապ հաստատեց նախկին պաշտոնյայի հետ՝ ճշտելու, թե այժմ որտե՞ղ է աշխատում, ինչո՞վ է զբաղվում։
«Մասնավոր սեկտորում եմ աշխատում, նաեւ մասնագիտական մասնավոր աշխատանքով եմ զբաղվում․․․եկամտաբերության առումով նախընտրելի է, եւ հեռանկարը՝ ավելի շատ, ունի իր բացասական եւ դրական կողմերը»,-նշեց նա։
Խոսելով վերջին պաշտոնից ազատվելու պատճառների մասին՝ նշեց, որ դա քաղաքական որոշում է եղել․ «Երևի ինչ-որ բան եղել է էլի, եկեք այդ հարցերը չմեկնաբանենք»։
Անդրադառնալով մեկ այլ թեմայի վերաբերյալ մեր այն հարցին, թե արդյոք տեղյա՞կ է, որ իր նախկին համակուրսեցին, արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանը սոցիալական ցանցերում գրառումներ է անում, փորձում համոզել, որ ինքը մտերիմ չի եղել Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ, Հովհաննիսյանն ասաց, որ սոցիալական ցանցերում հաշիվներ չունի, ոչ էլ «ֆեյք» էջեր, իսկ ինչ վերաբերում է ուսանողական տարիներին նրանց մտերմությանը, նշեց․ «Մեր կուրսը այնքան մեծ էր, որ այնտեղից շատ քիչ բան եմ հիշում, չեմ հիշում։ Ես իմ կուրսի ընկերներին եմ լավ հիշում, որոնք մինչև հիմա իմ ընկերներն են, Սիրվարդին ճանաչում եմ, շատ լավ սովորող աղջիկ էր․․․մենք եղել ենք համակուրսեցիներ, շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, ինչպես գրեթե բոլորի հետ»։
Կարծիքներ