38՝ դեմ, 4՝ կողմ․ քաղաքացիները քվեարկում են «տուգանելու» նախագիծը

38՝ դեմ, 4՝ կողմ․ քաղաքացիները քվեարկում են «տուգանելու» նախագիծը

Նախօրեին Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը սպառնաց, թե հանրային տրանսպորտի թանկացումը բոյկոտողների դեմ տուգանք սահմանելու նախագիծը կուղարկեն խորհրդարան, այն ներկայացված է հանրային քննարկման՝ օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը կլրանա հաջորդ երկուշաբթի։ Երեկվա դրությամբ հանրային քննարկման դրված նախագծին կողմ է քվեարկել 4 հոգի, դեմ 38, տոկոսային՝ 10/90 հարաբերակցությամբ։ Իսկ նախագծով սահմանվում է՝ Երեւանում տրանսպորտի ծառայություններից առանց վճարելու երթեւեկող ուղեւորները կտուգանվեն 15 հազար դրամ, արտոնություն ունեցող անձի փոխարեն այլ անձի երթեւեկելու դեպքում` 18 հազար դրամ։

Ըստ նախագծի՝ ուղեւորները պարտավոր են տրանսպորտ բարձրանալուց անմիջապես հետո` ոչ ուշ, քան 1 րոպեի ընթացքում, վճարել եւ մինչեւ ուղեւորության ավարտը կրիչը պահպանել իրենց մոտ: Հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում պետք է տրամադրեն կրիչը, իսկ հսկելու են «համայնքի ղեկավարի կողմից լիազորված համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները»:

Նրանց տված հրահանգները պարտադիր են լինելու ուղեւորների եւ վարորդի համար։ Հսկողության իրականացման համար կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ՝ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու, նույնականացնելու համար: