«Հրապարակ». Հարցվածների 95 տոկոսը դեմ է անկլավները զիջելուն` անգամ խաղաղության դիմաց

«Հրապարակ». Հարցվածների 95 տոկոսը դեմ է անկլավները զիջելուն` անգամ խաղաղության դիմաց

«Հրապարակի» զրուցակիցն «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանն է:

- «Արար» հիմնադրամը տարբեր թեմաներով սոցիոլոգիական հարցումներ է անցկացնում: Ի՞նչ սկզբունքով եք ընտրում թեմաները:

- «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը տարբեր ոլորտների վերաբերյալ հետազոտություններ է իրականացնում: Հիմնադրամն ի սկզբանե ոլորտների հետազոտություն է իրականացնում, դուրս են բերվում հիմնախնդիրները, հետո փորձ է արվում լուծումներ առաջարկել, դրանք նախագծեր են դառնում եւ այլն: Վերջին մեկուկես տարվա ընթացքում ակտիվ իրականացվում են հանրային կարծիքի հետազոտություններ՝ հաշվի առնելով, որ մեր հասարակության մեջ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հենց ընկալումների մակարդակում են: Հետազոտությունների պարբերականությունը` եռամսյակը մեկ, մի շարք հարցերի մասին հանրային կարծիքը հասկանալու համար, դրանք են` անվտանգության հիմնախնդիրներ, տնտեսական, արտաքին, ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Իրականացվում են նաեւ ոչ սոցիոլոգիական բնույթի հետազոտություններ, այդ թվում` անվտանգային, ռազմավարական, տարածաշրջանի քաղաքագիտական վերլուծություններ եւ այլն:

- Վերջին հետազոտություններն ինչի՞ մասին են եղել: Հիմա հանրությանն առավել շատ սոցիալական հարցերն են հետաքրքրում:

- Եթե խոսենք հունվար ամսվա խնդիրների մասին, ապա կարող ենք փաստել, որ տրանսպորտի հիմնախնդրի շուրջ խոսակցությունները չեն դադարում: Վերջերս խոսակցություններ եղան անգամ, որ մարզային տրանսպորտի միջոցները չպետք է գան Երեւանի կենտրոն: Ստացվում է, որ Երեւանին հարակից մարզերի երթուղիները նույնպես այս տեսանկյունից խնդրի առաջ են կանգնում: Այս առումով հանրության շրջանում կա դժգոհություն: Ինչ վերաբերում է նախորդ փոփոխություններին` կարմիր գծերի սակագնին, ապա երեւանցիների 80 տոկոսը կարծում է, որ խցանումների ծավալը մայրաքաղաքում ավելացել է, իսկ կարմիր գծերը ոչնչով չեն նպաստել խցանումների նվազմանը, դեռ մի բան էլ դրանք ավելացել են: Տրանսպորտի նոր գաղափարն առաջին հայացքից նորարարական լուծումներ առաջարկող տարբերակ է, սակայն առկա խնդիրները, վճարման ձեւը, գնի բարձրացումը խնդիր են դարձել: Հասարակության զգալի մասի մոտ միայն վճարման համակարգի փոփոխությունը լուրջ դժգոհության առիթ է դարձել: Կան տարեց մարդիկ, ովքեր չեն տիրապետում ժամանակակից սարքավորումներին: Հասարակության շուրջ 26 տոկոսը դժգոհ է Երեւանում ավտոճանապարհների վիճակից: Երեւանում հաճախ ձյան ու առատ անձրեւների հետեւանքով մեծ դժվարություններ են առաջանում, ինչը նշանակում է, որ այս խնդիրները շարունակում են մնալ ակտուալ:

- Իսկ քանի՞ տոկոսն է դժգոհ տրանսպորտային համակարգի փոփոխություններից:

- Երեւանցիների 84 տոկոսը բացասական է վերաբերվում տրանսպորտի սակագնի փոփոխությանը:

- Իշխանությունները նոր սահմանազատման մասին են խոսում, այսինքն` նոր միակողմանի զիջումների գնալու: Նախորդ տարի Կիրանցից տարածքներ հանձնվեցին Ադրբեջանին, Արցախը հայաթափվեց: Հասարակությունն ի՞նչ կարծիք ունի այս պրոցեսների մասին:

- Ինչ վերաբերում է զիջումներին, առհասարակ, նմանատիպ հարցեր տարբեր հարցումների ժամանակ կիրառվել են, հանրային կարծիքի հետազոտման 90 տոկոսը եւ ավելին սկզբունքորեն անընդունելի են համարում զիջումների գնալը: Քաղաքացիների 95 տոկոսն անկլավների զիջումները սկզբունքորեն անընդունելի է համարում` նույնիսկ խաղաղության պայմանագիր կքնելու դիմաց: Այսինքն` մարդիկ անգամ խաղաղության դիմաց ընդունելի չեն համարում զիջումների գնալը: Սյունիքի միջանցքի զիջումն էլ քաղաքացիների 93 տոկոսը համարում է անընդունելի: Հայաստանի գերբի վրայից Արարատ լեռը հեռացնելու մասին էին մի ժամանակ քննարկում, քաղաքացիների 93 տոկոսն այս հարցը եւս համարում է անընդունելի: Մարդկանց 95 տոկոսը զիջումների գնալը համարում է անընդունելի, սակայն երբ նման պրոցեսներ են տեղի ունենում, պարտադիր չէ, որ այդ 95 տոկոսն ընդվզի: Միշտ չէ, որ հանրային կարծիքն արտահայտվում է փողոցում` ընդդիմադիր շարժումների մեջ: Մարդկանց 90 տոկոսից ավելին դեմ է այսօր զիջումներին, բայց թե դրա քանի տոկոսն է արտացոլվում հանրային քննարկումներում եւ փողոցային ակցիաներում, բարդ է ասելը:

- Ըստ ձեր հարցումների, Նիկոլ Փաշինյանին հասարակության քանի՞ տոկոսն է վստահում:

- Երկրի ղեկավարի հետ կապված հարցումների մեթոդաբանությունը տարբեր է: Տարբեր հարցեր կան, որոնք արտահայտում են գործող վարչակարգի վարկանիշը: Կարող է հարց հնչել` որքանո՞վ եք ճիշտ կամ սխալ համարում գործող իշխանությունների վարած քաղաքականությունը, 50 տոկոսից ավելին կարող է պնդել, որ իշխանությունները սխալ քաղաքականություն են վարում, բայց դա չի նշանակում, որ այդ 50 տոկոսը սկզբունքորեն դեմ է Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետ: Օրինակ, կառավարության աշխատանքը կարող է դրական գնահատել հարցվածների 30 տոկոսը, բայց դա չի նշանակում, որ Փաշինյանի աշխատանքը դրական է համարում քաղաքացիների 30 տոկոսը:

- Հայ հասարակությանն ավելի շատ սոցիալակա՞ն հարցերն են հետաքրքրում, թե՞ քաղաքականության, անվտանգության:

- Շատ կարեւոր հարց է սա: Ասեմ, որ Հայաստանում վերջին տասնամյակում, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներում, հիմնականում երեք հարց են համարում կարեւոր` անվտանգություն, բարեկեցության խնդիրներ, անարդարության զգացում, սոցիալական անարդարություն: Այս երեք թեմաներն են հիմնականում մարդկանց անհանգստացնում: Հայաստանում անվտանգության հետ կապված հարցերը միշտ եղել են առաջին տեղում: Բայց երբ ինչ-որ փուլում ռազմական գործողություններ, ագրեսիա չեն լինում, սոցիալական խնդիրները գալիս են առաջին պլան, բայց երբ սահմանին զոհ է լինում, հարձակում, սահմանային խախտում, մարդիկ սկսում են կարեւորել անվտանգությունը: Այնուամենայնիվ, հասարակությանը վերոնշյալ երեք խնդիրներն են անհանգստացնում: Անգամ օրինակ կարող եմ բերել․ ԱՄՆ-ում՝ Pew Research Center միջազգային ամենաակտիվ հետազոտական ընկերությունը հետազոտություն է կատարել, որտեղ մարդիկ ամենաշատը կարեւորում են հարուստների եւ աղքատների միջեւ տարբերությունը: Նույնիսկ ամերիկյան հասարակությունը սա համարում է առաջնային խնդիր: Թվում է, թե ԱՄՆ-ում ամեն մարդ իր կյանքով է ապրում, իր բիզնես պլաններով, սակայն մարդիկ կարծում են, որ հարուստներն ազդեցություն են ունենում քաղաքական որոշումների մեջ: