Ինչ կլինի, եթե Մարուքյանը ՍԴ դիմի հուլիսի կեսերին

Ինչ կլինի, եթե Մարուքյանը ՍԴ դիմի հուլիսի կեսերին

Եթե «Լուսավոր Հայաստանը» դիմի ՍԴ հուլիսի կեսերին, ապա հերթական կազուսային իրավիճակը կառաջանա։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարեց, որ իրենք այս պահին չեն միանա ԲՀԿ-ի ստորագրահավաքին` դիմելու ՍԴ: Պատճառաբանությունը Ռոբերտ Քոչարյանի գործն է, որը, ըստ Մարուքյանի, ՍԴ-ն որոշեց քննել հենց ԱԺ-ի ընդունած օրենքից հետո:

Մարուքյանն այստեղ միտում է տեսնում, և որպեսզի իրենք չմիջամտեն որևէ գործընթացի և չսպասարկեն ոչ նախկինների շահերը, ոչ ներկաների, որոշել են այս պահին` մինչև Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը, չդիմել ՍԴ։ Մարուքյանի խոսքով`  ցանկացած պահի կարող են դիմել ՍԴ, ժամկետի խնդիր չկա: Նրա հավաստմամբ` իրենք քննարկել են այս հարցը ԲՀԿ-ի հետ, և վերջինս, կարծես թե, դեմ չի լինի, եթե հուլիսի կեսերին դիմեն ՍԴ: Բանն այն է, որ հուլիսի կեսերին արդեն ձևավորված կլինի ՍԴ նոր կազմը, և եթե Մարուքյանն այդ ժամանակ դիմի ՍԴ, նշանակում է, որ Մարուքյանի դիմումը քննվելու է ՍԴ-ի նոր նշանակվելիք դատավորների մասնակցությամբ։

Սակայն սա էլ մի կողմ, եթե նոր ձևավորված ՍԴ-ն ինչ-որ մի հրաշքով բավարարի պատգամավորների դիմումը և ԱԺ-ի ընդունած օրենքը, որի համաձայն դադարեցվել է ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, ճանաչվի հակասահմանադրական, ապա հայտնի չէ, թե  ինչ է տեղի ունենալու դրանից հետո, մնալու են նորանշանա՞կ ՍԴ դատավորները, թե՞ պաշտոնանկ արված դատավորները։ Այս հարցով դիմեցինք սահմանադրագետ Գոհար Մելոյանին, ով նշեց, որ նույն այդ իրավիճակն առաջանալու է, երբ ՍԴ գործող դատավորները դիմեն ՄԻԵԴ և հաղթեն Եվրադատարանում:

«Նախ պետք է ընդգծենք, որ այս ամենի հիմքում մի շարք կազուսային իրավիճակների ենք ականատես լինելու, և դա պատճառահետևանքային կապն է հունիսի 22-ին տեղի ունեցած հակաիրավական արարքների, այսինքն՝ ակնհայտորեն ոտնահարվեցին Սահմանադրության ուղղակիորեն ներկայացված պահանջները, ինչպես նաև սահմանադրական օրենքներով ներկայացված ընթացակարգերը։ 2 իրավիճակ կա, որ կազուսային բարդ իրավիճակի է հանգեցնելու․ նախ, միանշանակ չէ, որ «Լուսավոր Հայաստանը» հետագայում կդիմի Սահմանադրական դատարան, կազուսային է արդեն նաև այն իրավիճակը, թե ինչու պետք է ապօրինաբար ընդունված սահմանադրական փոփոխությունների հիման վրա դադարեցվեն ՍԴ-ի կոնկրետ դատավորների լիազորությունները։ Եթե, ամեն դեպքում, որոշեն ուժ կիրառել և կյանքի կոչել այդ հակաիրավական սահմանադրական փոփոխությունները, ապա այս դատավորներն իրավունք ունեն դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ընդ որում` եթե հետագայում այս փոփոխությունները կյանքի կոչվեն, և ՄԻԵԴ-ը պարտավորեցնի վերականգնել ՍԴ դատավորներին, ապա այդ դեպքում կրկին կազուսային իրավիճակ է ստեղծվում․ երկրում ունենալու ենք արդեն ձևավորված Սահմանադրական դատարան, և խնդիր է առաջանալու այդ դատավորների լիազորությունների դադարեցման հարցում»,- ասաց Մելոյանը։

Սահմանադրագետի խոսքով՝ օրենսդրությամբ կարգավորված չէ այս խնդիրը, սակայն ՄԻԵԴ-ի նման որոշումը հիմք է դառնալու նշանակվելիք դատավորների լիազորությունների դադարեցման համար․

«Մեր օրենսդրությունը հստակ չի կարգավորում, դա դատական գործընթացներով պետք է լինի։ Իմ գնահատմամբ՝ ՄԻԵԴ-ի նման որոշումը հիմք է հանդիսանալու պաշտոնավարող դատավորի լիազորությունների դադարեցման և նախկին դատավորների լիազորությունների վերականգնման համար, որովհետև այդ նոր դատավորների լիազորությունների իրավական հիմքն ապօրինի է ճանաչվելու, այսինքն՝ ապօրինի կերպով է դադարեցվել ՍԴ դատավորների պաշտոնավարումը, և ապօրինի կերպով են այդ թափուր հաստիքներն առաջացել»։

Դա ենթադրո՞ւմ է, որ նաև նոր ձևավորվելիք ՍԴ-ի կայացրած որոշումների օրինականության հարց է բարձրացվելու՝ հարցրինք Մելոյանին:

«Այո, ամենավտանգավոր իրավիճակը հենց դա է, որ հետագայում էլ հնարավոր է, որ այդ որոշումները խնդրահարույց դառնան, և վիճարկվեն նոր դատավորների մասնակցությամբ ընդունված ՍԴ որոշումները։ Դա իրավական պետության համար ամենավտանգավորն է, և պատահական չէ, որ իրավական հանրությունն իրավիճակի շուրջ այսչափ մտահոգություն է հայտնում, որովհետև սա շղթայական կապ է, որը մի շարք բացասական հետևանքներ է ունենալու մեր պետության համար»։