«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը վստահության հանրաքվե է ուզում անցկացնել

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը վստահության հանրաքվե է ուզում անցկացնել

Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ներքաղաքական անկայուն իրավիճակը չի կարող երկար շարունակվել: «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում նա փորձել է տրամադրություններ շոշափել եւ քննարկել է վստահության հանրաքվե անցկացնելու հարցը։

Հանրաքվեի է դրվում վարչապետին վստահություն հայտնելու հարցը՝ իբրեւ հասարակական դիմակայության հաղթահարման միջոց։ Սակայն նույնիսկ Փաշինյանի թիմակիցները կասկածներ ունեն, որ հանրաքվեն կարող է տապալվել: Փոխարենն առաջարկել են հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Ի դեպ, այդ հարցում էլ Փաշինյանը վերջնական որոշում չունի՝ ժամկետների առումով, եթե ներքաղաքական լարվածությունը չթուլանա, չի բացառվում, որ մի քանի ամսից՝ գարնանը, կազմակերպի ընտրություններ: Եթե վիճակը հանդարտվի, ապա ընտրությունների կգնան հերթական ժամկետում։