«Անկախ դիտորդը» չի նկատում Փաշինյանի բռնության կոչերը

«Անկախ դիտորդը» չի նկատում Փաշինյանի բռնության կոչերը

«Անկախ դիտորդ» դաշինքը հունիսի 6-ին հանցագործության մասին 2 հաղորդում էր ուղարկել գլխավոր դատախազին` ՀԱԿ-ի ցուցակի 4-րդ համար Հայկ Մաղաքելյանի մասով՝ օտարերկրյա քաղաքացի չլինելու մասին կեղծ հայտարարություն տալու (ՔՕ 325 հոդված) եւ Դեմկուսի ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանի մասով՝ բարեգործության եւ քարոզչության մեկտեղման հետ կապված (ՔՕ 154.2 հոդված): «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառում արեց, իսկ ԿԸՀ-ն նույն օրը եւեթ երկու թեկնածուների գրանցումն էլ անվավեր ճանաչեց:

Լավ է, որ Իոաննիսյանն անտարբեր չէ, ֆիքսում է առերեւույթ հանցագործությունների դեպքերը: Բայց ինչո՞ւ այդ նույն ուշադրությամբ չի հետեւում Նիկոլ Փաշինյանի գործողություններին: Օրինակ, նա չի՞ լսել վարչապետի պաշտոնակատարի կողմից գրեթե ամենօրյա ռեժիմով իրականացվող բռնության քարոզը՝ ընդդիմախոսների ատամները փշրելու, ջարդ անելու ակնհայտ սպառնալիք պարունակող նրա արտահայտությունները:

Ինչո՞ւ պարոն Իոաննիսյանն այս փաստերով չի դիմում դատախազություն: Չէ՞ որ բռնության քարոզի վերաբերյալ եւս Քրեական օրենսգրքում հոդված կա՝ ՔՕ 226.2: 
«Հրապարակի» հարցին պատասխանելով՝ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը նշեց. «Բռնության քարոզն այս հոդվածի տակ չի մտնում: Նույնքան չի մտնում, որքան Սերժ Սարգսյանի «մորթելու» խոստումը»:  

Թույլ կտանք մեզ չհամաձայնել պարոն Իոաննիսյանի հետ: 

ՔՕ 226.2. հոդվածում՝ «Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը», որը փոփոխվել է 2020 թվականի ապրիլին, ասված է. «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական, կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-ին, 301-րդ, 385-րդ, 397.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները, պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»: 
Փաշինյանի կոչերը ոչ այլ ինչ են, քան «քաղաքական հայացքներով պայմանավորված» բռնության կոչեր, ուստի տեղավորվում են սույն հոդվածի շրջանակներում: Ի դեպ, հոդվածը փոփոխվել է իմքայլականների օրոք եւ նախարար Ռուստամ Բադասյանի նախաձեռնությամբ, երբ դրանով ուզում էին «դատել» ընդդիմադիր Նարեկ Մալյանին: