Ներքին գործերի նախարարը պետք է լինի կոնկրետ քաղաքականություն մշակող, այլ ոչ թե ոստիկան

Ներքին գործերի նախարարը պետք է լինի կոնկրետ քաղաքականություն մշակող, այլ ոչ թե ոստիկան

Նախորդ շաբաթ ներքին գործերի նախարարի պաշտոնում Վահե Ղազարյանի նշանակումը ցնցել է մի շարք հասարակական կազմակերպությունների, եւ նրանք հարցազրույցներ են տալիս, հայտարարություններ տարածում՝ նշելով, որ սա ամենավատ նշանակումն էր, որ կարող էր տեղի ունենալ: Օրինակ, Ժաննա Ալեքսանյանն իր վերջին հարցազրույցում Վահե Ղազարյանին համեմատել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարար նշանակելու փաստն այնքան է բորբոքել քաղհասարակության այս հատվածին, որ անգամ 3 հասարակական կազմակերպություն դադարեցրել է աշխատանքը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում։ Դրանք են` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» եւ «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպությունները: Մենք այս մասին զրուցեցինք «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի հետ: Նա մեզ ասաց, որ թեպետ ինքն է ՀԿ նախագահը, սակայն ոստիկանության բարեփոխումների հետ որեւէ կապ չունի եւ անգամ տեղյակ չէ, թե ինչպես է իր կազմակերպությունը համագործակցությունը դադարեցրել խորհրդի հետ:

Նա նշեց, որ այդ հարցերով ներկայացուցիչը ՀԿ համահիմնադիրներից մեկն է՝ Սերգեյ Ղահրամանյանը: «Մենք ոչ մեկին ոչինչ չենք ուղղորդում, ոչինչ չենք պարտադրում, Սերգեյ Ղահրամանյանն է մեր կողմից ներկայացված եղել, եւ հենց նա է այդ հարցերով զբաղվել: Ես այդ մասին ոչ մի դիրքորոշում, անկեղծ ասած, չունեմ․․․ եթե դիրքորոշում ունենամ կամ ինչ-որ բաներ ասեմ, մեկ է՝ այն ոչ մեկը հաշվի չի առնելու եւ հարցին լուծում չի տալու: Ինձ համար մեկ է` մենք կլինե՞նք այդ բարեփոխումների կազմում, թե՞ չենք լինի, մեկ է՝ հարցերը լուծվելու են այնպես, ինչպես իրենք են ցանկանում»,- ասաց «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպության նախագահը:

Մենք զրուցեցինք նաեւ «Վարորդի ընկեր» կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի հետ:

- Ինչո՞ւ որոշեցիք դադարեցնել ձեր աշխատանքը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում: Դա Վահե Ղազարյանի նշանակումո՞վ էր պայմանավորված:

- Որպեսզի այլ տպավորություն չստեղծվի, կարող եմ ընթերցել մեր հրապարակումը, որն արել ենք: Բուն պատճառներն այնտեղ արտացոլված են:

- Եկեք բացենք փակագծերը: Կոնկրետ Վահե Ղազարյանի անձո՞վ է պայմանավորված:

- Ոչ թե կոնկրետ Վահե Ղազարյանի անձն է խնդիրը, այլ այն, որ ՆԳ նախարարը ոստիկանական համակարգից է նշանակվել: Մենք կարող ենք անձերին մի կողմ թողնել, դա չէ առաջնային խնդիրը, սակայն քննարկումները մշտապես եղել են այն ֆոնի վրա, որ ներքին գործերի նախարար պետք է քաղաքացիական անձ նշանակվի, այլ ոչ թե ոստիկան: Նախարարը պետք է լիներ ոստիկանության համակարգից անկախ անձ: Նախարարության պատասխանատուն պետք է քաղաքականություն մշակող լինի, այլ ոչ թե ոստիկան:

- Այսինքն` նախարարի պաշտոնում ցանկանում եք տեսնել մի մարդու, որը կապ չի ունենա ոստիկանության հետ:

- Այո, կարող ենք այդպես մեկնաբանել: Գոնե այնպիսի մեկը, ով երկար ժամանակ չի աշխատել ոստիկանությունում:

- Վահե Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի ընկերն է, դրա համա՞ր չի կարող քաղաքականություն մշակել:

- Ընկերն է, թե ընկերը չէ, մեզ համար ոչ մի նշանակություն չունի: Փորձը ցույց է տվել, որ ռազմական ոլորտի մարդը մնում է ռազմական ոլորտի մարդ, ոստիկանը մնում է ոստիկան, քաղաքական գործիչն էլ՝ քաղաքական գործիչ: Նախարար նշանակելուց առաջ անգամ քննարկում չի եղել: Խնդիրներից մեկն էլ հենց դա է: Անակնկալ կերպով եղավ այս նշանակումը: Ինձ համար սպասելի նշանակում չէր: Արփինե Սարգսյանը, որը տեղափոխվեց ներքին գործերի նախարարություն` որպես փոխնախարար, կարող էր հենց նախարար նշանակվել, որովհետեւ նա ռեֆորմներ համակարգել կարող է, Վահե Ղազարյանը` ոչ:

- Իսկ Արփինե Սարգսյանից բացի կա՞ն այլ ցանկալի թեկնածուներ:

- Ոստիկանությունում շատ թերություններ կան, ու եղել են չնչին փոփոխություններ: Արփինե Սարգսյանը կարող էր լինել ՆԳ նախարար: Նա իրավական դաշտին ամբողջությամբ տիրապետում է, տարբերակ եմ ասում, այնպես չէ, որ նախապատվությունն իրեն եմ տալիս:

- Ասում են՝ ձեր թեկնածուն Դանիել Իոաննիսյանն էր:

- Դժվար թե Դանիել Իոաննիսյանը համաձայներ: Թեկնածուների կոնկրետ անուններ չենք քննարկել, սակայն ֆոնն այն է եղել, որ նախարար պետք է նշանակվի քաղաքական մարդ, ով կկարողանա լիարժեք տիրապետել թե՛ իրավական կողմին, թե՛ քաղաքականապես կայացած կլինի եւ որոշակի գիտելիքներ կունենա ռազմական գործից: Ի վերջո` ՆԳՆ-ն ուժային կառույց է: Ոստիկանությունն ունի բազմաթիվ թերություններ, իսկ ՆԳ նախարար է նշանակվել հենց այդ թերությունների հասցեատերը:

- Ձեր գործընկերները նշում են, որ Ղազարյանի ընտրությունը վատագույն ընտրությունն էր:

- Իմ դիտարկումներով՝ սա ճիշտ նշանակում չէր:

ՀԳ․ Հիշեցնենք, որ 2020 թ․ օգոստոսին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են ՀՀ վարչապետը (համակարգող խորհրդի նախագահ), ՀՀ փոխվարչապետը (ռազմավարությունների ոլորտը համակարգող) (համակարգող խորհրդի նախագահի տեղակալ), ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արդարադատության, արտակարգ իրավիճակների, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության, պաշտպանության նախարարները, ԱԽ քարտուղարը, ԱԱԾ տնօրենը, ոստիկանության պետը, գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը, Քննչական կոմիտեի նախագահը, ՄԻՊ-ը, ԱԺ պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահը։