Նոր կապիտուլացիոն ա՞կտ

Նոր կապիտուլացիոն ա՞կտ

Կառավարության դեկտեմբերի 24-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  անդրադարձել է Սյունիքի մարզի մի քանի բնակավայրերի խնդրին և հայտարարել․ «Այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Խոսքը վերաբերում է Որոտան բնակավայրին ու Շուռնուխին: Այնտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»:

Մենք արդեն դառը փորձ ունենք վարչապետական «ցավոտ լուծումներ» արտահայտությունից, նաև  դառը փորձառություն ունենք, որ «մեր» վարչապետն այնքան էլ լավ չի տիրապետում հայոց լեզվի հոմանիշային հարստությանը, և նրա բառապաշարում ստեպ-ստեպ հայտնվող «ցավոտ» բառն  ուղղակի նշանակում է «կործանարար»։ Ուրեմն՝ այդ մարդու «ցավոտ իրավիճակներ» արտահայտությունից պիտի ենթադրել, որ խոսքը տեղային բնույթ ստացած կապիտուլացիոն փոքրիկ ակտերի մասին է, որին վարչապետական ստորագրող ձեռքն արդեն սովորել է։ Ու դա զարմանալի չէ․ նոյեմբերի 9-ը լիարժեքորեն մարսած վարչապետը (ապացույց՝ դեռ իր ծանրությունը պահող վարչապետական աթոռը) այլևս որևէ բարոյական խոչընդոտ, որևէ հոգեբանական արգելք չունի նոր՝ մանր կապիտուլացիոն ակտեր ստորագրելու։ 
Այսօրվա նիստում հայտարարվածը հենց դրա վկայությունն է։ 

Ուշագրավ է նաև, որ «ցավոտ իրավիճակները» փոխանակ համապատասխան ատյաններում քննարկելու և լուծումներ գտնելու (ԱԽ ևն), դրանց մասին հենց այնպես՝ հընթացս նախ հայտարարվում է, որպեսզի հետո այդ իրավիճակի պարտվողական լուծումներն էլ թվան սովորական։ 

Եվ այս հայտարարության ֆոնին ուղղակի զավեշտալի է, որ հարուցված քրեական գործով միևույն օրը մեղադրյալի կարգավիճակ է որոշվում մեկի համար, ով, եզակիներից լինելով, զենքը ձեռքին ԴԵՌ  պայքարում է, որ մեր երկրի համար «ցավոտ իրավիճակներ» չլինեն։ Նկատի ունեմ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին և նրա քրեական գործը։
Եվ քանի որ ժամանակի (միևնույն օրվա)  մեջ այս երկու գործընթացները Նիկոլի իշխանության սովորական «տրամաբանությամբ» միահյուսվում են, ուրեմն կարելի է չկասկածել՝ մենք էլի մի կապիտուլացիոն ակտ ստորագրելու շեմին ենք։