«Փաստ». «Թավշյա հեղափոխության» այցեքարտն արդեն ժամկետանց է

«Փաստ». «Թավշյա հեղափոխության» այցեքարտն արդեն ժամկետանց է

«Փաստ» թերթը գրում է․ «Դավոսում հունվարի 21-ին մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որի աշխատանքները տեւելու են մինչեւ հունվարի 24-ը։ 

Այս ֆորումը հոբելյանական է. այն արդեն անցկացվում է 50-րդ անգամ։ Սովորաբար Դավոս է այցելում ավելի քան 3 000 քաղաքական, գործարար, գիտական եւ մեդիա առաջնորդ աշխարհի ավելի քան 110 երկրից՝ գլոբալ օրակարգի առավել արդիական հարցերի քննարկման նպատակով։ 


Համաշխարհային տնտեսական ֆորումը հայտարարում է «աշխարհը բարելավելու» գործընթացի նպատակներին իր հավատարմության մասին: 

Բացի գլոբալ օրակարգից, կլիմայական փոփոխությունների, տեխնոլոգիաների, առողջապահության եւ այլ ոլորտների ու խնդիրների շուրջ զեկույցներից ու քննարկումներից, դավոսյան հարթակը տարբեր երկրների կողմից օգտագործվում է պետությունների ղեկավարների միջեւ հանդիպումների, պայմանավորվածությունների ձեռք բերման, գործարար շրջանակների հետ շփումների եւ ներդրումների ներգրավման կարեւորագույն հարթակ։ 

Անցած տարի հունվարին Հայաստանի կառավարությունն ամենաբարձր մակարդակով մասնակցում էր Դավոսի տնտեսական համաժողովին։ 

Եվ Փաշինյանի հիմնական այցեքարտը իրենց կողմից կատարված «թավշյա հեղափոխությունն» էր, որի շուրջ ՀՀ վարչապետը ելույթներ էր ունենում, հարցազրույցներ տալիս, ներկայացնում իրենց փորձառությունը, թե ինչպես են կարողացել սոցցանցերի կիրառման միջոցով հաջողությունների հասնել, ներկայացնում Հայաստանի ապագայի տեսլականը եւ այլն։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը, որը հատուկ շեշտադրում էր իշխանափոխությունից հետո Հայաստանի ներդրումային գրավչությունը, ֆորումի շրջանակում հանդիպումներ ունեցավ Լեհաստանի վարչապետի, Սինգապուրի փոխվարչապետի, ինչպես նաեւ մի շարք միջազգային խոշոր կառույցների ղեկավարների՝ ՎՏԲ Բանկի, ՎԶԵԲ-ի, ԱԶԲ-ի, «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի, JICA-ի նախագահների, eBay ընկերության փոխնախագահի եւ Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի անդամի հետ։ 

Եվ այսպիսի հանդիպումների լուսաբանումից հետո տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանը ներդրումներ ներգրավելու խնդիր չպետք է ունենա, սակայն արդեն մեկ տարի անցել է, բայց Հայաստանում այդպես էլ տեսանելի ներդրումային ակտիվություն չենք տեսնում։ 

Ավելին՝ իշխանափոխությունից հետո ներդրողների համար բարենպաստ միջավայր չի ձեւավորվում։ Կառավարության կողմից առաջ քաշված անտրամաբանական որոշումները, մեծաթիվ քրեական գործերի հարուցումը, որոնց մեծամասնությունը, ինչպես հետագայում պարզվում է, անհիմն էին, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունը, որով ցանկացած պահի կարող է ոտնահարվել բանկային գաղտնիքը եւ այլ նախաձեռնությունները խոչընդոտում են ներդրումային միջավայրի ձեւավորմանը՝ չհաշված, որ գրեթե ցանկացած բողոքի ակցիա ուղեկցվում է ճանապարհների փակմամբ։ 

Դրան զուգահեռ՝ իշխանությունները, փոխանակ զարգացման օրակարգ ձեւավորեն, խրված են ներքաղաքական ճղճիմ խնդիրների մեջ, զբաղված են առկա ձախողումների համար ընդդիմադիրներին մեղադրելով։ Եվ եթե այս ամենը հաշվի ենք առնում, ապա պարզ է դառնում, թե ինչու վարչապետ Փաշինյանը այս տարի նպատակ չի ունեցել մասնակցել Դավոսի համաժողովին։ 

Թերեւս այն սպասված արդյունքը չէր ունենալու, քանի որ վարչապետը չի ձեւավորել համապատասխան օրակարգ, թե ինչ հանդիպումներ եւ ռեալ պայմանավորվածություններ պետք է ունենա համաժողովի ընթացքում, որպեսզի իր այցը չվերածվեր հերթական արտասահմանյան «վոյաժի»։ 

Իսկ «թավշյա հեղափոխության» այցեքարտն արդեն ժամկետանց է, գործնական քայլեր են պետք։ 

Այնինչ, համաժողովի հարթակը լայն հնարավորություն էր ընձեռում բարձր մակարդակով հանդիպումներ ունենալ տարբեր երկրների ղեկավար շրջանակների հետ, որոնց Փաշինյանին իր պաշտոնավարման ընթացքում չէր հաջողվել հանդիպել։ 

Օրինակ՝ համաժողովը լավ առիթ էր ԱՄՆ նախագահի կամ փոխնախագահի հետ հանդիպում ունենալու համար, որոնց հետ ՀՀ վարչապետին այդպես էլ բախտ չվիճակվեց հանդիպել անգամ ԱՄՆ կատարած այցի ընթացքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում